Apple Pay. ինչպես օգտվել և ինչու է այն հարմար

15.04.2022, 11:04
Պատմում ենք ApplePay-ի աշխատանքի առանձնահատկությունների և հարմարավետության մասին
Apple Pay. ինչպես օգտվել և ինչու է այն հարմար

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ձեզ ձանձրացրել է դրամապանակում պահել մի քանի քարտ կամ կանխիկ գումար՝ գնումների կամ այլ ծառայությունների դիմաց վճարելու համար, այդ դեպքւմ ApplePay-ը ձեզ համար է: Ծառայությունը Հայաստանում գործում է հունվարից և դառնում է ավելի տարածված: ApplePay-ի դեպքում դուք այլևս կարող եք չդիպչել վճարային տերմինալի կոճակներին, այն թույլ է տալիս վճարումներ իրականացնել հենց հեռախոսից՝ կցելով այն բանկային քարտի համակարգին: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պատմում է ApplePay-ի աշխատանքի առանձնահատկությունների և հարմարավետության մասին:

Ի՞նչ է Apple Pay-ը 

Apple Pay-ը վճարային համակարգ է, որը թույլ է տալիս իրականացնել վճարումներ՝ դնելով բջջային սարքը տերմինալին: Համակարգն աշխատում է NFC պրոտոկոլով բացառապես այն տերմինալներում, որոնք ընդունում են անհպում վճարումներ (նման սարքերի վրա գրված է PayPass կամ PayWave): 

 - рис.1

Ինչպե՞ս է աշխատում Apple Pay–ը

Apple Pay-ի միջոցով կարելի է վճարել խանութներում, կայքերում և բջջային հավելվածներում կատարված գնումների համար: Դա վճարում կատարելու պարզ և անվտանգ միջոց է, պետք է միայն բջջայինը մոտեցնել տերմինալին, հավելվածում ընտրել քարտն ու մատով դիպչել Touch ID-ին: 

Apple Watch սարքերում վճարումն իրականացվում է սնուցման կոճակին երկու անգամ սեղմելու միջոցով՝ առանց հատուկ նույնականացման:

Ու՞մ է հասանելի համակարգն ու ինչպե՞ս կցել քարտը 

Apple Pay-ը գործում է iPhone 6-ից բարձր մոդելներում, այդ թվում՝ iPhone SE և Apple Watch (այնտեղ պետք է կարգավորել համակարգը iPhone 5-ի, 5s-ի և 5c-ի միջոցով): Բանկային քարտը կարելի է կցել Wallet հավելվածի միջոցով: Համակարգը լռելյայն կցում է քարտերը, որոնք ավելի վաղ կցված էին iTunes-ի հաշվին, բայց կարել է լրացուցիչ ավելացնել մինչև յոթ դեբետային կամ վարկային քարտեր:

ՏՏ անվտանգության ոլորտի մասնագետ Արթուր Պապյանը «Նովոստի-Արմենիա»-ին ներկայացրել է, թե ինչպես է պետք տեղադրել Apple Pay–ը: Դրա համար պետք է անցնել Apple Wallet և դրա միջոցով ակտիվացնել Apple Pay-ը՝ մուտքագրելով այն բանկի քարտի տվյալները, որը վճարային համակարգի գործընկերն է: Տեղադրման հաջորդ տարբերակն ավելի տարածված է և աշխատում է բանկային հավելվածների միջոցով, որտեղ կա հղում Apple Pay-ի համապատասխան ծրագրի վրա, որը կցվում է առցանց դրամապանակին: 

«Apple Pay-ը տեխնիկապես շատ պարզ է օգտագործել. տեղադրումից հետո կհայտնվի կոճակ, որը պետք է երկու անգամ սեղմել՝ Apple Pay-ի ավտոմատ ակտիվացման համար: Այնուհետև պետք է անցնել անվտանգության որոշակի փուլ (մատնահետք, Face ID, գաղտնաբառ), հետո արդեն կարելի է գործարք կատարել», - ասաց Պապյանը: 

 - рис.2

Ո՞րն է ծառայության առավելությունը                                                           

Apple Pay-ով կատարվող վճարումն իրականացվում է առանց միջնորդավճարի: Բացի այդ, համակարգի միջոցով կարելի է խնայել ժամանակ՝ վճարում կատարել հենց հեռախոսից՝ առանց բանկային քարտի կամ կանխիկի: Apple Pay-ի գլխավոր առավելություններից է անվտանգությունն ու պաշտպանվածությունը: 

Ինչպե՞ս Apple Pay-ով վճարել ինտերնետային գնումների համար

Apple Pay-ը, մասնավորապես, հեշտացնում է վճարումն առցանց գնումների, տրանսպորտի, կայանատեղիի և սննդի առաքման համար:

Համակարգը կարելի է օգտագործել ավելի արագ և հարմար գնումներ կատարելի համար iPhone-ով, iPad-ով և Mac-ով, Safari-ում հասանելի հավելվածներում և կայքերում: Ընդ որում պետք չէ ստեղծել հաշիվ կամ կրկին մուտքագրել տեղեկատվություն առաքման և վճարի մասին: 

 - рис.3

Որքա՞ն անվտանգ է Apple Pay–ը 

Այսօրվա դրությամբ Apple Pay–ը կոտրելու դեպքեր չեն գրանցվել։ Ծառայության միջոցով վճարում կատարելիս սմարթֆոնը POS տերմինալին չի փոխանցում քարտի տվյալները, այլ միայն փոխանակվում է տոկենով` ունիկալ, մեկանգամյա բանալիով։ Նույնիսկ եթե չարագործները նույնականացնեն տոկենը, նրանց չի հաջողվի օգտագործել այն երկրորդ անգամ։

Apple Pay ծառայությունը չի պահպանում բանկային քարտի համարը, այլ փոխանցում է նրան հաշիվ։ Համարը պահպանվում է պաշտպանված չիպում, չի բեռնվում ո′չ սերվերներ, ո′չ iCloud։ Դրա շնորհիվ հաջողվում է ապահովել տվյալների լրացուցիչ պաշտպանություն ինտերնետում գնումներ կատարելիս։ Քարտի տվյալները չեն մուտքագրվում բրաուզեր, դրանք հնարավոր չէ գողանալ հետևող ծրագրերի միջոցով։ Լրացուցիչ անվտանգություն է ապահովում Touch ID համակարգը, որի միջոցով հաստատվում են Apple Pay–ով կատարվող վճարումները։ 

Ինչպես նշեց Պապյանը, Apple Pay–ի միջոցով ամեն օր կատարվում են միլիոնավոր գործառնություններ և նման մեծ քանակի գործարքների դեպքում պահպանվում է PCI DSS ստանդարտը, այն սահմանում է պահանջներ տվյալների պահպանման նկատմամբ կոնկրետ վճարային համակարգում։ 

«Քանի որ Apple Pay–ը խոշորագույն վճարային համակարգերից մեկն է, այնտեղ իրականացվում են անվտանգության հետ կապված լուրջ աուդիտներ և ստուգումներ, գտնվում են բացթողումները, ձեռնարկվում են համապատասխան քայլեր` դրանք շտկելու համար։ Apple Pay–ը հնարավորինս համապատասխանում է անվտանգության լավագույն չափորոշիչներին», – ընդգծեց փորձագետը։ 

Պապյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ առանց օգտատիրոջ իմացության տեխնիկապես անհնար է գումար հանել Apple Pay–ից, քանի որ գործառնություն կատարելու համար պետք է անցնել մի քանի քայլ։ 

 - рис.4

Որտե՞ղ են ընդունվում վճարումներ Apple Pay–ի միջոցով 

Խանութներում, դեղատներում, ռեստորաններում, սրճարաններում և այլ վայրերում, որտեղ վճարում ընդունող սարքի վրա կա այդ սիմվոլներից մեկը։

 - рис.5

Պապյանը նշեց, որ Apple Pay–ի միջոցով կարելի է վճարում կատարել անհպում վճարումներ ընդունող բոլոր վճարաային տերմինալների միջոցով։

Նա նշեց, որ Apple Pay–ի հետ համագործակցելու համար բանկերը պետք է համապատասխանեն որոշակի չափորոշիչների, Apple–ին վճարեն միջնորդավճարներ, կնքեն պայմանագրեր։ 

Փորձագետի գնահատմամբ, Հայաստանում Apple Pay–ի առկայությունը վկայում է այն մասին, որ երկրի ֆինանսական համակարգը բավականին կայացած է, և Apple Pay–ի հետ աշխատող բանկերը համապատասխանում են որակի և անվտանգության չափորոշիչներին։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-