Բանկային խաբեբաներին տարբերելու 7 նշան
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ձեզ ինչ-որ մարդ է զանգահարում, և, ներկայանալով բանկի աշխատակից, ասում, որ ձեր քարտն արգելափակված է, կամ, որ ձեզ մի քանի հազար դրամ են փոխանցել և այն ստանալու համար պետք է հայտնեք քարտի տվյալները: Եվ դուք, ոչինչ չկասկածելով, հայտնում եք նրան այն ամենն, ինչ նա խնդրում է: Ձեր կյանքում նման բան պատահե՞լ է: Եթե ոչ, ապա ձեր բախտը բերել է, քանի որ նման զանգը կարող է շատ վտանգավոր լինել: Ինչպես ցույց է տալիս փորձը, շատ հաճախ նման զանգեր կատարում են խաբեբաները, ովքեր փորձում են տիրանալ ձեր փողերին: Այդ պատճառով շատ կարևոր է հասկանալ, թե ով է իրականում ձեզ զանգահարում, և այդ զանգը` բանկից է, թե ոչ։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 7 նշան, որոնք կօգնեն պարզել, թե ով է ձեզ զանգում` բանկի աշխատակի՞ցը, թե՞ խաբեբան։
1. Ալո, ձեզ զանգում են բանկից. արդյոք դա այդպե՞ս է
Բանկից ձեզ կարող են զանգել միայն նոր առաջարկների մասին պատմելու, վարկի պարտքի մասին հիշեցնելու, ապահովագրություն առաջարկելու համար: Բանկի աշխատակիցը կարող է զանգահարել նաև որևէ գործառնություն հաստատելու համար և այլն: Զանգի համար ցանկացած այլ առիթներ պետք է ամենաքիչը կասկած հարուցեն:
2. Համարը «փակ է»
Բանկից չեն կարող զանգահարել մի համարով, որը ձեր օպերատորը չի կարող «տեսնել»:
Բանկի աշխատակիցները միշտ զանգահարում են կայքում նշված համարից: Նշանակում է, որ «անհայտ համարից» զանգը բացառված է: Որպեսզի ցրեք բոլոր կասկածները, փնտրեք այդ համարը համացանցի որոնման տողում և պարզեք, արդո՞ք այդ համարը պատկանում է բանկին, թե՞ անհատական համար է:
3. Չհիմնավորված հետաքրքրություն ձեր անձնական տվյալների նկատմամբ
Բանկի օպերատորը երբեք չի հարցնի ձեր քարտի համարը, գաղտնի տվյալները և SMS-կոդը։ Առաջինը, որովհետև բանկն ի սկզբանե գիտի ձեր տվյալները (ԱԱՀ–ն, քարտի համարը, քարտի դարձերեսին եռանիշ թիվը, վավերականության ժամկետը), երկրորդը, կա տեղեկատվություն, որը պետք է միայն դուք իմանաք (SMS-կոդը, քարտի ամբողջական համարը, CVC/CVV–ին, ինտերնետ բանկինգի ծածկագիրն ու գաղտնաբառը և այլն)։
Ուստի եթե ձեզ զանգողը ներկայացել է որպես բանկի աշխատակից և խնդրել հայտնել վերոնշյալներից ինչ–որ բան, ապա պետք է ճշտել նրա անունը, հետո զանգել բանկ և խնդրել խոսափողը փոխանցել զանգողին։ Այս պարզ ստուգման արդյունքում ամեն բան «ջրի երես դուրս կգա»։
4. Բանկի SMS–ը գալիս է անհայտ համարից
Բանկից SMS–ները գալիս են 1–2 համարներից, որոնք ձեզ արդեն ծանոթ են։ Իսկ եթե ձեզ SMS են ուղարկել անհայտ համարից, ապա, մեծ է հավանականությունը, որ դա չարագործներ են։ Ամեն դեպքում, մի շտապեք անցնել հաղորդագրությունում նշված հղումներով։ Իսկ բանկի հետ ձեր նամակագրությունն ավելի լավ է պահպանել։ Այդպես ավելի վաղ կատարված գործառնությունների մասին տեղեկատվությունը միշտ ձեր ձեռքի տակ լինի։
Չարագործները հնարում են վախեցնող սցենարներ, որպեսզի ստիպեն մարդուն կատարել անհրաժեշտ գործողություն, օրինակ` հայտնել բանկային քարտի դարձերեսի եռանիշ թիվը և այլն։
Օրինակ, հաղորդում են, որ բանկն արգելափակել է քարտը կամ հաշիվը, վարկի դիմաց տուգանք է սահմանել կամ նման մի բան։ Նման իրավիճակում պարզաբանման համար միանգամից զանգեք բանկ պաշտոնական կայքում կամ քարտի վրա գրված հեռախոսահամարով։ Եվ եթե ձեր քարտի կամ հաշվեհամարի հետ, իսկապես, խնդիր կա, ապա ավելի լավ է նման հարցերը լուծել բանկի մասնաճյուղում, ոչ թե հեռախոսով։
6. Մրցանակների կամ շահումների մասին ծանուցումները կարող են պարզապես ծուղակ լինել

Էլեկտրոնային փոստով կամ սոցցանցերով ուղարկված բանկային առաջարկները կարող են ընդհանրապես կապ չունենալ բանկերի հետ և ուղարկված լինել չարագործների կողմից, ովքեր գողանում են անձնական տվյալները։ Գրավիչ առաջարկներ ներկայացնող հղումով անցնելու դեպքում սմարթֆոնի կամ համակարգչի վրա կարող են տեղադրվել վնասակար ծրագրային ապահովումներ, որոնց միջոցով չարագործների ձեռքում են հայտնվում օգտատիրոջ անձնական տվյալները։ Հղումով անցնելուց առաջ համոզվեք, որ մրցույթը կամ խաղարկությունն իսկապես գոյություն ունի։ Զանգեք բանկ և ճշտեք, թե ստացված տեղեկատվությունը որքանով է հավաստի։
7. Սխալ` հեռախոսահամարի կամ ուղարկողի անվան մեջ

Առանձին պետք է խոսել SMS հաղորդագրությունների մասին, որոնք իբր ստացվում են բանկից։ Եթե դուք ստացել եք նման հաղորդագրություն, ուշադիր ուսումնասիրեք հեռախոսահամարը կամ ուղարկողի անունը։ Չարագործները հաճախ անվանման մեջ փոխում են միայն մեկ տառը կամ համարի թիվը` փորձելով գցել մոլորության մեջ։ Եթե դուք օգտվում եք սմարթֆոնից, ապա չարագործների հաղորդագրությունը կգա առանձին, այլ ոչ թե բանկի մշտական համարի տակ, ուր սովորաբար գալիս են բանկից ստացվող հաղորդագրությունները։ Չարժե նաև անցնել այդ հաղորդագրություններում գրված հղումներով, անցնելու դեպքում սմարթֆոնում կարող է հայտնվել վնասակար ծրագիր, որը կփոխի հեռախոսահամարը կամ կուղարկի SMS առանց ձեր իմացության` ստեղծելով ավելորդ խնդիրներ։
Հետգրության փոխարեն
Եթե չարագործներին, այնուամենայնիվ, հաջողվել է ստանալ հասանելիություն ձեր գումարների նկատմամբ, ապա դուք պետք է անհապաղ արգելափակեք քարտը, միջադեպի մասին տեղեկացնեք բանկին, գրանցեք այն հեռախոսահամարները, որոնցից ձեզ զանգել են և պահպանեք հաղորդագրությունների screenshot–երը, դիմում գրեք բանկում և ոստիկանությունում։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

