Ինչպես ճիշտ գումար տնտեսել կորոնավիրուսի պայմաններում

12.05.2020, 10:51
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին առաջարկում է պարզել, թե ինչպես արդյունավետ խնայել գումարը համավարակի պայմաններում
Ինչպես ճիշտ գումար տնտեսել կորոնավիրուսի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. СОVID-19 համավարակը կարճ ժամանակում փոխեց շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների կյանքը։ Մարդիկ բավականին երկար ժամանակ ստիպված են ողջ օրը մնալ տանը՝ արտակարգ դրության պայմաններում։ Շատերի համար դա դժվար է ոչ միայն ֆիզիկապես, այլև եկամուտների առումով, քանի որ պարտադիր պարապուրդը լրջորեն ազդում է ֆինանսների վրա։

Աշխատած գումարը ճիշտ բաշխելու ունակությունը նվազագույնի կհասցնի ստեղծված դժվարությունները։ Չէ՞ որ ծախսերի ճիշտ պլանավորումը խնայելու կարևորագույն կանոնն է ։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին առաջարկում է պարզել, թե ինչպես արդյունավետ խնայել գումարը համավարակի պայմաններում։

Ծախսերի պլանավորում

 - рис.1

Ամենակարևորը միայն ծայրահեղ անհրաժեշտ ծախսերը պլանավորելն է, ավելի կոնկրետ՝ սնունդ, հագուստ և կոմունալներ։ Բայց սկզբում պետք է մոտիվացիայի համար հստակ նպատակ դնել։ Դա կարող է լինել, օրինակ՝ արտակարգ դրությունից հետո կատարած նշանակալի գնումը, հետաքրքիր ուղևորություն կամ հեռանկարային ձեռնարկության մեջ կատարած ներդրումը։

Կարելի է նաև ավտոմատ կերպով պահպանել ծախսերի մի մասը։ Բանկային որևէ գործողություն կատարելու ժամանակ հաճախորդի սահմանած տոկոսը կփոխանցվի խնայատուփ։

Տնից աշխատելու և ժամանակ անցկացնելու պայմաններում ունեցած գումարը կարող է խնայել նաև այն, որ դուք չեք օգտվում տրանսպորտից, չեք գնում սրճարան և ռեստորան, չեք հաճախում ժամանցային և մշակութային միջոցառումների։

Իհարկե, սոցիալական և մշակութային շփման շրջանակը սահմանափակվում է, բայց կապը կարելի է պահել սոցցանցերի միջոցով։ Կարանտինի պայմաններում բազմաթիվ մշակութային օբյեկտներ իրականացնում են սոցիալական նախագծեր. կարելի է առցանց օպերա լսել, համերգների մասնակցել, թանգարանների հազվադեպ ցուցանմուշներով հիանալ, ֆիլմեր դիտել և այլն։

Ինչպե՞ս ճիշտ գնել սննդամթերք

 - рис.2

Գլխավորը չմատնվել խուճապի ու չգնել ամեն պատահած բան: Արտակարգ դրության ընթացքում շատ կարևոր է ճիշտ տնտեսել` սննդամթերք գնելիս, քանի որ դա ծախսերի ամենամասշտաբային մասն է ճգնաժամային իրավիճակում: Կարևոր է խանութ գնալուց առաջ կազմել անհրաժեշտ մթերքների ցանկը: Ի դեպ, կարևոր է նաև չգնալ խանութ քաղցած ժամանակ, քանի որ այդ դեպքում դուք հաստատ կկատարեք չպլանավորած ծախսեր:

Պլանավորեք ձեր սննդակարգը մեկ շաբաթվա կտրվածքով: Միջոցները պետք է ռացիոնալ ծախսել ողջ շաբաթվա ընթացքում, քանի որ հաշվարկված է, որ ամենօրյա գնումների ժամանակ հնարավոր չէ խուսափել ավել գումար ծախսելուց։

Չարժե մի քանի շաբաթվա համար գնել շուտ փչացող ապրանքներ և դրանցով լցնել սառնարանը, ինչպես նաև արկղերով գնել հացահատիկ, լոբազգիներ կամ պահածոյացված մթերք: Պահպանման նույնիսկ օպտիմալ ժամկետներում և պայմաններում սննդամթերքը կարող է փչանալ, բացի այդ էլ դա անիմաստ ծախս է:

Եթե խանութում ցանկանում եք ինչ–որ բան գնել, միանգամից մի գնեք: Մի պահ մտածեք. արդյոք ձեզ իսկապես անհրաժե՞շտ է: Ինչ վերաբերում է խոշոր գնումներին, ինչպիսիք, տեխնիկան կամ սարքավորումներն են, ապա ավելի լավ է սպասել և մտածել գոնե մեկ շաբաթ կամ 10 օր: Երբ առաջին էմոցիաներն անցնեն, սառը դատողությունը կհուշի, թե ինչպես ճիշտ գործել:

Եթե որոշել եք ձեզ հաճույք պատճառել ու գնել ոսկեղեն, զարդեր, թանկարժեք հագուստ կամ մեկ այլ արժեքավոր իր, ապա ավելի լավ է մի փոքր հետաձգել: Դժվար թե կարանտինում ձեզ հաջողվի մեկին զարմացնել ձեր հագուստով ու թանկարժեք աքսեսուարներով, իսկ խնայողությունները հաստատ կպակասեն։

Տնտեսեք առցանց պատվերներ կատարելիս

 - рис.3

Ձեռներեցներն արտակարգ դրության ժամանակ օգտագործում են ցանկացած հնարավորություն իրենց բիզնեսին աջակցելու համար։ Այսպես, ռեստորանները սկսում են առաքել իրենց ճաշատեսակները, իսկ առևտրային կետերբ`առաքել առցանց ռեժիմում պատվիրված ապրանքները։

Կարանտինի պայմաններում մարդիկ ունենում են շատ ազատ ժամանակ, որը կարելի է գրագետ տնօրինել։ Մասնավորապես, կարելի է ռեստորաններից պատրաստի ճաշատեսակներ պատվիրելու փոխարեն թարմացնել սեփական խոհարարական գիտելիքները։ Ուսումնասիրեք տարբեր բաղադրատոմսեր, որոնք կօգնեն բազմազան դարձնել ձեր խոհանոցը`միաժամանակ գունեղ դարձնելով առօրյա կյանքը։ Վերջիվերջո, ամեն ինչ կախված է յուրաքանչյուր ընտանիքի սովորություններից։ Կարևոր է ամեն ինչ պլանավորել նախօրոք, որպեսզի ստիպված չլինեք գնել կամ պատվիրել ավելորդ մթերք։

Կոմունալների սահմանափակում

 - рис.4

Ինքնամեկուսացման պայմանները պահանջում են վերանայել կոմունալ ծախսերը, քանի որ ամսական ծախսերը մնացել են նույնը, իսկ պետական աջակցությունը սահմանափակ է և ընդգրկում է սոցիալական ոչ բոլոր կատեգորիաները։

Տնտեսելու համար անջատեք բոլոր էլեկտրական սարքերը, որոնք չենք օգտագործում, սակայն թողնում ենք միացված վարդակում։ Վարդակից անջատեք նոութբուքերն ու բջջային հեռախոսները, մի թողեք լարը միացված։ Նոութբուքի մարտկոցը կարող է աշխատել երեք ժամ առանց լիցքավորման, իսկ բջջային հեռախոսն օգտակար է լիցքավորել, երբ այն ամբողջությամբ անջատվել է։ Վարդակից անջատեք հեռուստացույցն ու համակարգիչը, չէ՞որ անգամ անջատված վիճակում նրանք շարունակում են էլեկտրականություն օգտագործել։

Լվացք և արդուկ անելուց ևս տնտեսեք։ Չափից շատ մի լցրեք լվացքի մեքենան, բայց և մի միացրեք կիսադատարկ վիճակում։

Տնտեսեք ջուրը, հետևեք բոլոր ծորակներին, եթե նկատեք, որ հոսում է, վերացրեք թերությունները։

Այս միջոցները, բազմաթիվ փորձագետների կարծիքով, կօգնեն 15–20 տոկոսով նվազեցնել կոմունալ ծախսերը։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-