3 համադասարանցիները ծեծի են ենթարկել 13-ամյա պատանու. նա տեղափոխվել է հիվանդանոց

12.02.2026, 18:46
Դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները
3 համադասարանցիները ծեծի են ենթարկել 13-ամյա պատանու. նա տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին:

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը:

Նշվում է, որ ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։

Համադասարանցուն ծեծի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով։ Կատարվում է նախաքննություն», - նշված է հաղորդագրության մեջ: