Փաշինյանը՝ ֆինանսական գրագիտության մասին. քաղաքացիները պետք է պատկերացում ունենան բանկային համակարգի աշխատանքի բոլոր նրբությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ֆինանսական գրագիտության հարցը բավականին ակտուալ է Հայաստանում: Կենտրոնական բանկը տարիներ շարունակ իրականացնում է տարբեր միջոցառումներ, որոնք ուղղված են քաղաքներում և գյուղերում բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը, բանկային համակարգի աշխատանքի հիմնարար սկզբունքների և դրույթների ներկայացմանը:
ԱՊՀ–ի և եվրոպական շատ երկրների շրջանում Հայաստանն առաջիններից մեկն է ներդրել դպրոցներում ֆինանսական կրթության համակարգը՝ աշակերտներին առաջարկելով ծանոթանալ ֆինանսական գրագիտության հիմունքներին դեռևս դպրոցական աթոռից: Նման ծրագրերը ոչ միայն օգնում են աճող սերնդին դեռևս վաղ տարիքից ծանոթանալ ֆինանսական գրագիտության հիմնարար սկզբունքներին, այլև աշակերտների միջոցով բարձրացնել նրանց ընտանիքի անդամների ֆինանսական գրագիտության մակարդակը:
Կորոնավիրուսի պայմաններում հատկապես կարևոր է հասկանալ, թե ոնց է աշխատում ֆինանսական համակարգը, քանի որ բնակիչները պետք է իմանան՝ ինչպես ճիշտ տնօրինել սեփական ֆինանսները, ինչպես օգտվել էլեկտրոնային ծառայություններից, ինչպես խուսափել անհարկի ռիսկերից այս կամ այն իրավիճակում:
Ամեն ինչի մասին ավելի մանրամասն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է անդրադարձել ֆինանսական գրագիտության կարևորությանը: Այսօր, ԿԲ-ի աշխատակիցներին նոր նախագահ Մարտին Գալստյանին ներկայացնելիս, վարչապետը կրկին շեշտադրել է այս խնդիրը:
Մասնավորապես, ընթացիկ ժամանակաշրջանում բանկային համակարգի կարևորագույն մարտահրավերներից մեկը, նրա գնահատմամբ, ֆինանսական գրագիտության բարձրացումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում:
«Պետք է ավելի մանրամասն աշխատանք տանել, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան տեսնել և հասկանալ բանկային համակարգի գործունեության նրբությունները, թե ինչպես է ընդհանրապես համակարգն աշխատում»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով, մեծագույն խնդիրներից մեկը «բանկային համակարգն ավելի մարդակենտրոն դարձնելն է, այնպես անելը, որ համակարգի և քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, երկխոսության վրա հիմնված»:
Փաշինյանը հայտնել է, որ չի կարելի թույլ տալ, որ բանկային համակարգի շուրջ նեգատիվ ընկալումներ ձևավորվեն, մանավանդ, որ բանկային, ֆինանսական համակարգի կայունությունը երկրի կայուն զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է:
Աջակցություն ճգնաժամի ժամանակ

Կորոնավիրուսի ժամանակ հայկական բանկերը ԿԲ հորդորով տարբեր էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների գործառույթներն ընդլայնելուց բացի վերանայել են բազմաթիվ քաղաքացիների վարկային պարտավորությունները՝ տրամադրելով վարկային արձակուրդներ:
Հունիսի 1–ի տվյալներով, կորոնավիրուսի կապակցությամբ բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են 550 հազար ֆիզիկական անձանց 682 մլրդ դրամի վարկային պարտավորություններ և տրամադրել են 45 մլրդ դրամի վարկային արձակուրդ։ Բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են նաև 17,4 հազար իրավաբանական անձանց 640 մլրդ դրամի վարկային պարտավորությունները ու տրամադրել 57 մլրդ դրամի վարկային արձակուրդ նրանց ընթացիկ պարտավորություններով։
Բացի այդ, հայկական բանկերը ներգրավված են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներում, որոնց շրջանակում բիզնեսին տրամադրում են արտոնյալ վարկային ռեսուրսներ։ Մասնավորապես, առաջին հակաճգնաժամային ծրագրով ընկերություններին տրամադրվում է արտոնյալ վարկ կոմունալները, աշխատավարձերը, հարկերը վճարելու և սարքավորումներ ներկրելու համար։ Հունիսի 1–ի դրությամբ բանկերն արդեն հաստատել են 44,7 մլրդ դրամի 684 վարկային հայտ։
Գյուղատնտությանը վերաբերող երկրորդ հակաճգնաժամային ծրագրով հունիսի 1–ի դրությամբ արդեն նախնական հաստատվել է 10 431 հայտ, որից 8 815–ը միկրովարկերն են` մինչև 1 մլն դրամ, 15,4 մլրդ դրամ ծավալով։ Ընդհանուր առմամբ երկու ծրագրով հաստատվել է 60,1 մլրդ դրամի 11 115 վարկային հայտ։
Ֆինանսական գրագիտության մակարդակը Հայաստանում
ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնը դեռևս 2007թ.–ին սկսել է իրականացնել ֆինանսական գրագիտության ծրագիրը։ Չնայած ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման բազմաթիվ ծրագրերին, ցուցանիշը Հայաստանում դեռևս այդքան էլ բարձր չէ։ Կենտրոնի տվյալներով, բնակչության միայն մոտ 30%–ը կարող է իրականացնել սեփական ֆինանսների երկարաժամկետ պլանավորում, և դա առավել ցավոտ պահերից է։
Ազգային ռազմավարության համաձայն, Հայաստանի բնակչության մոտ 90-95%–ը պետք է ծանոթ լինի ֆինանսական գրագիտության հիմունքներին։
Հայաստանում ֆինանսական գրագիտության ցուցանիշի ուսումնասիրություններն իրականացվում են հինգ տարին մեկ անգամ։ Վերջին տվյալներով (2013–2014թթ.), ֆինանսական գրագիտության ծրագրերի հաշվին գյուղական համայնքներում ֆինանսական կայունության մակարդակն ավելացել է 20%–ով (50,1%–ից մինչև 70,6%)։ Դա թույլ է տալիս եզրակացնել, որ ֆիանսական գրագիտության ծրագրերի մասնակիցները 20%–ով ավելի լավ են պատրաստված, վստահ են գործում ֆինանսական ցնցումների դեպքում և պահպանում են ֆինանսական կայունությունը։
Բնակչության ֆինանսական գրագիտության հերթական ուսումնասիրությունն իրականացվել է ԿԲ–ի կողմից` Գերմանիայի խնայողական դրամարկղերի միության աջակցությամբ 2019թ.–ի վերջին, սակայն արդյունքները դեռ չեն հրապարակվել։
Ուսումնասիրությունն անդրադառնում է չորս հիմնական պարամետրի` թիրախային ցուցանիշների և ռազմավարական նպատակի ձեռք բերում (նախկին նպատակներից մեկը խնայողությունների խնդիրներն էին), ինչպես նաև արդյունավետության ու իրականացվող միջոցառումների ներկայացման և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների գնահատականը։ Ուսումնասիրությունն անդրադարձել է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են ֆինանսական գիտալիքների ստուգմանը վերաբերող տարբեր ցուցիչներն ու հարցումները, իրավունքների պաշտպանությունը և այլն։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–
