Մանչեստրում տղամարդը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ և դանակով հարձակվել մարդկանց վրա
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Մանչեստրում տղամարդը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ և դանակով հարձակվել մարդկանց վրա։ Փոխանցում է BILD-ը։
Այսօր առավոտյան Մանչեստրի Հիթոն Պարկի սինագոգի մոտ մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Վարորդը դուրս է ցատկել մեքենայից և դանակահարել անցորդներից մեկին։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել ժամը 9:30-ի սահմաններում։
Ականատեսները հայտնել են, որ տղամարդը փորձել է մտնել սինագոգ, բայց նրան կանգնեցրել են։ Զինված ոստիկանները շուտով կրակ են բացել՝ վիրավորելով կասկածյալին։ Նա ողջ է մնացել, բայց նրա վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։
Աղբյուրը նշում է, որ վիրավորվել է առնվազն հինգ մարդ. չորսը վրաերթի են ենթարկվել, իսկ մեկը՝ դանակահարված է։ Նրանք հոսպիտալացվել են։
Նշվում է, որ Սինագոգի շրջակայքը շարունակում է շրջափակված մնալ, դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու անվտանգության ծառայողները։
BBC-ն, հղում անելով Մանչեստրի քաղաքապետի խոսքերը, նշում է,որ «ենթադրվում է»՝ հանցագործը մահացել է, սակայն BBC Radio Manchester-ին ասել է, որ այս տեղեկատվությունը դեռևս հաստատված չէ։
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունը հայտնում է, որ հանրության համար այլևս սպառնալիք չկա։
Չնայած դրան, հանրության անդամներին զգուշացվել է խուսափել այդ տարածքում գտնվելուց, մինչ ոստիկանությունը զբաղվում է միջադեպով։
