Ինչի՞ համար են հայկական բորսային անհրաժեշտ նոր տեխնոլոգիաներ

20.02.2018, 14:53
Այսօր Հայաստանի ֆոնդային բորսայում գործնականորեն բոլոր գործարքներն իրականացվում են միջնորդ կառույցների միջոցով։
Ինչի՞ համար են հայկական բորսային անհրաժեշտ նոր տեխնոլոգիաներ
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Հայաստանի ֆոնդային բորսայում գործնականորեն բոլոր գործարքներն իրականացվում են միջնորդ կառույցների` բանկերի և ներդրումային ընկերությունների միջոցով, այդ իսկ պատճառով հայկական ընկերությունների արժեթղթերում ներդրումները հիմնականում իրականացնում են պրոֆեսիոնալ ներդրողները կամ ֆինանսական հատվածի աշխատողները։

Սակայն, ինչպես նշեց NASDAQ OMX Armenia–ի տնօրեն Հայկ Եգանյանը, բորսան իր նոր ռազմավարությամբ ծրագրում է ներդնել նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան մանրածախ ներդրողներին (retail investors) իրենց սմարթֆոնների և համակարգիչների միջոցով բորսայական առուվաճառքի հասանելիություն ստանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Բորսայի նորարարական նախագիծը

 - рис.1

Ուղղակի հասանելիության մեխանիզմն արդեն գործում է պետպարտատոմսերի առուվաճառքի համար։ Այսպիսի օնլայն հարթակը ներդրվել է նախորդ տարվա ապրիլին պետական արժեթղթերի տեղաբաշխման և մարման աճուրդներում`  ֆիզիկական անձանց ներգրավման համար։ Նոր համակարգի շնորհիվ ֆիզիկական անձինք անմիջականորեն պետությունից օնլայն ռեժիմով պետպարտատոմսեր ձեռք բերելու հնարավորություն են ստացել։

Դրա համար անհրաժեշտ էր ID-քարտ ունենալ և գրանցվել Հայաստանի ֆինանսների նախարարության գանձապետական պահառուի www.gp.minfin.am կայքում։ Այդպիսի քարտի բացակայության դեպքում մարդը պետք է այցելի Գանձապետական պահառուի համակարգի սպասարկման կետերից մեկը, որտեղ նրան կգրանցեն համակարգում, կտրամադրեն օգտանուն և գաղտնաբառ։

 - рис.2

Ինչպես նշում է NASDAQ OMX Armenia–ն, պետպարտատոմսերի առցանց գնումը բորսայի նորարարական նախագիծ է, և դրա համանման ծրագիրն ամեն տեղ չէ, որ գործում է։ Ի սկզբանե նախագիծը գործարկվել էր կառավարության համար, իսկ այժմ բորսան ծրագրում է նմանատիպ հարթակ գործարկել ֆինանսական ընկերությունների և բիզնեսի համար, որ նրանք էլ կարողանան իրենց պարտատոմսերն ուղղակիորեն վաճառել։

Բիզնեսին ինչի համա՞ր է բորսան պետք

 - рис.3

Այսօրվա դրությամբ հայկական 20 ընկերություններ ցուցակում են անցել Հայաստանի ֆոնդային բորսայում։ Մեծ հաշվով, բիզնեսի համար բորսան լրացուցիչ միջոցների ներգրավման լավագույն լուծումներից է, քանի որ դրանց ծավալները չեն սահմանափակվում գրավի լիկվիդային գումարով, այլ գնահատվում են բիզնեսի երկարաժամկետ զարգացման ներուժով։

Բացի այդ, ցուցակումը և ընկերության ներկայացվածությունը բարձրացնում է ապրանքանիշի ճանաչելիությունը միջազգային շուկաներում` դրանով իսկ բարձրացնելով նրա հնարավորություններն արտասահմանյան ներդրումների և նոր գործընկերների ներգրավման հարցում։

Ֆոնդային շուկա են հիմնական մտնում այն ընկերությունները, որոնք աուդիտ են անցկացնում, առաջնորդվում են կորպորատիվ կառավարման սկզբունքներով և թափանցիկ են։

Պետք են հարկային փոփոխություններ

 - рис.4

Հայաստանի ֆոնդային բորսայի ամենատարածված գործիքը կորպորատիվ պարտատոմսերն են։ 2017 թվականի արդյունքներով, կորպորատիվ պարտատոմսերով գրանցվել է 10.9 մլրդ դրամի` ռեկորդային ծավալի 630 գործարք նախորդ տարվա 5.9 մլրդ դրամի 511 գործարքի դիմաց։

Բորսայի ղեկավարը նմանատիպ արդյունքը կապում է հայկական բանկերին Կենտրոնական բանկի տրամադրած նորմատիվ առավելությունների հետ, բանկերի համար ավելի շահավետ է դարձել փողեր ներգրավելը պարտատոմսերի թողարկումների միջոցով, քան թե դեպոզիտների ներգրավման հաշվին։

 - рис.5

Պետք է նշել, որ Հայաստանի արժեթղթերի շուկայում պարտատոմսերն առավել անվտանգ և ճկուն գործիքներից են։ Հաշվի առնելով, որ պարտատոմսերի հիմնական թողարկողները բանկերն ու վարկային կազմակերպություններն են, ներդրողներն ընկնում են ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխավորման մասին օրենքի տակ։

Ինչ վերաբերում է բաժնետոմսերում ներդրումներին, ապա դրանք առայժմ այդքան էլ ակտիվ չեն։ 2017 թվականին բաժնետոմսերով գործարքների ծավալը կազմել է 12 մլրդ դրամ (183 գործարք) 2016 թվականի 20.5 մլրդ դրամի դիմաց (84 գործարք)։

Բորսայի ղեկավարը կարծում է, որ բաժնետոմսերի և ֆինանսական այլ գործիքների ակտիվության բարձրացման համար անհրաժեշտ են հարկման գծով օրենսդրական փոփոխություններ։

Լավ ազդակ կհանդիսանար, ըստ նրա, բորսայում ցուցակում անցած ընկերությունների դիվիդենդները շահութահարկից ազատելը։ Նման պրակտիկա գոյություն ունի Մեծ Բրիտանիայում, Սլովակիայում, Մալայզիայում։ Դիվիդենդների հարկային նվազեցված կամ զրոյական տոկոսադրույքի մեխանիզմները կիրառվում են նաև ԵՏՄ երկրներում` Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղըզստանում։

 - рис.6

Ֆոնդային բորսաների համաշխարհային ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքներով, մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների մեծամասնության համար այնպիսի գործոնները, ինչպիսիք են հարկային արտոնությունները, էական ազդեցություն են գործում ներդրումային որոշումների ընդունման վրա։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-