Վերաֆինանսավորման տոկոսադրույք. ի՞նչ է դա և ինչի՞ վրա է ազդում

10.09.2019, 16:02
Պատմում ենք, թե ինչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և ինչպես են դրա փոփոխություններն ազդում մեզ վրա։
Վերաֆինանսավորման տոկոսադրույք. ի՞նչ է դա և ինչի՞ վրա է ազդում

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ժամանակ առ ժամանակ լսում ենք, որ Հայաստանի կենտրոնական բանկը նվազեցրել կամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սակայն ոչ բոլորն են հասկանում, թե ինչի մասին է խոսքը, և ինչպես այն կարող է ազդել յուրաքանչյուրիս կյանքի վրա։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը պատմում է իր ընթերցողին, թե ինչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և ինչպես են դրա փոփոխություններն ազդում մեզ վրա։

Թեև Հայաստանի բնակչության մեծամասնությունը երբեք առիթ չի ունեցել բախվելու այս ֆինանասկան ցուցանիշի հետ ուղղակիորեն, բայց այն անուղղակիորեն ազդում է մեր երկրի ողջ տնտեսական կյանքի և առանձին վերցրած մարդու կյանքի վրա։

Ի՞նչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

 - рис.1

Եթե խոսենք պարզ լեզվով, ապա վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն ցուցանիշն է, թե ինչ գնով են բանկերն ու վարկային կազմակերպությունները գումար փոխառում Կենտրոնական բանկից, որը երկրի ամբողջ բանկային համակարգի վարկատուն է։ Կարգավորիչը սահմանում է դրա չափը` հաշվի առնելով տնտեսական ցուցանիշները, այդ իսկ պատճառով տոկոսադրույքի մեծությունը կարող է կամ աճել, կամ նվազել։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի դիմաց վարկեր ստանալով` առևտրային բանկերն իրենց հերթին վարկավորում են բնակչությանն ու բիզնեսը։ Այստեղ արդեն տոկոսներն ավելի բարձր են, դրանք կախված են մի շարք գործոններից, այդ թվում` բանկային համակարգի բարձր մրցակցությունից, որը զսպում է դրանց աճը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի և բանկային վարկերի տոկոսադրույքների միջև տարբերությունից գոյանում է բանկերի եկամուտը։

Առևտրային բանկերն այս շղթայում հանդես են գալիս որպես միջնորդներ Կենտրոնական բանկի և վարկառուների միջև, քանի որ ֆինանսական կարգավորիչ հանդիսացող ԿԲ–ն աշխատում է միայն խոշոր ֆինանսական կառույցների և դրամական մեծ հոսքերի հետ։ Ամբողջ երկրով լայն մասնաճյուղային ցանց և բաժանմունքներ ունեցող առևտրային բանկերն ուղղակիորեն աշխատում են բնակչության և բիզնես կառույցների հետ` տրամադրելով տարբեր նշանակության և չափի վարկեր։

Ինչպե՞ս է սահմանվում վերաֆինանսավորման տոկոսադրույքի մեծությունը

 - рис.2

Կենտրոնական բանկը սահմանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` ելնելով երկրի տնտեսության ընթացիկ վիճակից և գնաճի մակարդակից։ Որքան ավելի բարձր է գնաճը, այնքան ավելի բարձր է տոկոսադրույքը, և հակառակը։

Կենտրոնական բանկը տարին մի քանի անգամ վերանայում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բայց ոչ միշտ է փոխում։

Այսօրվա դրությամբ Հայաստանի ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 5.75 տոկոսի մակարդակում։ Այն այսպիսին է տարեսկզբից` վերջին անգամ 2019 թվականի հունվարի 29–ին Կենտրոնական բանկը վերջին գրեթե երկու տարիների ընթացքում առաջին անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` մինչև 5.75 տոկոս։ Մինչ այդ կարգավորիչը փոխել է տոկոսադրույքը 2017 թվականի մարտին, երբ կանգնեցրել է դրամային քաղաքականության թուլացումը` սահմանելով այն 6–տոկոսանոց մակարդակում։

Ինչի՞ վրա է ազդում վերաֆինանսավորման տոկոսադրույքը

 - рис.3

Այն ազդում է գնաճի մակարդակի, վարկային տոկոսադրույքների մեծության, դեպոզիտների եկամտաբերության, դրամի փոխարժեքի և ընդհանուր առմամբ տնտեսության իրավիճակի վրա։

Ի՞նչ է տեղի ունենում, երբ ԿԲ–ն նվազեցնում է տոկոսադրույքը։ Վերաֆինանսավորման ցածր տոկոսադրույքի դեպքում բանկերը ևս նվազեցնում են վարկերի տոկոսադրույքները, քանի որ ԿԲ–ից ստանում են ավելի էժան փող։ Արդյունքում, վարկերը դառնում են ավելի հասանելի փոխառուների` ֆիզիկական անձանց և ընկերությունների համար։ Իսկ դա իր հերթին հանգեցնում է արտադրության, ծառայությունների և վաճառքների ծավալների աճին, ինչպես նաև սպառման ավելացմանը։ Միաժամանակ մարդիկ, ունենալով շատ էժան փող, սկսում են ավելի շատ գնել, ինչն աստիճանաբար հանգեցնում է ապրանքների պակասուրդի և որպես հետևանք` գների աճի, այսինքն` գնաճի` փողի արժեզրկման, ինչը վատ է ազդում բնակչության բարեկեցության վրա։

Գնաճը նվազեցնելու համար Կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վարկերը դառնում են ավելի թանկ, փոխառուների թիվը նվազում է, նվազում է համապատասխանաբար արտադրությունը և արդյունքում` կրճատվում է սպառման մակարդակը։ Դա հանգեցնում է գնաճի նվազման ու առաջարկի և պահանջարկի միջև հավասարակշռության վերականգնման։

Այսպիսով, վերաֆինանսավորման տոկոսադրույքը լծակ է, որը կարգավորում է հիմնական տնտեսական գործընթացները, ինչի արդյունքում, մասնավորապես, հնարավոր է լինում զսպել գնաճը, սպառողական գների աճը, պահպանվում է տնտեսության կայունությունը։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-