4 տարեկան երեխան գլխի լուրջ վնասվածք է ստացել, նրա վրա պատուհանից շիշ են նետել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում 4 տարեկան երեխան լուրջ վնասվածք է տացել։ Ինչ–որ մեկը պատուհանից փաթեթ է նետել, որն անմիջապես դիպել է փողոցով քայլող փոքրիկին։
Փաթեթում եղել է շիշ, որը վնասել է երեխայի գլուխը։ Միջադեպի մասին պատմել է Կրասնոգորսկի քաղաքապետ Էլմիրա Խայմուրզինան Instagram–ի իր էջում, գրում է life.ru–ն։
Միջադեպի պահը ֆիքսվել է տեսախցիկների կողմից։ Կադրերում երևում է ինչպես է աղջիկը հարվածի հետևանքով ընկնում գետնին։
«Տուժած փոքրիկը վիրահատվում է։ Անհանգիստ ենք և աղոթում ենք ծնողների հետ միասին երեխայի առողջության համար», – գրել է Խայմուրզինան։
Նշվում է, որ հնարավոր է եղել պարզել, թե որ հարկից են նետել փաթեթը։
Քաղաքապետի խոսքով, այնտեղ բնակվում է մայրն ու նրա 7–ամյա տղան։
Նախնական տեղեկատվության համաձայն, տղայի մոտ են եկել ընկերները, ու նրանցից մեկը փաթեթը գցել է պատուհանից։
Ոստիկանությունը պարզում է միջադեպի բոլոր հանգամանքներն ու իրականացնում է համալիր օպերատիվ–հետախուզական միջոցառումներ։–0–

