Գագիկ Բեգլարյանի թիկնապահներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց ծանր մարմնական վնաս պատճառելու համար

24.05.2016, 18:20
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի երկու թիկնապահներին մեղադրանք է առաջադրվել հինգ անձանց դաժանաբար ծեծի ենթարկելու համար:
Գագիկ Բեգլարյանի թիկնապահներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց ծանր մարմնական վնաս պատճառելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի երկու թիկնապահներին մեղադրանք է առաջադրվել հինգ անձանց դաժանաբար ծեծի ենթարկելու համար, հայտնում է pastinfo.am–ը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար։ Ստացվել է տուժողներից մեկի՝ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝  նրան պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած 6 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 4 անձի ՝ Ա.Կարախանյանին, Ս.Վարդանյանին, Վ.Սարգսյանին եւ Հ.Շմոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով  մայիսի 21-ին ձերբակալվել է Վ.Մկրտչյանը:

Որոշում է կայացվել ևս մեկ անձի՝ Ա.Կարախանյանին, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:–0–