Բողոքի ցույցեր` Բանգլադեշում. վարչապետը լքել է երկիրը (ՎԻԴԵՈ)

05.08.2024, 15:25
Զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով կան հարյուրավոր զոհեր․ ՎԻԴԵՈ
Բողոքի ցույցեր` Բանգլադեշում. վարչապետը լքել է երկիրը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը` զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք հանգեցրել են հարյուրավոր զոհերի, հայտնում է bbc.com-ը։

Այսօր հազարավոր մարդիկ ներխուժել են «Գանոբհաբան»՝ վարչապետի նստավայր:

Բանակի հրամանատարը շփվում է քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ և մտադիր է մոտ ժամանակներս մամուլի ասուլիս հրավիրել։

Ինչպես հայտնում է CNN հեռուտաալիքը, Շեյխ Հասինան երկուշաբթի մեկնել է Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ագարտալա քաղաք՝ փախչելով Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից: Հնդկաստանը մտադիր է Հասինային անվտանգ անցում առաջարկել, ասվում է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով հետախուզական աղբյուրները:

Երկրին ուղղված իր ուղերձում բանակի շտաբի պետ, գեներալ Վաքեր-Ուզ-Զամանը հաստատել է, որ վարչապետը հրաժարական է տվել։

Զամանը հայտնել է, որ կձևավորվի ժամանակավոր կառավարություն։

Նշենք, որ երեկ առնվազն 90 մարդ է զոհվել ոստիկանության և Շեյխ Հասինայի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև բախումների հետևանքով։ Զոհվածների թվում կան 13 ոստիկաններ։ Նրանք սպանվել են մայրաքաղաք Դաքքայից 100 կմ հյուսիս գտնվող Սիրաջգանջ քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով։

Ուսանողական բողոքի ակցիաները՝ պետական աշխատատեղերի քվոտաների համակարգի վերացման պահանջով , սկսվել են հուլիսին։ Այս ընթացքում ավելի քան 280 մարդ է մահացել։