Արժե՞, արդյոք, վարկ վերցնել Ամանորը տոնելու համար

21.12.2018, 11:59
Ամանորը մտերիմներին բազմազան նվերներով ուրախացնելու բացառիկ հնարավորություն է:
Արժե՞, արդյոք, վարկ վերցնել Ամանորը տոնելու համար
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորը մտերիմներին բազմազան նվերներով ուրախացնելու բացառիկ հնարավորություն է, սակայն ֆինանսական հնարավորությունները կամ ժամանակի բացակայությունը միշտ չէ, որ թույլ են տալիս կատարել ցանկացած գնում կամ օգտվել բազմազան ու գրավիչ ակցիաներից։

Ամանորյա տոները ուրախ դիմավորելու, մտերիմներին նվերներով ուրախացնելու համար մարդիկ հաճախ մտածում են վարկ վերցնելու մասին։ Սակայն այդ քայլին դիմելուց առաջ չարժե մոռանալ, որ տոներին հետևում է առօրյան ու վարկով վերցրած գումարի դիմաց վճարելու անհրաժեշտությունը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է «գլուխ հանել», թե որքանով վարկը կարող է օգնել Ամանորը դիմավորելու հետ կապված հարցերը լուծելու գործում։

Փաստարկներ Ամանորին վարկ վերցնելու օգտին

 - рис.1

Ոմանք կարծոմ են, որ կարելի է առանց մտավախության վարկ վերցնել, եթե գոնե վերջին տարվա ընթացքում եկամտի հետ կապված ամեն ինչ կարգին է եղել։

Ամանորին վարկ վերցնելու կողմնակիցները որպես դրական փաստ նշում են բանկերի կողմից անցկացվող ամանորյա տարատեսակ ակցիաները, որոնք թույլ են տալիս վերցնել վարկ ավելի շահավետ պայմաններով, քան սովորական օրերին։ Այդ ակցիաները հիմնականում կապված են այն բանի հետ, որ անցնող ֆինանսական տարվա հաշվետվությունը փակելուց առաջ բանկերն ավելի լոյալ են դառնում իրենց պոտենցիալ վարկառուների նկատմամբ և փորձում են կատարել վարկավորման հետ կապված պլանը։

Արդյունքում, շուկայում հայտնվում են ամենատարբեր վարկային առաջարկներ` ավելի ցածր տոկոսադրույքով և արտոնյալ ժամանակահատվածով։ Բացի այդ, տարեվերջին վարկառուներին, որպես կանոն, ավելի քիչ են ստուգում, քան սովորական օրերին։ Այնպես որ կա շահավետ վարկ վերցնելու իրական հնարավորություն։

Փաստարկներ Ամանորին վարկ վերցնելու դեմ

 - рис.2

Հակառակ տեսակետի կողմնակիցները կարծում են, որ ֆինանսական ցածր գրագիտության պատճառով մարդիկ հաճախ վարկերի միջոցով են լուծում իրենց կարճաժամկետ ֆինանսական խնդիրները։ Սակայն, չհաշվարկելով սեփական հնարավորությունները, իրենց գցում են պարտքային «փոսերի» մեջ` վատացնելով սեփական ֆինանսական վիճակը։ Պետք չէ մոռանալ, որ դրամական միջոցների ցանկացած փոխառություն ենթադրում է վարկային պարտավորություններ և ավել գումարի վճարում։

Բացի այդ, Ամանորյա տոների նախաշեմին դուք կունենաք բազմաթիվ չպլանավորված ծախսեր, և վարկի մարման առաջին վճարը կարող է շատ «ծանր» լինել առանց այդ էլ «նիհարած» ընտանեկան բյուջեի համար։

Ի՞նչ անել, եթե, այնուամենայնիվ, որոշել եք վարկ վերցնել

 - рис.3

Ինչ-որ բան գնելու համար վարկ վերցնելուց առաջ պետք է հասկանալ, թե որքանով է այն ձեզ անհրաժեշտ և կարող եք արդյոք այն ձեռք բերել սեփական միջոցներով: Վերլուծեք եկամտցի ձեր աղբյուրները, համադրեք ամսական վճարման չափի հետ: Ապրանքը կարելի է գնել, եթե կարող եք ընտանեկան բյուջեից ամսական առանձնացնել 20-30 տոկոս վարկի մարմանը: Այլ կերպ, գոյություն ունի պարտքի մեջ մտնելու և վարկային պատմությունը փչացնելու ռիսկ:

Խորհուրդ չի տրվում արժութային վարկեր վերցնել, չէ՞ որ արժույթի աճի դեպքում կարելի է հայտնվել բավականին բարդ իրավիճակում: Նախքան վարկ վերցնելը պետք է ընտրել ամենաշահավետ վարկավորման պայմաններով բանկը: Դրամական միջոցներ վերցնելուց առաջ անհրաժեշտ է համեմատել պարտքի ընդհանուր գումարը և ամսական վճարումների չափը:

Այդպես կարելի է հասկանալ, թե որտեղ կարելի է հավելավճարներից հնարավորինս խուսափել:

Եթե դուք, այնուամեյնանիվ, որոշել եք վարկ վերցնել, ապա մի ծուլացեք ամբողջովին կարդալ վարկային պայմանագիրը: Պետք է առանձին ուշադրություն դարձնել բանկի կողմից միակողմանի տոկոսադրոյքի փոփոխությանը, որպեսզի չխաբվել վարկային պայմանագիր կնքելուց հետո: Բացի այդ, անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ վարկը վաղաժամ փակման կամ վճարման ուշացման դեպքում տուգանքի չափին (եթե դա գրված է պայմանագրում), ինչպես նաև վարկի սպասարկման, մասնավորապես, դիմումի քննարկման, հաշվի սպասարկման և փոխառությունների հետ կապված այլ գործընթացների հավելյալ միջնորդավճարների չափերին:

Եվ այսպես, պետք է, արդյո՞ք, վարկ վերցնել

 - рис.4

Յուրաքանչուր մարդ, կախված իր նախասիրություններից և հնարավորություններից, ինքն է որոշում` վերցնել վարկ, թե ոչ: Սակայն վարկ վերցնելուց առաջ մտածեք` արժե արդյոք տոնական մի քանի օրվա սեղանը վարկ փակելու գլխացավանքին:

Հիշեք, որ վարկը, փաստացի, ավելացնում է ձեր տոնական սեղանի և նվերների գները: Համապատասխանաբար, նախատոնական գնումների համար վերցրած վարկը նշանակում է, որ դուք կատարել եք գնումներն առանց զեղչի:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-