Ակտիվ և պասիվ եկամուտ․ հինգ առանցքային տարբերություն և կիրառման ռազմավարություններ
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Մի՛ աշխատեք փողի համար, թող փողն աշխատի ձեզ համար», ասում էր հայտնի ամերիկացի ձեռնարկատեր և ներդրող Ռոբերտ Կիյոսակին։ Ինչպե՞ս կյանքի կոչել այս փիլիսոփայությունը։ Ամեն ինչ սկսվում է եկամտի տարբեր աղբյուրները և դրանց աշխատանքի մեխանիզմները հասկանալուց։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պատմում է ակտիվ և պասիվ եկամտի, դրանց առանցքային տարբերությունների, ինչպես նաև այն մասին, թե երբ է դրանցից յուրաքանչյուրն առավել շահավետ։
Երկու ուղի դեպի ֆինանսական բարեկեցություն

Ֆինանսական բարեկեցության ձգտումը բնական է յուրաքանչյուր մարդու համար: Դրան կարելի է հասնել՝ ստեղծելով եկամտի տարբեր աղբյուրներ՝ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ: Դրանց հիմնական տարբերությունը վաստակելու գործընթացում անձնական ներգրավվածության աստիճանն է և միջոցներ ստանալու եղանակը:
Ակտիվ եկամուտ. աշխատանքը՝ որպես միջոցների աղբյուր
Ակտիվ եկամուտն այն գումարն է, որը դուք վաստակում եք՝ ակտիվորեն մասնակցելով աշխատանքին կամ գործունեությանը, որը պահանջում է շարունակական մասնակցություն: Նման եկամուտը պահանջում է ժամանակի, էներգիայի կամ նյութական ռեսուրսների ներդրում:
Ակտիվ եկամտի առանձնահատկությունները
- ակտիվ եկամուտը պահանջում է անձի մշտական մասնակցությունը վաստակելու գործընթացում: Դա կարող է լինել ամենօրյա աշխատանք գրասենյակում կամ արտադրության մեջ՝ որպես վարձու աշխատող, բիզնեսի վարում, որում կա ուղղակի ֆինանսական մասնակցություն, նախագծերի կատարում տանը, հաճախորդներին ծառայությունների մատուցում։
- եկամտի չափը համամասնական է մատուցված ծառայությունների քանակին կամ աշխատած ժամանակին
- եկամտի չափի կախված է տարբեր գործոններից, օրինակ՝ սեզոնայնություն որոշակի ոլորտներում, շուկայական կոնյուկտուրայի փոփոխություններ և այլն
- ժամանակի կախվածություն. աշխատանքի դադարեցումն ավտոմատ կերպով հանգեցնում է միջոցների աղբյուրի անհետացման։
Ակտիվ եկամտի օրինակներ
· վարձու աշխատողի աշխատավարձ
· ֆրիլանսերների վարձատրություն կատարված նախագծերի համար
· միջնորդավճարներ վաճառքի ներկայացուցիչներին
· բիզնեսից ստացված եկամուտ՝ սեփականատիրոջ անձնական մասնակցության դեպքում
Պասիվ եկամուտ․ կապիտալ, որն աշխատում է ձեզ համար

Պասիվ եկամուտը հիանալի միջոց է ֆինանսական անկախությունն ապահովելու և կապիտալի կուտակման գործընթացն արագացնելու համար: Պասիվ եկամուտ ստանալու համար պետք է ունենալ մեկնարկային կապիտալ կամ որոշակի արժեք, այսինքն՝ ակտիվ, որպեսզի հետագայում հնարավոր լինի դրանից շահույթ ստանալ:
Պասիվ եկամտի առանձնահատկությունները
– պասիվ եկամուտ, որը դուք ստանում եք պարբերաբար՝ առանց որևէ ջանք գործադրելու ժամանակի կամ գումարի սկզբնական ներդրումից հետո
- եկամուտը գալիս է որոշակի հաճախականությամբ. ոմանք գումար են ստանում ամեն ամիս, մյուսները՝ եռամսյակը մեկ կամ տարին մեկ անգամ
- կա հնարավորություն միաժամանակ ստեղծել եկամտի մի քանի աղբյուր
Պասիվ եկամտի օրինակներ
· Բանկային ավանդներ։ Հաճախորդի գումարի օգտագործման համար ֆինանսական հաստատությունը վճարում է տոկոսներ՝ ապահովելով պասիվ եկամուտ։
· Բաժնետոմսեր՝ շահաբաժինների վճարմամբ։ Շահաբաժինների վճարումները կարող են կատարվել տարեկան կամ երեք ամիսը մեկ։ (Սակայն, բաժնետոմսերի եկամտաբերությունը երաշխավորված չէ. այն կազմակերպությունը, որի բաժնետոմսերը ձեռք են բերվել, կարող է աշխատել վնասով)։
· Անշարժ գույքի վարձով հանձնում։ Կարելի է վարձով հանձնել ինչպես բնակելի, այնպես էլ առևտրային անշարժ գույք։ Պասիվ եկամուտ ստանալու համար հնարավոր է անշարժ գույքը փոխանցել կառավարող ընկերությանը կամ գործակալությանը։
· Պարգևատրում մտավոր սեփականության համար։ Պասիվ եկամուտը հաճախ ստանում են արդյունաբերական սեփականության (գյուտեր, արդյունաբերական նմուշներ, ապրանքային նշաններ և այլն) և հեղինակային իրավունքի (գրական և երաժշտական ստեղծագործություններ, ծրագրային ապահովում և այլն) հեղինակները։
· Կենսաթոշակային վճարումներ։ Կենսաթոշակը պասիվ եկամտի ամենատարածված տեսակներից մեկն է։ Այն ստանում են տարիքի, հաշմանդամության կամ կերակրողի կորստի դեպքում։
· Սոցիալական նպաստներ։ Պետությունն աջակցում է նրանց, ովքեր հայտնվում են կյանքի դժվարին իրավիճակում։ Նպաստները կարող են լինել մշտական կամ ժամանակավոր՝ կախված կարգավիճակից և ստացման պայմաններից։
Պասիվ և ակտիվ եկամտի առանցքային տարբերությունները

1. Անձնական ներգրավվածության աստիճանը։ Պասիվ եկամուտը թույլ է տալիս համալրել բյուջեն առանց աշխատելու։
Ակտիվ եկամուտը պահանջում է մշտական աշխատանք։ Ստացված վարձատրության չափը կախված կլինի աշխատանքի արդյունքներից կամ դրա վրա ծախսած ժամանակից։ Եթե մարդը, ինչ-ինչ պատճառներով, դադարում է աշխատել, նա կորցնում է եկամուտը, և դրանից տուժում է նրա բյուջեն։
2. Սկզբնական պահանջներ։ Պասիվ եկամուտը պահանջում է կապիտալի կամ այլ ակտիվների պարտադիր սկզբնական ներդրում։
Ակտիվ եկամտի դեպքում նման պահանջն անհրաժեշտ է միայն որոշակի դեպքերում, օրինակ՝ սեփական բիզնեսը ստեղծելիս։
3. Մասշտաբայնություն։ Պասիվ եկամուտը չի սահմանափակվում անձի ֆիզիկական կարողություններով։ Մարդը կարող է իր կապիտալը մաս-մաս ներդնել տարբեր նախագծերում, և դրանք կարող են լինել մի քանիսը։
Ակտիվ եկամուտը սահմանափակվում է անձի ֆիզիկական կարողություններով։ Սովորաբար մարդիկ կարող են ունենալ մեկ, ավելի հազվադեպ՝ երկու աշխատանք և կարոզ են աշխատել միայն որոշակի ժամանակահատվածում։
4. Ռիսկերի կառավարում։ Պասիվ եկամտի դեպքում կարելի է ներդրումներ կատարել տարբեր նախագծերում, և որքան շատ են նախագծերը, այնքան ցածր է ամբողջ գումարը կորցնելու ռիսկը։ Եթե մի քանի նախագծեր ձախողվեն, դեռ կարելի է շահույթ ստանալ մնացածից։
Ակտիվ եկամտի դեպքում մշտական աշխատանքի կորուստը նշանակում է կորցնել ամբողջ կապիտալը։
5. Ֆինանսական մտածողություն։ Պասիվ եկամուտ ստացող մարդիկ գիտեն փողի ուժը, ուստի այն աշխատեցնում են, որպեսզի նոր գումար ստանան։ Նրանք ավելի մեծ հնարավորություն ունեն ձեռք բերել ֆինանսական կայունություն և անկախություն։
Ու՞մ և ե՞րբ է ձեռնտու ակտիվ կամ պասիվ եկամուտը

• Ակտիվ եկամուտը լավագույն տարբերակն է նրանց համար, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան, ձեռք են բերում փորձ կամ կառուցում են սեփական բիզնեսը: Այն օգնում է ձևավորել կապիտալ ապագա ներդրումների համար: Հարմար է ուսանողների, կարիերայի սկզբում գտնվող մասնագետների, զարգացման ակտիվ փուլում գտնվող ձեռնարկատերերի համար:
• Պասիվ եկամուտն ավելի ձեռնտու է նրանց համար, ովքեր արդեն կուտակել են կապիտալ կամ ունեն արժեքավոր ակտիվներ: Այն ապահովում է ֆինանսական կայունություն և անկախություն: Այն հարմար է ներդրողների, ընտանեկան երկարաժամկետ անվտանգություն պլանավորող մարդկանց և նրանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել իրենց կախվածությունն ամենօրյա աշխատանքից:
Եզրակացություն

Ակտիվ և պասիվ եկամուտները հակադիր չեն, նրանք փոխլրացնում են միմյանց: Կյանքի և կարիերայի վաղ փուլերում մարդիկ հաճախ ստիպված են հույսը դնել ակտիվ եկամտի վրա՝ ապագա ներդրումների համար հիմք ստեղծելու նպատակով: Սակայն հենց պասիվ եկամուտն է, որ հանգեցնում է ֆինանսական ազատության, թույլ է տալիս ոչ միայն խնայել գումար, այլև կրկնապատկել այն: Օպտիմալ ռազմավարությունն է օգտագործել ակտիվ եկամուտը որպես կապիտալի կուտակման գործիք և աստիճանաբար այն վերածել պասիվ աղբյուրների:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

