Փորձագետը պատմել է հիփոթեքային վարկավորման շուկայում ստեղծված իրավիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին հինգ տարում Հայաստանում նկատվում է հիփոթեքային վարկավորման ծավալների աճի դրական դինամիկա։ Այսպես, այդ ժամանակահատվածում առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 55%–ով, իսկ վարկային կազմակերպությունների կողմից տրված հիփոթեքային վարկերինը` 59%–ով։ Այս գործընթացին նպաստում են կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, օրենսդրության կատարելագործումը, իրականացվող ծրագրերը, այդ թվում` պետական։ Անշարժ գույքի գնահատաման փորձագետ, «Օլիվեր գրուպ» գնահատման գործակալության գլխավոր տնօրեն Արա Ադուրյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես կարող է զարգանալ հիփոթեքային վարկավորման ոլորտը 2018 թ.–ին, ինչին պետք է ուշադրություն դարձնեն այն մարդիկ, ովքեր որոշել են վերցնել հիփոթեք և այլն։
«Նովոստի–Արմենիա». Մեր քաղաքացիներից շատերը ցանկանում են հիփոթեքով բնակարան ձեռք բերել, այդ պատճառով նրանց շատ է մտահոգում տոկոսադրույքների հարցը։ Ձեր կարծիքով, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն այս տարի չեն բարձրանա։ Ինչի՞ հիման վրա եք այդպես մտածում։
Ա. Ադուրյան. Բանկերի միջև մրցակցությունը։ Երբ կա մրցակցություն, պետք է լավանան պայմանները վարկառուների համար և ավելանա վարկերի հասանելիությունը։ Քանի որ այսօր պետությունը հետաքրքրված է հիփոթեքում, որն արտահայտվում է պետական ծրագրերի տեսքով, մասնավորապես` «Երիտասարդ ընտանիքին`մատչելի բնակարան» և Ազգային հիփոթեքային հիմնադրամը, ապա հաշվի առնելով այս կոնկրետ հանգամանքները` ձևավորվում է որոշակի պահանջարկ, որի բավարմաման պայքարում բանկերն ու վարկային կազմակերպությունները սկսում են բարելավել վարկավորման պայմանները։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ տոկոսադրույքներն այս տարի, եթե չնվազեն, ապա կմնան նույն մակարդակում` տարեկան 11–12%։

«Նովոստի Արմենիա». Իսկ կա՞ն նախադրյալներ դրանք նվազեցնելու համար:
Ա. Ադուրյան. Տոկոսադրույքների նվազեցումը կախված է ոչ միայն մրցակցությունից հիփոթեքային շուկայում, այլ նաև այն միջազգային ֆինանսական ընկերությունների տոկոսադրույքներից, որոնցից հայկական առևտրային բանկերը վարկեր են վերցնում: Օրինակ, Համաշխարհային բանկից կամ KfW-ից: Իսկ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տոկոսադրույքները կախված են մեր տնտեսության կայունությունից։ Որքան կայուն լինի հայկական տնտեսությունը, այդքան ավելի ցածր կլինեն Հայաստանին տրվող վարկերի տոկոսադրույքները:
«Նովոստի Արմենիա». Ինչպե՞ս եք դուք գնահատում վարկավորման այս տեսակի պահանջվածությունը մեր երկրում:
Ա. Ադուրյան. Ներկայում հիփոթեքային վարկավորումը բավականին պահանջված է: Ստեղծված պայմանները թույլ են տալիս վարձակալությամբ ապրողներին փոխարինել ամեն ամսվա տան վարձի վճարումները հիփոթեքային վճարումներով: Ու չնայած դա փոքր ինչ գերազանցում է վարձակալության վճարը, սակայն մարդկանց հնարավորություն է տրվում ունենալ սեփական բնակարան:
Ցանկանում եմ նշել, որ այստեղ կարևոր է հաշվի առնել ոչ միայն հիփոթեքային տոկոսադրույքները, այլ նաև մատչելիությունը, վարկառուների համար հարմարավետ պայմանները հիփոթեքային վարկավորման ամբողջ ընթացքում:

«Նովոստի Արմենիա». Ինչ եք կարծում, կան արդյո՞ք գործոններ, որոնք խոչընդոտում են հիփոթեքային վարկավորման ոլորտի ավելի դինամիկ զարգացմանը:
Ա. Ադուրյան. Ես չեմ տեսնում որևէ խոչընդոտ: Հիփոթեքի նկատմամբ պահանջարկի հետագա աճը կնպաստի այս ոլորտի զարգացմանը:
«Նովոստի-Արմենիա». Նախորդ տարվա վերջին խորհրդարանում քննարկվել են «Ապրուստի հիփոթեքային վարկավորման մասին» և հարակից այլ օրենքներ, այդ թվում` «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքը: Սկսել են արդյո՞ք գործել այս լրացումները:
Ա.Ադուրյան. Առաջարկվող լրացումներն ուղղված են բնակչության շահերի պաշտպանությանը: Չեմ կարող ոչինչ ասել ձեր նշած օրենքների առաջինի լրացումների վերաբերյալ: Ինչ վերաբերում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքի լրացումներին, որը նախատեսում է գրավային գույքի արժեքի սահմանման պահանջների խստացմանը, նշեմ, որ գոյություն ունի նախագիծ, որի քննարկմանը մենք անմիջական մասնակցություն ենք ունեցել: Լրացումների մասին օրինագիծը ներկայացրել է Հայաստանի կառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կոմիտեն: Նախագծում առաջարկվում է խստացնել պահանջները գնահատողների գործունեության նկատմամբ: Մասնավորապես, գրավագույքի գնահատումը պետք է կատարվի անկողմնակալ, ավելի ուշադիր և ավելի թափանցիկ: Փոփոխությունները կանդրադառնան ոչ միայն գնահատողների նկատմամբ պահանջների խստացմանը, այլ նաև գրավագույքի պարտադիր գնահատման դեպքերի թվի աճին: Ներկայում տվյալ նախագիծն ուղղվել է կառավարության դիտարկմանը, ինչից հետո այն կներկայացվի Ազգային ժողով:

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր հիփոթեքային վարկ են որոշել վերցնել: Ո՞ր սխալների մասին կարող եք նրանց նախազգուշացնել, և պետք է արդյո՞ վախենալ հիփոթեքից:
Ա.Ադուրյան. Եթե կա կայուն որոշակի եկամուտ և հեռանկարներ, որ այն կպահպանվի նաև ապագայում, ապա հիփոթեքից պետք չէ վախենալ: Հիփոթեքն անշարժ գույքի ձեռքբերման լավ տարբերակ է: Որպես գնահատող` ես խորհուրդ կտայի ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները, հաշվարկել վերավճարվող տոկոսների նպատակահարմարությունը և ուշադիր ընթերցել ստորագրվող պայմանագիրը: -0-

