Ամեն ինչ բանկային հաշվի մասին. անհրաժեշտություն, հնարավորություններ, հուսալիություն
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից աշխարհում բանկային հաշվի առկայությունը խիստ անհրաժեշտություն է։ Գրեթե չկա մարդ, ով չունի բանկային քարտ կամ հաշիվ։ Շատերն արդեն հասկանում են, որ բանկային հաշվի առկայությունը թույլ է տալիս անվտանգ պահել փողերը, կատարել ընթացիկ անկանխիկ գործառնություններ` դուրս չգալով տնից կամ աշխատավայրից, ինչպես նաև առցանց ռեժիմում հետևել եկամուտներին և ծախսերին։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այն հնարավորությունները, որոնք բացվում են մարդու առաջ բանկային հաշիվ ունենալու դեպքում։
Ինչու՞ է պետք բացել բանկային հաշիվ

Առաջին հերթին բանկային հաշիվը դրամական միջոցները կառավարելու հարմար և անվտանգ միջոց է։ Բացի այդ, բանկային հաշիվը թույլ է տալիս ձևավորել ձեր միջոցների շարժի հստակ պատկեր, ինչը հնարավորություն է ընձեռում ավելի գրագետ պլանավորել սեփական բյուջեն։ Միաժամանակ, դուք կարող եք ցանկացած պահի դիմել բանկ և հետ ստանալ ձեր փողերը։ Ավելին, բազմաթիվ բանկեր պատրաստ են տոկոսներ վճարել հաշվում առկա միջոցների համար։
Ի՞նչ ուրիշ հնարավորություններ են բացվում ձեր առջև
Ունենալով բանկային հաշիվ՝ դուք կարող եք բանկին հանձնարարել ձեր հաշվից կատարել կոմունալ և այլ պարբերական վճարումներ, ընդ որում, ձեզ հարմար չափով՝ չանհանգստանալով, որ մոռացել եք կամ բաց եք թողել վճարումը։ Բացի այդ, բանկային հաշվին կարելի է ստանալ կամ ուղարկել գումար, առանց անհանգստանալու, որ այն հնարավոր է չհասնի հասցեատիրոջը։ Կարելի է ստանալ աշխատավարձ կամ համալրել հաշիվն այլ վճարումներով և միջոցներով։ Ընդ որում, այդ գումարն անհրաժեշտության դեպքում միշտ կարելի է կանխիկացնել ինչպես բանկային քարտի միջոցով, այնպես էլ անմիջապես բանկում։
Ներկայումս, շատ բանկեր խնայում են ձեր ժամանակը՝ թույլ տալով կատարել հեռահար գործառնություններ, օրինակ , համակարգչից կամ սմարթֆոնից՝ հատուկ բջջային հավելվածի շնորհիվ։
Ինչո՞վ է տարբերվում բանկային հաշիվը ավանդից
Ավանդը ֆինանսական գործիք է, որը թույլ է տալիս հուսալի և շահավետ պահպանել սեփական խնայողությունները։ Իսկ բանկային հաշիվը մի գործիք է, որի միջոցով հնարավոր է կառավարել դրամական միջոցների շարժն ու կատարել անվտանգ և արդյունավետ ֆինանսական գործառնություններ։ Ընդ որում ավանդը չունի այն բոլոր հնարավորությունները, որոնք տրամադրում է բանկային հաշիվը, օրինակ, ավանդի համար գործում են համալրման կամ գումար հանելու ժամանակային սահմանափակումներ։
Որտե՞ղ և ինչպե՞ս բացել բանկային հաշիվ
Հայաստանում բանկային հաշիվ կարելի է բացել միայն բանկում: Եթե դուք որոշել եք, թե որ բանկում եք պահելու ձեր միջոցները, ապա անհրաժեշտ է այցելել այդ բանկի մասնաճյուղերից մեկը, լրացնել հաշիվ բացելու դիմում, ներկայացնել փաստաթղթեր և պայմանագիր կնքել բանկային հաշվի մասին: Ընդ որում մինչև ստորագրելը ուշադիր կարդացեք փաստաթուղթը և ծանոթացեք բոլոր պայմաններին՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար:
Որպես կանոն, հաշիվ բացելու պայմանագիրը կնքվում է մի քանի օրինակով, որոնցից մեկը տալիս են ձեզ. անպայման պահեք այն: Պայմանագրի կնքումից հետո բանկում ձեր անունով բացվում է բանկային հաշիվ այն արժույթով, որը դուք ընտրել եք: Ի դեպ, դուք կարող եք հաշիվներ բացել մի քանի արժույթով (եթե կա այդպիսի անհրաժեշտություն), օրինակ` դրամով և դոլարով: Եթե պատրաստվում եք այդ հաշվին դրամով աշխատավարձ ստանալ և կատարել ինչ-որ գործարքներ դոլարով, ապա դա շատ հարմար կլինի:
Հուսալի՞ է, արդյոք, բանկային հաշվի բացումը

Որոշ մարդիկ զգուշանում են բանկային հաշիվ բացելուց՝ վախենալով կորցնել սեփական փողերը բանկի սնանկացման դեպքում: Իրականում նման սպառնալիք չկա: Չնայած ճիշտ չէ ամբողջությամբ բացառել սնանկության հնարավորությունը, այնուամենայնիվ, Հայաստանում բանկերի գործունեությունը գտնվում է Կենտրոնական բանկի խիստ հսկողության ներքո, և վերջինս, որևէ խնդրի դեպքում անմիջապես ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ:
Բայց, եթե անգամ դիտարկենք ամենավատ սցենարը, երբ բանկն ի վիճակի չէ կատարել սեփական պարտավորությունները և վերադարձնել ձեր գումարները, դուք, միևնույնն է, կստանաք դրանք Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի շնորհիվ: Հիմնադրամը բանկում պահվող ձեր բոլոր ֆինանսները դիտարկում է որպես միասնական ավանդ և պատրաստ է փոխհատուցել, եթե բանկի մոտ առաջացել են խնդիրներ:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

