Քրվարույթ է նախաձեռնվել Քննչական կոմիտեից խոշոր չափի գումար հափշտակելու դեպքով․ ԶԼՄ–ները հայտնում են, որ խոսքը 590 հազ․ դոլարի մասին է

23.05.2025, 08:56
Քննչական կոմիտեից առանձնապես խոշոր չափի գումար են հափշտակել
Քրվարույթ է նախաձեռնվել Քննչական կոմիտեից խոշոր չափի գումար հափշտակելու դեպքով․ ԶԼՄ–ները հայտնում են, որ խոսքը 590 հազ․ դոլարի մասին է

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քննչական կոմիտեից առանձնապես խոշոր չափի գումար են հափշտակել, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ 

ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի (Պաշտոնեական անփութությունը) և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով (Գողությունը) ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։ 

«Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։

Նախաքննությունը շարունակվում է», – նշվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ «Փաստինֆո»–ն, հղում անելով իրավապահներին, հայտնել էր, որ մայիսի 22–ի գիշերն աննախադեպ գողություն է արձանագրվել ՔԿ-ում։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է Դեղատան փողոցում,  հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։ Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ «Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։