11 տարբերակ ինքնամեկուսացումից հետո խնայողությունները վերականգնելու համար
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսն, անշուշտ, լուրջ հարված է հասցրել մեզնից յուրաքանչյուրի գրպանին։ Այդ պատճառով, վերադառնալով նորմալ կյանքին, մենք պետք է մտածենք զգալիորեն պակասած խնայողությունների վերականգնման մասին։ Այսօր «Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է մի քանի գործնական խորհուրդ, որոնք կարող են օգնել ձեզ այդ հարցում։
Խորհուրդներ, թե ինչպես կարելի է գումար կուտակել կորոնավիրուսից հետո
1. Եկամուտի նոր աղբյուր գտնել։ Ինքնամեկուսացման ռեժիմի բոլոր բացասական կողմերի հետ մեկտեղ այն ստեղծել է կարիերայի աճի նոր հնարավորություններ ստեղծագործ մարդկանց համար այն։ Չնայած որոշ ոլորտներ, օրինակ՝ տուրիզմը, լուրջ կորուստներ են կրում, միաժամանակ նոր հնարավորություններ են առաջանում, մասնավորապես, ՏՏ ոլորտում։ Այդ պատճառով, եթե ցանկանում եք շատ գումար վաստակել, մի վախեցեք փորձարկումներ անել, ինչ–որ նոր բան սովորել, դրամայնացնել հոբբին, բացահայտել նոր տաղանդներ ձեր մեջ։
2. Ֆիքսված տոկոս կուտակել աշխատավարձից և եկամտի այլ աղբյուրներից. սա խնայելու ամենահայտնի, ինչպես նաև ամենաարդյունավետ միջոցներից է։ Տոկոսի չափը կախված է եկամուտի մակարդակից և պարտադիր ծախսերից ու սովորաբար կազմում է 10-15%-ը։ Ձեզ համար դա դարձրեք «ոսկե» կանոն։
3.Գնումների կանխիկ վճարում: Փորձեք ապրանքների և ծառայությունների դիմաց վճարել միայն կանխիկ։ Դա թույլ կտա մոտ 20%-ով կրճատել ծախսերը։ Բացի այդ, դուք ակնհայտորեն կնկատեք տարբերությունը, ավելի դժվար է բաժանվել ձեռքում բռնած գումարից, քան պլաստիկ քարտի վրա պահվող անտեսանելի փողից։
4. Հրաժարվեք ստատուսային ապրանքներից. ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, նման ապրանքների վրա ամենից շատ գումար (իրենց եկամուտի համեմատ) ծախսում են բնակչության պակաս ապահով խավերը։ Հետկորոնավիրուսային ժամանակաշրջանը լավագույն ժամանակը չէ նոր iPhone կամ բրենդային հագուստ գնելու համար։
5. Վերածեք ոչ պարտադիր ծախսերը խնայողության. ստուգեք ձեր ծախսերը և գտեք 1-2-ը, որոնցից կարող եք հրաժարվել։ Մի կողմ դրեք այն գումարը, որը սովորաբար ծախսում եք դրանց վրա։ Դրանց մեջ, առաջին հերթին, կարող եք ներառել նաև վատ սովորությունների՝ ալկոհոլի, ծխախոտի և այլնի վրա ծախսվող գումարը։ Դրանց վրա շատ գումար է ծախսվում, բայց ոչ մի օգուտ, ավելի շուտ վնաս է լինում։

6. Խնայել չկատարված գնումների գումարը. այս տարբերակն ուղղված է իմպուլսիվ ծախսերի դեմ պայքարին։ Մենք փող ենք ծախսում ոչ միայն այն պատճառով, որ ցանկանում ենք ինչ-որ բան ձեռք բերել։ Հաճախ, դա ինքներս մեզ ուրախացնելու ձև է։ Բայց խնայողության հաշվին կուտակված միջոցները նույնպես կուրախացնեն մեզ։
7. Ձևակերպել քեշբեքով և մնացորդի վրա եկող տոկոսով քարտ. եթե դուք փողը քարտի վրա եք պահում և ծախսում, տարօրինակ կլիներ դանից չօգտվելը։ Շատ բանկեր վերադարձնում են ծախսած գումարի մի մասը։ Որոշներն էլ տոկոս են փոխանցում քարտի մնացորդի համար։ Կախված նրանից, թե որքան փող եք պահում հաշվին և ծախսում քարտից, գումարը կարող է բավականին զգալի լինել։
8. Խնայել նրա վրա, ինչը չեք օգտագործում. բոլորը գիտեն, որ գումար խնայելու համար պետք է տնտեսել։ Բայց դա անելն այնքան էլ հեշտ չէ։ Չնայած կա փողը խնայելու պարզ միջոց. կրճատել ծախսերը այն բաների վրա, ինչը չեք օգտագործում։ Օրինակ՝ ինչի համար եք ամեն տարի ձեռք բերում մարզասրահի աբոնեմենտ, եթե այնտեղ գնում եք ամիսը մեկ անգամ։ Անցեք մեկանգամյա աբոնեմենտների։ Ստուգեք բաժանորդագրություններն ու ծառայությունները և ազատվեք այն ամենից, ինչը ձեզնից գումար է տանում, բայց օգուտ չի տալիս։

9. Խնայատուփ պահեք. խորհուրդը կարող է ծիծաղելի թվալ, բայց մի շտապեք։ Սա ճապոնական «Kakebo» տնտեսման համակարգի սկզբունքներից մեկն է, իսկ ճապոնացիները գիտեն դրա իմաստը։ Այդ սկզբունքի համաձայն՝ խնայատուփում է հայտնվում խանութում մանրի տեսքով վերադարձված մանրադրամը, վերադարձված պարտքերն ու տուգանքները, որոնք մարդն ինքն իրեն է նշանակում, օրինակ՝ շատ ծախսելու համար։ Մեկ դար առաջ ստեղծված համակարգն այնքան է դուր եկել ճապոնացիներին, որ լայն ճանաչում է ստացել սկզբում՝ երկրում, իսկ հետո նաև ողջ աշխարհում։
10. Կազմակերպել բեռնաթափման օրեր. շաբաթվա մեջ մի քանի օր ընտրեք, երբ դուք ոչ մի ծախս չեք անելու, բացառությամբ՝ անհրաժեշտների, օրինակ՝ ուղեվարձի։ Այդ օրերին չի կարելի գնալ ոչ մի խանութ, ոչ մի ժամանցի վայր և այլն։
11. Ազատվել պարտքերից. եթե դուք ունեք չմարված վարկեր, մարեք դրանք որքան հնարավոր է շուտ։ Այդպես դուք կազատեք գումար և կկարողանաք խնայել այն առանց որևէ դժվարության, քանի որ արդեն սովորել եք հաշվի չառնել այդ գումարը բյուջեում։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

