Պարզում եք, թե ինչով է տարբերվում անվանական տոկոսադրույքն իրականից

11.03.2020, 11:34
Պարզում եք, թե ինչով է տարբերվում անվանական տոկոսադրույքն իրականից
Պարզում եք, թե ինչով է տարբերվում անվանական տոկոսադրույքն իրականից
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Բանկերը պոտենցիալ փոխառուներին ակտիվորեն առաջարկում են վարկեր, օրինակ` տեխնիկա գնելու, ուսման վարձը վճարելու, անշարժ գույք ձեռք բերելու համար և այլն։ Սակայն արդյունքում պարզվում է, որ վարկի գովազդվող պայմանները միշտ չէ, որ այդքան ձեռնտու են, և փոխառուն հաճախ ստիպված է լինում ավել վճարել բանկից պարտքով վերցրած միջոցների համար։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչով է անվանական տոկոսադրույքը տարբերվում իրականից` խնդիրների հետ չբախվելու և չհիասթափվելու համար։

Սկզբից խոսենք վարկի մասին

 - рис.1

Վարկը գումար է, որը բանկը պարտավորվում է ձեզ տալ որոշակի տոկոսով։ Վարկը թույլ է տալիս կատարել գնումներ կամ ներդնել միջոցներ բիզնեսի զարգացման մեջ (եթե դուք, օրինակ, չունեք լուրջ խնայողություններ), այն փաստորեն թույլ է տալիս բաշխել ծախսերը որոշակի ժամանակահատվածում։ Այսօր բանկերն առաջարկում են սպառողական վարկեր, ավտովարկեր, առևտրային վարկեր, ուսման վարկեր, բիզնեսի կառուցման և զարգացման վարկեր, հիփոթեք և այլն։ 

Ի՞նչ արժե վարկը

 - рис.2

Վարկերը տրամադրվում են տարբեր ժամկետներով։ Դրանք կարող են լինել ինչպես կարճաժամկետ` մեկ տարի ժամկետով, այնպես էլ միջնաժամկետ` 1–3 տարով կամ երկարաժամկետ` երեք տարի և ավել։ Պետք է միայն հիշել, որ որքան մեծ է վարկի ժամկետը, այնքան ավելի բարձր է դրա արժեքը։ Երկարաժամկետ վարկի ամսավճարները հիմնականում մեծ չեն, սակայն վարկի ընդհանուր ծախսերն արդյունքում աճում են, քանի որ որքան երկար է վարկի ժամկետը, այնքան ավելի մեծ է որպես տոկոս վճարվող գումարը։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ վերցված վարկը համապատասխանի իր առջև դրված նպատակին: Օրինակ, կարճաժամկետ վարկերը սովորաբար տրամադրվում են կենցաղային տեխնիկա գնելու համար, միջնաժամկետ վարկերը՝ մեքենա գնելու, իսկ երկարաժամկետ վարկերն՝ անշարժ գույք գնելու համար: Ընդ որում վարկերը լինում են ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: Մի մոռացեք, որ վարկն ավելի ձեռնտու է վերցնել այն արժույթով, որով դուք աշխատավարձ եք ստանում՝ արժույթի փոխարժեքի տատանումներիի հետևանքով կորուստ չունենալու համար, ինչի հետևանքով ձեր վարկի գումարը կարող է մեծանալ:

Ի՞նչ է անվանական տոկոսադրույքը 

 - рис.3

Վարկատուները սովորաբար ներկայացնում են սպառողական վարկերի երկու տոկոսադրույք. տարեկան անվանական տոկոսադրույք և տարեկան իրական տոկոսադրույք: Պարզենք, թե ինչ է սա: Եթե դուք վարկ եք վերցնում, ապա պետք է այն վերադարձնեք, ինչպես նաև վճարեք կուտակված տոկոսները: Տարեկան անվանական տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում է տոկոսային վճարումների չափը: Անվանական տոկոսադրույքը, որպես կանոն, լինում է ֆիքսված, այնուամենայնիվ, երբեմն ձեզ կարող են առաջարկել նաև «լողացող» տոկոսադրույք: Դա նշանակում է, որ տոկոսադրույքը կարող է կամ բարձրանալ, կամ նվազել՝ կախված որևէ գործոնից, օրինակ, Կենտրոնական բանկի հաշվարկային տոկոսադրույքից:

Ի՞նչ է նշանակում տարեկան փաստացի տոկոսադրույք 

 - рис.4

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որ տոկոսադրույքով է տրվելու վարկը, այն բանից հետո, երբ նրանում հաշվի են առնվելու բոլոր պարտադիր վճարները՝ վարկի մարման հաճախականությունը ներառյալ: Օրինակ, վարկի տրամադրման և սպասարկման միջնորդավճարները, գրավադրվող գույքի գնահատումը, ապահովագրությունը և այլն: Լրացուցիչ ծախսերն ավելացնում են վարկի իրական գինը: Տոկոսների վճարման հաճախականությունը նույնպես կարևոր է` վարկի ստացման պահին, ամսական, ժամկետի ավարտին, թե այլ պարբերականությամբ: Ստացվում է, որ տարեկան փաստացի տոկոսադրույքն այն դրույքն է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը՝ հաշվի առնելով տոկոսների և վարկի հետ կապված այլ ծախսերի վճարները, այդ թվում՝ վարկի տրամադրման և սպասարկման վճարը: Սակայն, հայկական օրենսդրության համաձայն՝ կան որոշ ծախսեր, որոնք չեն ներառվում տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ: Հետևաբար, դուք պետք է ուշադիր լինեք և անպայման ճշտեք վարկատուից նման ծախսերի առկայությունն ու դրա չափերը: Ընդհանուր առմամբ, տարեկան փաստացի տոկոսադրույքն ավելին է լինում, քան տարեկան անվանական տոկոսադրույքը:

Ինչպե՞ս վճարել վարկը

 - рис.5

Կա վարկի վճարման 2 տեսակ. մարում հավասար գումարներով (անուիտետային) և տարբերակված (դիֆերենցիալ): Դիֆերենցիալի դեպքում վճարման գումարը կրճատվում է, իսկ վճարման տոկոսը փոխանցվում է պարտքի մնացորդին, հետևաբար, նվազում է: Այսինքն, որքան շուտ դուք մարեք վարկի մայր գումարը, այնքան ցածր կլինի տոկոսադրույքը: Ընդ որում, ամսական վճարման չափն ամենաբարձրը կլինի միայն առաջին ամիսներին: Պարտքի մարմանը զուգահեռ վճարումները կկրճատվեն և վարկի պայմանագրի ժամկետի ավարտին կդառնան նվազագույն:

Անուիտետային վճարումների դեպքում վճարի գումարը մնում է անփոփոխ պայմանագրի գործողության ողջ ժամկետի ընթացքում: Այսինքն, դուք վճարում եք հավասար մասերով պարտքի ողջ ժամանակահատվածում: Այստեղ, սակայն, ընդհանուր տոկոսագումարն ավելի բարձր կլինի, քան նախորդ դեպքում: 

Բայց, միաժամանակ, կարելի է ավելի հեշտ պլանավորել սեփական ծախսերը, քանի որ մարումները հավասարաչափ են և կանխատեսելի, իսկ առաջին ամիսներին դրանք, նույնիսկ,  ավելի ցածր են, քան առաջին տարբերակի դեպքում: Դուք կարող եք ինքնուրույն հաշվել տարբեր տոկոսադրույքով և մարման տարբեր ժամկետներում վճարումների բաշխումը www.abcfinance.am կայքում կամ տարբեր վարկային կազմակերպությունների կայքերում գործող վարկային հաշվիչի միջոցով: 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-