Ինչպես է պետությունն օգնում հայ վարկառուներին մարել անհուսալի վարկերը

10.07.2025, 11:39
Մեր քաղաքացիների վարկավորման մակարդակը հասել է այնքան բարձր մակարդակի, որ պետությունը ստիպված էր ընդունել հատուկ ծրագիր՝ ուղղված անհուսալի վարկերի մարմանը։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կպատմի, թե ինչպես է աշխատում այս ծրագիրը և ով կարող է օգտվել դրանից
Ինչպես է պետությունն օգնում հայ վարկառուներին մարել անհուսալի վարկերը

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի բնակչությունը վաղուց տիրապետում է տարբեր նպատակներով բանկային վարկեր վերցնելու պրակտիկային։ Այլ խնդիր է, որ ոչ բոլորն են միշտ կարողանում ժամանակին մարել դրանք և վերածվում են անհուսալի վարկառուների։

Մեր քաղաքացիների վարկավորման մակարդակը հասել է այնքան բարձր մակարդակի, որ պետությունը ստիպված էր ընդունել հատուկ ծրագիր՝ ուղղված անհուսալի վարկերի մարմանը։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կպատմի, թե ինչպես է աշխատում այս ծրագիրը և ով կարող է օգտվել դրանից։

«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանում»

Այսպես է կոչվում ծրագիրը, որը հաստատվել է 2024 թվականի դեկտեմբերի 12-ին և սկսել է գործել 2025 թվականի փետրվարի 1-ից։ ՀՀ Կենտրոնական բանկի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալների համաձայն՝ մոտ 341 հազար պարտապաններ ունեցել են անվստահելի վարկառուի կարգավիճակ, իսկ նրանց վարկային բեռը կազմել է մոտ 642 միլիարդ դրամ։ Ընդ որում, անհուսալի վարկառուների միայն մոտ 20%-ն էր պաշտոնապես աշխատանքի ընդունված։

калькулятор финансы деньги

Ով կարող է դառնալ ծրագրի մասնակից 

Ծրագրին կարող են մասնակցել այն վարկառուները, որոնց պարտքը չի գերազանցում 1 միլիոն դրամը, և որոնց վարկերը երեք տարուց ավելի է, ինչ դասակարգվել են՝ որպես անհուսալի։ Կառավարության տվյալներով՝ Հայաստանում կա մոտ 218 հազար նման վարկառու։ Անհուսալի վարկերի մարման հարցում օգնությունը կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով։ Դիմումների ընդունման գործընթացը սկսվել է այս տարվա փետրվարի 1-ին և կտևի մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։

Ակնկալվում է, որ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը մասնակցի կարգավիճակի համար դիմումների ընդունման ժամանակահատվածում թիրախային խմբի մոտ 60%-ը, կամ 131 հազար մարդ կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել վարկային պարտավորությունները։ Ստեղծվել է թվային հարթակ, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմումներ ներկայացնել և դառնալ շահառու։

кредит долг банк

Ինչպես է աշխատում ծրագիրը

Ծրագրի համաձայն՝ շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն` շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը:

Ծրագրի մասնակիցները ազատված են չվճարված վարկերի համար նախատեսված տույժերից, իսկ նրանց աշխատավարձից գանձվող եկամտային հարկերն ուղղվում են պարտքի հիմնական գումարի մարմանը։ Ավելին, նրանց աշխատավարձից կպահվի 20%-ը՝ պարտքը մարելու համար, ոչ թե 50%, ինչպես նախկինում։ Բացի այդ, բանկերը պատրաստ են դուրս գրել տույժերի և տուգանքների մինչև 80%-ը։ Այս մոտեցումը խրախուսում է պարտապաններին գտնել օրինական աշխատանք։

Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու ճանաչվելու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը կամ աջակցության տրամադրման դադարեցվելը:

Ովքեր են այդ վարկառուները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց 65%-ը ակտիվ աշխատանքային տարիքի են՝ 25-ից 50 տարեկան։ Նրանց մեծ մասը մնացել է պաշտոնական աշխատաշուկայից դուրս։ Այս իրավիճակը շտկելու համար ծրագիրն առաջարկում է պայմաններ, որոնք թույլ կտան պարտապաններին դուրս գալ ստվերից, ստանալ պաշտոնական աշխատանք և գրանցել իրական եկամուտ։ Ծրագրի շրջանակում, երկու տարվա ընթացքում, նույնիսկ համեստ աշխատավարձով, նրանք կկարողանան ամբողջությամբ մարել իրենց պարտքերը, ինչը թույլ կտա նրանց ոչ միայն ազատվել վարկային բեռից, այլև հասանելիություն ստանալ կենսաթոշակային երաշխիքներին ՝ հաշվի առնելով աշխատանքային ստաժը և կուտակային կենսաթոշակային համակարգում կատարվող վճարումները։ Բացի այդ, նրանք կկարողանան օգտվել եկամտային հարկի վերադարձից։

кредит долг банк деньги финансы

Ինչպես է մեկնարկել ծրագիրը, և ով է դուրս մնացել այս նախաձեռնությունից

Ծրագիրը սկսել է գործել 2025 թվականի փետրվարի 1-ից։ Ապրիլի վերջին ավելի քան երեք հազար անհուսալի վարկեր ունեցողներ (հնարավոր 218 հազարից) արդեն օգտվել են ծրագրից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում այս քաղաքացիներին աջակցելու համար կհատկացվի 209 միլիոն դրամ։

Ծրագրին մասնակցելու դիմումները կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։ 218 հազար մարդուց, ովքե տեսականորեն կարող են օգտվել ծրագրից, այժմ օրինական աշխատանք ունի մոտ 40 հազար պարտապան։ Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ծրագրին ներգրավել նշված պարտապանների մոտավորապես 60%-ը։

Ցավոք, անհուսալի վարկեր ունեցող մոտ 123 հազար անձ չի կարողան մասնակցել այս ծրագրին, քանի որ նրանց վարկային բեռը գերազանցում է 1 միլիոն դրամը, ինչը չի համապատասխանում ծրագրի պահանջներին։ Ինչպես արդեն նշվեց, Հայաստանում անհուսալի վարկերի ընդհանուր գումարը կազմում է 642 միլիարդ դրամ (ըստ Կենտրոնական բանկի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալների):

Կառավարությունն ակնկալում է, որ այս ծրագրի իրականացումը ոչ միայն կօգնի պարտապաններին դուրս գալ պարտքային փոսից, այլև կնպաստի տնտեսության ստվերային հատվածի կրճատմանը՝ օրինական աշխատանքի խթանման հաշվին։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։