Ինչպե՞ս հասնել ֆինանսական բարեկեցության կամ 4 քայլ ֆինանսապես անկախ դառնալու համար

01.02.2019, 11:50
Շատերը վստահ են, որ ֆինանսապես անկախ մարդը հաջող գործարարն է, միլիոնատերը, ով իրեն կարող է թույլ տալ ցանկացած բան`առանց փող հաշվելու։
Ինչպե՞ս հասնել ֆինանսական բարեկեցության կամ 4 քայլ ֆինանսապես անկախ դառնալու համար
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Շատերը վստահ են, որ ֆինանսապես անկախ մարդը հաջող գործարարն է, միլիոնատերը, ով իրեն կարող է թույլ տալ ցանկացած բան`առանց փող հաշվելու։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Առաջին հերթին, դա պարտքերից ազատ մարդն է, ում աշխատավարձը կախված չէ հանգամանքներից, թույլ է տալիս հոգալ բոլոր հիմնական պահանջմունքներն ու անգամ փոքր մաս կուտակել։

Ինչպե՞ս կարող է հասարակ մարդը դառնալ ֆինանսապես անկախ և ի՞նչ է պետք դրա համար անել։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է քայլեր, որոնք կօգնեն ձեզ հասնել նպատակին։ Կարևոր է չմոռանալ, որ կապիտալի ավելացման հիմնական գաղտնիքը վաստակած գումարից ավելի քիչ ծախսելու սովորությունն է։

Կողմնորոշվեք ֆինանսների հարցում

 - рис.1

Սկզբում հարկավոր է կողմնորոշվել թե ինչ ֆինանսական վիճակում եք գտնվում։ Առանձնանում են չորս հիմնական ֆինանսական վիճակ` ֆինանսական փոս (ձեր եկամուտները չեն բավարարում ամենօրյա ծախսերին, կան պարտքեր, կուտակումները բացակայում են), ֆինանսական անկայունություն (ձեր եկամուտները մոտավորապես հավասար են ձեր ծախսերին, պարտքեր կամ չկան կամ չնչին են, կուտակումներ չկան), ֆինանսական կայունություն (ձեր եկամուտները գերազանցում են ծախսերը, կան կուտակումներ, որոնք թույլ են տալիս գոյատևել մի քանի ամիս եկամտի աղբյուրը կորցնելու դեպքում), ֆինանսական անկախություն (ձեր եկամուտները գերազանցում են ընթացիկ ծախսերն ու չեն պահանջում ձեր կողմից մասնակցություն)։

Մարդուն ապրելու համար անհրաժեշտ է գումար` ծախսային կապիտալ` ամսական ծախսերի համար (սնունդ, հագուստ, կոմունալ վճարներ, մանր կենցաղային ծախսեր և այլն)։ Ծախսային կապիտալի չափը որոշվում է եկամուտ (աշխատավարձ) ստանալու ժամանակահատվածով։

Քանի որ մարդկանց ժամանակի ընթացքում անհրաժեշտ է լինում վերանորոգել բնակարանը, գնել տեխնիկա, ավտոմեքենա, կուտակել գումար հանգստի համար և այլն, նրանք այդ նպատակի համար գումար են խնայում։ Դա կուտակային կապիտալն է։

Շատերը ևս գումար են կուտակում «սև օրվա» համար, ստեղծում է «ֆինանսական անվտանգության բարձիկ», այսինքն ձևավորում են ռեզերվային կապիտալ։ Դա խնայողության տեսակ է, որը թույլ է տալիս ապրել որոշակի ժամանակահատված եկամտի հիմնական աղբյուրը կորցնելու դեպքում։ Որպես կանոն, նման ժամանակահատվածը պետք է լինի 4–6 ամիս։ Ավելի շահավետ է նման միջոցները պահել բանկային ավանդի տեսքով, դա հուսալի է, բացի այդ ձեր գումարին տոկոսներ են ավելանում։ Իսկ ֆինանսական անկախության հասնելու կարևորագույն բաղադրիչն աշխատող կապիտալն է։ Դա այն գումարն է, որը ներդրված է տարբեր ֆինանսական գործիքներում (պարտատոմսեր, բաժնետոմսեր, անշարժ գույք, ներդրումային նախագծեր և այլն) և ձեզ մշտական եկամուտ է ապահովում։

Փողը հաշիվ է սիրում

Որոշելով, թե ֆինանսական որ աստիճանի վրա եք գտնվում, դուք պետք է սովորեք ճիշտ շփվել գումարի հետ։

Ծախսերի և եկամուտների հաշվառում. Եթե ցանկանում եք ֆինանսական ազատություն ձեռք բերել, պետք է առաջին հերթին իմանալ՝ որտեղ և ինչ ուղղությամբ եք ծախսում ձեր փողերը, ինչ ծախսեր են նախատեսվում ապագայում, ինչ եկամուտ կարող եք ստանալ, այդ թվում՝ չնախատեսված, որքան գումար է մնացել: Անհրաժեշտ է գրի առնել այդ ամենը: Եվ կապ չունի որտեղ՝ նոթատետրում, Excel-ում թե հաշվապահական հաշվառման մասնագիտացված ծրագրերի միջոցով: Սա պարզապես կոչվում է բյուջե: Պետք է միայն պատկերացում ունենալ` որքան գումար եք ծախսում այս կամ այլ ուղղությամբ: Բոլոր ծախսերը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի խմբերի` ուտելիք, հագուստ, կոմունալ վճարումներ, տրանսպորտ, ժամանց, կենցաղային ծախսեր, կենցաղային իրերի գնում և այլ:

 - рис.2

Ծախսը պետք է եկամտից ավելի քիչ լինի։ Այստեղ ոչինչ պետք չէ բացատրել: Ունենալով եկամտին հավասար ծախսեր` դուք երբեք չեք հասնի ֆինանսական անկախության:

«Վճարիր ինքդ քեզ». Ի՞նչ են անում մարդիկ աշխատավարձ ստանալուց հետո: Սկիզբից հոգում են իրենց կարիքները, իսկ մնացորդից /եթե այդպիսին կա/ փորձում են խնայել: Հարուստ մարդկանց մոտ հակառակն է: Նրանք սկզբից ներդնում են վաստակած գումարը, իսկ մնացորդով ապրում են: Սակայն ամեն ամիս նրանք ավելացնում են իրենց գործող կապիտալի չափը, որը նրանց կայուն եկամուտ է բերում: Այդ իսկ պատճառով եկամուտ ստանալու հիմնական կանոնն է՝ վճարիր ինքդ քեզ: Ի՞նչ գումարից սկսել: Սկսեք 10 տոկոսից, դա այդքքան էլ մեծ գումար չէ: Դուք կօգտագործեք այդ գումարը ձեր ֆինանսական անկախությանը հասնելու համար: Իսկ մնացածը կարող եք ծախսել ամենօրյա կարիքները հոգալու համար:

Մի պահեք բոլոր ձվերը մեկ զամբյուղում. Այս կանոնը վերաբերում է բոլոր տեսակի գումարներին` ներդրված կամ ուղղակի ձեր տանը գտնվող գումարին: Կիսեք ձեր աշխատանքային կապիտալը մի քանի մասի և ներդրեք տարբեր ֆինանսական գործիքներում, օրինակ, մի անգամ` բանկային ավանդի մեջ, հաջորդ անգամ` պարտատոմսերի մեջ, հետո` ներդրումային ծրագրերի մեջ և այլ: Այսպիսով, դուք կպաշտպանեք ձեզ ցանկացած ֆորս մաժորներից և կպահպանեք կապիտալի մեծ մասը:

Առանց շտապելու կշռադատեք ձեր որոշումները. Երբեք մի ներդրեք ձեր փողերը շտապելով: Ֆինանսապես գրագետ մարդը միշտ մտածում է ներդրումների հետ կապված բոլոր հարցերի մասին, դիտարկում է բոլոր դրական և բացասական կողմերը:

Սպասելով մի քանի օր` թողեք գաղափարը հասունանա: Բոլոր փողերը որևէ գերշահավետ ներդրումային նախագծի մեջ ներդնելը, որը առաջին հայացքից շահեկան է թվում,մի քանի օր հետո կարող է այդքան էլ խոստումնալից չթվալ:

Ներդրեք այնքան, որքան պատրաստ եք կորցնել. Պատկերացրեք, որ կորցրել եք բոլոր ներդրված փողերը: Կկարողանաք արդյոք վերապրել այս փաստը` առանց վարկաբեկելու ձեր ներկայիս կենսամակարդակը: Եթե ձեր պատասխանը բացասական է, ապա պետք չէ ներդնել այդ գումարը, և դուք դեռ չեք հասել այն մակարդակի, երբ կկարողանաք թույլ տալ դա ձեզ:

 - рис.3

Չորս քայլ դեպի ֆինանսական անկախություն.


 - рис.4

Քայլ առաջին. Օպտիմալացրեք ծախսերն ու եկամուտները

Ծախսերի օպտիմալացումն այս օղակի ամենագլխավոր քայլն է։ Եթե արդեն հաշվում եք ձեր ծախսերը, ապա պատկերացում ունեք, թե որքան և ինչի վրա եք ծախսում։ Վերլուծելով այդ տվյալները` կարելի է հասկանալ, թե որ ծախսերը կարելի է կրճատել, որոնք` ընդհանրապես զրոյացնել։ Իսկ ինչի՞ հաշվին կարելի է տնտեսել։ Կախված ձեր նախընտրություններից` դա կարող է լինել.

  • հրաժարվելը վնասակար սովորություններից (ծխելը, ալկոհոլը, վնասակար ուտելիքը);
  • հրաժարվելը կրեդիտ քարտերի օգտագործումից;
  • կոմունալ վճարումների ծախսերի կրճատումը ռեսուրսների խնայողության հաշվին;
  • վարկերից ազատվելը;
  • գնումների գրագետ իրականացումը (ցուցակով կամ ավելի էժան վայրերից, այդ թվում` ինտերնետում, մեծածախ կամ մեծ տուփերով ապրանքներ գնելը, անցնելն ավելի էժան անալոգների, բայց ոչ ի վնաս որակի, իրերի գնումը զեղչերի ժամանակ և այլն)։

Եկամուտների աճին նպաստում են`
  • որակավորման բարձրացումն ավելի բարձր աշխատավարձով աշխատանք ստանալու համար;
  • հավելյալ աշխատանք հանգստյան օրերին կամ երեկոյան;
  • հոբբիի օգտագործումը որպես հավելյալ եկամուտ ստանալու աղբյուր։

Օպտիմալացնելով սեփական եկամուտներն ու ծախսերը` դուք հեշտությամբ կհասնեք ձեր միջոցների (առնվազն) ամսական 10 տոկոսի ավելցուկի` ֆինանսական նպատակների հասնելու համար։


Քայլ երկրորդ. Ազատվեք պարտքերից

Եթե պարտքեր ունեք` ազատվեք դրանցից։ Եթե ոչ, ապա հանգիստ անցեք հաջորդ քայլին։ Եթե պարտքեր, այնուամենայնիվ, կան, ապա արագ դրանցից ազատվեք։ Այդպես դուք կկայունացնեք ձեր տնտեսական վիճակը և կխնայեք տոկոսներ վարկեր մարելիս։ Միակ բացառությունը հիփոթեքն է։ Որպես կանոն, այն վերցնում են երկար տարիների համար, և արագ մարել այդ պարտքը չի ստացվի։ Այդ իսկ պատճառով հաշվի առեք հիփոթեքի ձեր ամենամսյա վճարումներն ամենօրյա ծախսերում։

Քայլ երրորդ. Ստեղծեք պահուստային կապիտալ

Մի կողմ դրեք ձեր խնայողությունները (ավելի լավ է` բանկային դեպոզիտներում), մինչև որ հասնեք ձեր ուզած կուտակումների մակարդակին։

Քայլ չորրորդ. Ստիպեք, որ փողերն աշխատեն


Սա ձեր ֆինանսական ծրագրի գլխավոր կետն է։ Այժմ ֆինանսական անկախության ավելի բարձր մակարդակի անցնելու համար դուք պետք է ստիպեք, որ այդ փողերն աշխատեն ձեզ համար, որ ֆինանսական մշտական հոսք գեներացնեն։ Թող սկզբում դա լինի փողերի փոքրիկ առվակ, որի մեջ դուք կրկին ներդրում կանեք, որ այն հավելյալ եկամուտ բերի, և այսպես շարունակ։ Այստեղ ավելացրեք ամենամսյա ձեր խնայողությունը, և առվակն աստիճանաբար կվերածվի փոքրիկ գետակի, այնուհետև վարար գետի, և մի օր ձեր եկամուտները կհասնեն ձեր աշխատավարձի չափին և նույնիսկ ավելին` դարձնելով ձեզ ֆինանսապես անկախ մարդ։ Որքան ժամանակ կպահանջվի դրա համար, կախված է ձեր համբերությունից, համառությունից և ֆինանսական գրագիտությունից, որը կօգնի ձեզ ճիշտ տնօրինել ձեր ներդրումները։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-