Սեփական խնայողությունները պահելու և բազմապատկելու չորս ձև

06.09.2019, 17:10
Առաջարկում ենք գումարը պահելու և բազմապատկելու առավել օպտիմալ ձևեր։
Սեփական խնայողությունները պահելու և բազմապատկելու չորս ձև

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Խնայողությունների պահպանման և բազմապատկման հարցն այդքան էլ դյուրին չէ և պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում։ Ամեն դեպքում, ֆինանսների բնագավառի որոշ գիտելիքներ ձեզ պետք կգան և կօգնեն խուսափել չմտածված ծախսերից։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է փողերը պահելու և բազմապատկելու առավել օպտիմալ ձևեր։ 

Բանկային ավանդներ 

 - рис.1

Երկար ժամանակ «դոշակի տակ» փող պահելը խնայողություններ ունենալու տարածված տարբերակ էր։ Սակայն միտումները փոխվում են, և այսօր բանկային ավանդները դեռևս շարունակում են մնալ միջոցներ պահելու առավել տարածված և երաշխավորված տարբերակներից մեկը։ 

Եթե խնայողությունները զգալի չեն, ապա դրանք ավելի լավ է 3-6 ամիս ժամկետով դեպոզիտ դնել։ Ճիշտ է, այդ դեպքում տոկոսադրույքը փոքր կլինի, քան եթե մեկ տարով դնեք փողը, բայց, միևնույն է, կուտակված տոկոսները մասամբ կպաշտպանեն ձեր փողերը գնաճից։ 

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, մինչև մեկ տարի ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը 2019 թվականի հունիսին կազմել է 8.5 տոկոս, իսկ դոլարային ավանդներինը` 3 տոկոս։ Միաժամանակ, ավանդի նվազագույն գումարը, կախված բանկից, կարող է սկսվել 100 հազար դրամից։ 

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ արժույթով բացել ավանդը, ապա այստեղ պետք է հաշվի առնել այն նպատակը, որին դա ծառայում է։ Եթե դուք արտերկրում սովորելու կամ թանկ էլեկտրատեխնիկայի գումար եք հավաքում, ապա ավելի լավ է արժութային ավանդ բացել։ Եթե խնայում եք բնակարանի նորոգման, քաղաքային հիվանդանոցում բուժվելու համար, ապա ավելի նպատակահարմար է դրամային ավանդը։ 

Արժե ուշադրություն դարձնել բանկերի հատուկ առաջարկներին` դրանք հաճախ ավելի բարձր տոկոսներ են առաջարկում, բայց մի շարք սահմանափակումներ ունեն` հաշիվը համալրելու անհնարին լինելը կամ միջոցները ժամանակից շուտ հանելը։ Թեև չի բացառվում, որ այդ սահմանափակումներն ինչ–որ մեկի համար էական չլինեն, և ավանդատուն հնարավորություն ունենա օգտվել առավել շահավետ պայմաններից։     

Եվ, անշուշտ, դուք չեք մոռացել, որ մեր ավանդների պահպանումն ապահովում է պետությունը։ Հայաստանում երաշխավորվող դրամային ավանդի առավելագույն գումարն այսօրվա դրությամբ կազմում է 10 մլն դրամ, իսկ արտարժութային ավանդինը` 5 մլն դրամի համարժեքը։

Այդ իսկ պատճառով, այդ գումարները գերազանցող խնայողությունները կարելի է դնել մի քանի բանկերում։ Բացի այդ, ավելի մեծ երաշխիքներ ունենալու համար իմաստ ունի բազմարժութային ավանդ բացել։ Այդ դեպքում ավանդատուն կարող է իր միջոցները մեկ արժույթից փոխարկել մյուսի և գումար շահել արժույթների փոխարժեքի փոփոխության տարբերությունից։ 

Պետական գանձապետական պարտատոմսեր 

 - рис.2

Նախկինում պետական պարտատոմսերի գնումը պահանջում էր քաղաքացու պարտադիր ֆիզիկական ներկայություն, սակայն 2017 թվականի ապրիլից Հայաստանում հնարավոր է ՊԳՊ ձեռք բերել gp.minfin.am առցանց հարթակում։ 

Նախևառաջ, առքուվաճառք սկսելու համար պետք է գրանցվել հարթակում։ Դրանից հետո դուք կարող եք մասնակցել պետական պարտատոմսերի գնմանը։ 

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է ամեն օր մինչև 15։00։ Հարթակում տեղեկատվություն է տրամադրվում առկա արժեթղթերի, դրանց շրջանառության ժամկետների, գործող տոկոսադրույքների վերաբերյալ։ 

Չարժե նաև մոռանալ, որ մի քանի րոպե տևող գործարքի իրականացման ժամանակ գանձվում է միջնորդավճար։ 

Ֆիզիկական անձինք կկարողանան ներդնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պետպարտատոմսերում, որոնցից եկամուտները չեն հարկվում։ Հատկանշական է, որ դեպոզիտարիայում պետպարտատոմսեր կարող են ձեռք բերել ֆիզիկական անձինք, ընդ որում` ինչպես ռեզիդենտները, այնպես էլ ոչ ռեզիդենտները։    

Ընկերությունների պարտատոմսեր 

 - рис.3

Ընկերությունների արժեթղթերի գնումը խնայողություններ պահելու առավել տարածված ձև չի համարվել։ Հայաստանում քաղաքացիները նախընտրում են ռիսկի չդիմել և ավելի ստուգված գործիքների են վստահում։ 

Սակայն արժե ուշադրություն դարձնել այդ հնարավորությանը ոչ միայն գումար պահելու, այլ նաև վաստակելու տեսանկյունից։ Ընկերությունների արժեթղթերն ավելի հաճախ գնման և տոկոսադրույքների ավելի գրավիչ պայմաններ են առաջարկում և դրանով իսկ երկրորդային շուկայում ավելի բարձր պահանջարկ ունեն։ 

Միաժամանակ ընկերության պարտատոմսերի գնումը շահավետ ներդրում է ոչ միայն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, այլև կարճաժամկետ։ Խնդիրն այն է, որ պարտատոմսերի վաճառքից ստացված միջոցներն ընկերությունները հիմնականում ուղղում են բիզնեսի զարգացմանը, ինչը հանգեցնում է արժեթղթերի գների բնական աճին։ Արդյունքում, գնորդը հնարավորություն ունի վաճառել իր պարտատոմսերն ավելի շահավետ գնով և աշխատել ավելի շատ գումար, քան նախատեսված էր տոկոսային հատկացումներով։

Գլխավորը, ցանկացած ֆինանսական գործառնությունների դեպքում, պահպանել ինքնատիրապետում և զգույշ լինել։ Չափազանց գրավիչ առաջարկները կարող են ունենալ թաքնված ռիսկեր, որոնք միշտ չէ որ հաշվի են առնվում։ Նման դեպքերում ավելի լավ է գնել այն ընկերությունների արժեթղթերը, որոնք արդեն երկար ժամանակ գործում են շուկայում ու լավ համբավ ունեն։   

Ներդրում թանկարժեք մետաղներում

 - рис.4 

Մեծ խնայողություններ ունենալու դեպքում կարելի է գումարը ներդնել թանկարժեք մետաղներում։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան, ոսկին այս դեպքում ունի առանքցային դեր, քանի որ համարվում է առավել հուսալի և պաշտպանված ակտիվ` ի տարբերություն արծաթի և պլատինի, որոնց գները շատ ժամանակ տատանվում են ու կախված են պահանջարկից։ 

Ներդրման այս տեսակի համար ավելի լավ է բանկում բացել առարկայազուրկ մետաղական հաշիվ։ Սակայն Հայաստանում ներդրման այս տեսակն այդքան էլ տարածված չէ։ Մեր քաղաքացիները նախընտրում են գնել ոսկե կամ արծաթե մետաղադրամներ։ Մասնագետների համաձայն, այս միջոցն այդքան էլ շահավետ չէ, սակայն կան մի շարք առավելություններ։ Մետաղադրամները կարելի է երկար ժամանակ պահել տանը կամ բանկի պահատուփում և իրացնել անհրաժեշտության դեպքում շահավետ գնով։ ՀՀ ԿԲ–ն արդեն շուրջ 10 տարի թողարկում է ներդրումային արծաթե և ոսկե մետաղադրամներ` հնարավորություն ընձեռելով բնակչությանը մետաղադրամներում ներդնել ազատ միջոցները։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-