ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Կյանքի ընթացքում մեզ բոլորիս անհրաժեշտ է լինում կնքել գրավոր պայմանագիր։ Եվ կարևոր չէ` մենք պատրաստվել ենք բանկում վարկ վերցնել, թե բացել դեպոզիտային հաշիվ, նոտարական գրասենյակում հաստատել փաստաթուղթ կամ ստանձնել սեփականատիրոջ իրավունքներ։
Այս բոլոր իրավիճակներում մեզ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ, լինի այն քաղաքացիական իրավունքի, թե բանկային ոլորտում, թղթե, թե էլեկտրոնային փաստաթուղթ, անհրաժեշտ է ուշադիր ծանոթանալ այդ փաստաթղթի բովանդակությանն ու պայմաններին։ Ժամանակի սղության կամ պարզապես ծուլության մասին պատճառաբանություններ նման իրավիճակում չեն ընդունվում։ Մասնագետները խորհուրդ են տալիս մինչև պայմանագիր ստորագրելը ղեկավարվել երեք հիմնական կանոններով։
Կանոն առաջին. ընթերցել պայմանագիրն ու ստորագրել այն պայմանով, որ պայմանագրում մատչելի լեզվով, գրագետ ու հստակ ներկայացված են բոլոր պայմանները ու պարտավորությունները, որոնցով կողմերը եկել են համաձայնության նախնական քննարկումների արդյունքում։ Հարկավոր է ստորագրել այն պայմանով, որ դուք հնարավորություն եք ունեցել ձեր փաստաբանին կամ խորհրդատուին նախօրոք ծանոթացնել պայմանագրի վերջնական տեքստին։
Կանոն երկրորդ. ընթերցել պայմանագիրն ու հետաձգել դրա ստորագրումն այնքան ժամանակ, մինչև պայմանագրի տեքստից չհանվեն կամ պատշաճ կերպով չշտկվեն. – այն կետերը, որոնք պարունակում են անճշտություններ կամ թույլ են տալիս տարընթերցումներ պայմանագրի պայմանները կամ կետերը մեկնաբանելիս,
– պայմանագրի հատուկ պայմանները, որոնք ներկայացված են կետ առ կետ կամ մանր, դժվարընթեռնելի տառերով, ինչը ոչ միայն կասկածի տեղիք է տալիս, այլև ապրիորի հանդիսանում է սպառողների իրավունքների կոպիտ խախտում։
Ի դեպ, աշխարհի քաղաքակիրթ երկրների մեծամասնությունում, այդ թվում` ԱՊՀ մի շարք երկրներում, պայմանագրային փաստաթղթերում օրենքով արգելված է «մանր տառերի» առկայությունը։
– պայմանագրին կից առանձին դրույթները կամ հավելվածները, որոնց բովանդակությունը դուրս է գալիս ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակից, ինչի հետևանքով դրանք չեն անցել փորձաքննություն ձեր փաստաբանի կամ խորհրդատուի կողմից։
Կանոն երրորդ. կրկին ընթերցել ամբողջ պայմանագիրն ու միայն դրանից հետո ստորագրել այն։
Բանկային համակարգի պայմանագրեր. դրանց պետք է «դեմքով» ճանաչել
Եկեք պայմանավորվենք. ֆինանսական պայմանագրեր (հաշիվների (վարկային, հիփոթեքային, դեպոզիտային) սպասարկում և այլն) հարկավոր է կնքել ֆինանսական կազմակերպությունների` բանկերի, վարկային/միկրովարկային կազմակերպությունների հետ, առանձին դեպքերում` վաճառակետերի, սուպերմարկետների, մասնագիտացված և ֆիմային խանութների, ավտոսրահների հետ և այլն։
Ո՞րն է նման պայմանագրի իմաստը
Օրինակ, դնելով ձեր խնայողությունները բանկում` որոշակի տոկոսների դիմաց (դեպոզիտային պայմանագիր կամ ավանդ), մենք առնվանզ հույս ունենք պայմանագրում նշված ժամկետում հետ ստանալ գումարը` ավելացված տոկոսներով։ Բացի այդ, բանկը, որպես հարկային գործակալ, ինքը մեզնից կպահի եկամտահարկը։ Բացի դրանից, բանկը կարող է երկարացնել դեպոզիտային պայմանագրի ժամկետը, եթե դրա ավարտի պահին մենք ինչ–որ պատճառներով ի վիճակի չենք անձամբ այցելել բանկ։
Загружается новость ...
"Право"
Ավելին, մեզ վստահեցնում են, որ ֆորսմաժորային իրավիճակում (սնանկություն, արտոնագրից զրկում) մեզ կփոխհատուցեն բանկում ներդրած գումարը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, բնականաբար, օրենսդրությամբ սահմանված սահմաններում։
Ավելին, կոնկրետ web կայքերի միջոցով մենք կկարողանանք ժամանակին ու հեշտությամբ գտնել այն ֆինանսական կազմակերպությունը, որը կընդունի մեր ավանդը կամ կտա մեզ վարկ առավել շահավետ պայմաններով։ Միաժամանակ, նույն կայքերում մենք կկարողանանք գտնել մեզ հետաքրքրող պայմանագրերի օրինակներ և հաշարկչի միջոցով հաշվել ավանդի կամ վարկի տոկոսները։
Իսկ հիմա` ուշադրություն: Որոշ բանկերի և վարկային կազմակերպությունների կայքերում հրապարակված պայմանագրերի տիպային ձևերը ոչ մի դեպքում չեն ազատում ձեզ վերոնշյալ երեք հիմնական կանոններին հետևելու անհրաժեշտությունից: Բացի այդ, եթե պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում բանկը խախտում է թույլ տվել, ապա դուք հնարավորություն ունեք բողոքարկելու նրա գործողությունները և հասնելու պատճառված վնասի փոխհատուցմանը ինչպես ֆինանսական հաշտարարի միջոցով, այնպես էլ դատարանում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե հաճախորդները ճիշտ են, ապա ճնշող մեծամասնությամբ, նրանց կրած ֆինանսական կորուստները փոխհատուցվել են:
Հիշեք` բանկային պայմանագիրը պաշտոնական իրավական փաստաթուղթ է, բանկի հետ պայմանավորվածության ուղղակի ապացույց, այն պետք է ստորագրվի բացառապես գրավոր տեսքով: Կազմելիս դրա մանրամասն ուսումնասիրումը և ստորագրելիս` ուշադիր ընթերցումը հետագայում տհաճ պահերից և խնդիրներից խուսափելու երաշխիք է:
Ի՞նչ է թաքնված պայմանագրի մանր տառատեսակի տակ
Վարկային կազմակերպությունների մշտական հաճախորդները երբեմն դառնում են հաճախորդների և բանկային ծառայողների միջև տհաճ երկխոսությունների վկաներ: Այդ երկխոսությունները կարելի է ներկայացնել այսպես.
- Հաճախորդ. Բանկը սխալմամբ իմ հաշվից կրկնակի հավելավճար է ելքագրել:
- Բանկի աշխատող. Ահա, տեսեք, Ձեր պայմանագրի այս կետում նշված է հաշվի սպասարկման գործակիցը: Բանկն ամեն ինչ ճիշտ է արել:
- Հաճախորդ. Բայց նույնիսկ այս պահին ակնոցով չեմ կարողանում կարդալ, թե ինչ է այնտեղ գրված: Դուք կարողանու՞մ եք կարդալ այդ մանր տառերը: Ես վնասների փոխհատուցում եմ պահանջում:
- Բանկի աշխատող. Ցավում եմ, բայց ոչնչով չեմ կարող օգնել: Դուք պետք է նախապես ծանոթանայիք փաստաթղթի պայմանների հետ, որի տակ Ձեր ստորագրությունն է:
- Հաճախորդ. Ես բողոքելու եմ:
- Բանկի աշխատող. Բողոքեք: Ձեր իրավունքն է:
Եվ այսպես, ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ ուշադիր ընթերցեք յուրաքանչյուր բառ, ներառյալ մանր տառերով գրվածը: Տեսնենք, թե ինչ է ամենից հաճախ թաքնված մանր դժվարընթեռնելի տառերի տակ պայմանագրերի էջերի ստորին սեգմենտներում, և ինչին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել:
Օրինակ, նախքան հիփոթեքային պայմանագրի ստորագրումը խորհուրդ է տրվում ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել այն կետերը, որոնցում նշված են վճարումների տոկոսներն ու ժամանակացույցերը: Եթե պայմանագրում նշված տարեկան տոկոսադրույքն էապես գերազանցում է պետաջակցության ծրագրի տոկոսադրույքը, ապա կարող է լինել այնպես, որ գերազանցման «մեղավորը» հաճախորդի համար ապահովագրական ընկերության սահմանած «չար» գործակիցն է:
Մի ծուլացեք նախապես կատարել հիփոթեքային, առք ու վաճառքի պայմանագրերի կամ այլ կից փաստաթղթերի տվյալների համեմատում (բանկային ռեկվիզիտներից և գնորդից մինչև սեփական և փոխառվող միջոցների չափեր): Այդ բոլոր տվյալները պետք է բացարձակ համընկնեն: Դա կարևոր է:
«Ստորջրյա խութեր» և կարող են թաքնված լինել նաև անշարժ գույքի գործակալության ծառայությունների մատուցման մասին պայմանագրում: Մենք պետք է հատկապես ուշադիր լինենք այն կետերին, որտեղ ներկայացված են հաճախորդի հնարավոր հավելյալ ծախսերը (բացի անմիջապես բրոքերական ծառայությունների ծախսերից), այնտեղ կարող են ներառված լինել բաժնեմասային մասնակցության պայմանագրի գրանցման պետական տուրքի վճարումը և սեփականության իրավունքի ձևակերպումը, գրանցողի համար լիազորագիր պատրաստելու ծախսերը, փաստաթղթերի մի ամբողջ փաթեթի նոտարական հաստատման վճարներ և այլն։
Եթե անշարժ գույքի գործակալության կողմից ծառայություններ մատուցելու պայմանագրում հստակ նշվեն բոլոր հավելյալ ծախսերը, ապա հաճախորդը հստակ պատկերացում կունենա, թե իրականում որքան պետք է ծախսի տուն գնելու համար:
Անվտանգ չէ նաև համաձայնագրի այն կետը, որտեղ նշված է ռիելթորական միջնորդավճարի կախվածությունն անշարժ գույքի վաճառքից ստացվող շահույթից: Որպեսզի հանկարծ չհայտնվեք պարտվող իրավիճակում, պետք է անշարժ գույքի գործակալի հետ միասին մանրամասն ուսումնասիրեք պայմանագիրը գումարի համապատասխանության վերաբերյալ`կիրառելով հետևյալ սկզբունքը. եթե փոխվում է անշարժ գույքի գինը, ապա փոխվում է նաև վարձատրության չափը: Արդա՞ր է, հիմա այո:
Ու՞մ դիմել խորհրդատվության և օգնության համար
Այս կամ այն բանկային պայմանագրին վերաբերող գրագետ ու պրոֆեսիոնալ խորհրդատվություն ստանալու համար մենք կարող ենք հույս դնել ֆինանսական խորհրդատուների, վարկային մասնագետների և բանկերի փաստաբանների վրա, ում հետ կնքել ենք համապատասխան պայմանագիրը: Օգտակար խորհուրդներ կարելի է ստանալ նաև փաստաբանից, ով իրավական աջակցություն է տրամադրում մեր կողմից կնքված պայմանագրերի շրջանակում: Ժամանակին տրամադրված փաստաբանական խորհրդատվությունը թույլ է տալիս նվազեցնել հաճախորդի իրավական ու ֆինանսական ռիսկերը: Ցավոք, հաճախորդը մեծ մասամբ դիմում է փաստաբանին միայն այն ժամանակ, երբ արդեն ստորագրած է լինում բոլոր վարկային փաստաթղթերը, և դա մեծ սխալ է:
Իսկ եթե հաճախորդը օգնության կարիք ունի, խորհուրդ ենք տալիս դիմել առաջին հերթին նրան սպասարկող բանկ: Չի բացառվում, որ բարեխիղճ հաճախորդին բանկն ընդհառաջ կգնա և կախված իրավիճակից` հավելյալ համաձայնագիր կկնքի նրա հետ գործող պայմանագրի վերակառուցվածքայնացման կամ վերաֆինանսավորման մասին։
Կարելի է, իհարկե, դիմել այլ բանկ` առաջարկելով վերաձևակերպել առկա պայմանագիրը: Կարելի է նաև, խորհրդակցելով իրավաբանի կամ փաստաբանի հետ, դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ կամ որպես վերջին տարբերակ` հայց ներկայացնել դատարան: Սակայն համաձայնվեք, որ առաջին տարբերակը` լուծել խնդիրը բանկի շրջանակում, ավելի նախընտրելի է. ոչ հավելյալ դատական ծախսեր, ոչ մի նյարդային իրավիճակ, ոչ մի գլխացավանք:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (
www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում –0–