Հայաստանի կապիտալի շուկան կազմում է ՀՆԱ-ի 35%-ը. Ամերիաբանկի ներդրումային մասնագետ
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի /Նովոստի–Արմենիա /․ Հայաստանի կապիտալի շուկայի ծավալը այս պահի դրությամբ գերազանցում է 4,3 տրիլիոն դրամը՝ կազմելով երկրի ՀՆԱ—ի 35%-ը։ Այս մասին հայտարարել է Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվության սքվոդի պրոդուկտի ղեկավար Գայանե Գևորգյանը Investor’s Day միջոցառման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի կապիտալի շուկան վերջին շրջանում զարգանում է գերարագ տեմպերով։
«Ավելի ուշագրավ փաստ է աճի տեմպերը։ Մասնավորապես այս տարվա առաջին 10 ամսվա ընթացքում և պետական պարտատոմսերով, և կորպորատիվ պարտատոմսերով գործարքներից յուրաքանչյուրն աճել է ավելի քան 70 %–ով, իսկ բաժնետոմսերով գործարքներն ավելի քան կրկնապատկվել են», – նշել է Գևորգյանը։
Նա ընդգծել է նաև կորպորատիվ պարտատոմսերի շուկայում ոչ ֆինանսական կազմակերպությունների ակտիվության աճը։
«Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի շուկան գերազանցապես ներկայացված էր բանկերով, ապա այսօր արդեն պարտատոմսերի ավելի քան 25%–ը թողարկված է ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից», – նշել է փորձագետը։
Գևորգյանի խոսքով՝ սա նշանակում է, որ հայկական բիզնեսներն ավելի ակտիվորեն են կիրառում կապիտալի շուկան՝ որպես բանկային վարկերին այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր՝ միաժամանակ նոր ներդրումային հնարավորություններ ստեղծելով Հայաստանի ներդրողների համար։
«Եթե այս միտումը շարունակվի, և կապիտալի շուկայի զարգացման տեմպերը չթուլանան, ապա մի քանի տարի հետո մենք կարող ենք վստահաբար նշել, որ Հայաստանի կապիտալի շուկան արդեն իսկ ծառայում է իր հիմնական գործառույթին, այն է՝ տնտեսության ֆինանսավորումը»,- ասել է նա։
Անդրադառնալով օտարերկրյա ներդրողների հետաքրքրությանը՝ Գևորգյանը նշել է, որ մեծացել է նրանց հետաքրքրությունը հայկական պարտատոմսերի, մասնավորապես՝ պետական պարտատոմսերի նկատմամբ։
Նրա ներկայացմամբ՝ ներկայում պետական պարտատոմսերի ներդրողների շուրջ 28%-ը ոչ ռեզիդենտներ են։ Համեմատության համար՝ 2021 թվականին այդ ցուցանիշը, նրա գնահատմամբ, շուրջ 10% էր։

