Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից զոհվել է ավելի քան 1348 խաղաղ բնակիչ. ԶԼՄ

12.03.2026, 14:07
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մեկնարկից առ այսօր Իրանում զոհվածների թիվը
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից զոհվել է ավելի քան 1348 խաղաղ բնակիչ. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողության մեկնարկից ի վեր երկրում զոհվել է ավելի քան 1348 խաղաղ բնակիչ։

Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ Հայտնում է rg.ru-ն։

«Փետրվարի 28-ից ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակվող ռազմական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1348 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ», -մեջբերում է Իրավանիի խոսքերը «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա հավելել է, որ ավելի քան 17 հազար խաղաղ բնակիչ ստացել է վնասվածքներ։

Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին

Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:

Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:

Իրանի պետական հեռուստատեսությունը փետրվարի 28-ին հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդի իրավահաջորդի գլխավոր թեկնածուն է։

Իրանի Փորձագետների խորհուրդը մարտի 9-ին երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել սպանված Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին։