Ով է վարկային երաշխավորը. դիտարկում ենք ռիսկերը
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում վարկավորման շուկան տարեց տարի մեծ թափ է հավաքում։ Մեր շատ քաղաքացիների համար վարկով գումար վերցնելը դարձել է կյանքի անբաժանելի մասը, մարդիկ սկսել են գնումներ կատարել հիմնականում բանկերի միջոցով։
Սակայն վարկ ձևակերպելու համար հաճախ անհրաժեշտ է երաշխավոր, ով ձեզ համար կերաշխավորի վարկի ձևակերպման և վարկային պարտավորությունների վճարման համար։ Հայաստանում մարդիկ հաճախ համաձայնվում են դառնալ երաշխավոր իրենց ծանոթների կամ ընկերների համար, սակայն ոչ բոլորն են հասկանում, թե ինչ պարտավորություններ են ստանձնում` դառնալով երաշխավոր։ Եկեք հասկանանք, թե ո՞վ է երաշխավորը, և ի՞նչ ռիսկեր են նրան սպասվում։
Ձեզ խնդրել են դառնալ երաշխավոր. համաձայնվե՞լ, թե՞ ոչ

Ձեր ընկերը, ծանոթը կամ բարեկամը խնդրել է ձեզ դառնալ վարկային երաշխավոր, այսինքն ստանձնել պատասխանատվություն բանկի առաջ, եթե վարկառուն չվճարի վարկային պարտավորությունների համար։ Մի կողմից ուզում ես օգնել մտերիմ մարդուն, իսկ մյուս կողմից մտավախություն կա, որ հնարավոր են անկանխատեսելի հետևանքներ։ Շատերը վարկային երաշխավորությունն ընկալում են որպես բարոյական աջակցություն` չգիտակցելով ողջ նյութական պատասխանատվությունը։ Լինում են շատ վատ դեպքեր, երբ երաշխավոր ես դառնում պարզապես այն բանի համար, որ չես ցանկացել մերժել մարդուն, իսկ հետո պարզվում է, որ պարտքի դիմաց վճարում չի կատարվել, և դու ստիպված ես քո վրա վերցնել այդ բեռը։ Պարտքի դիմաց չվճարելու դեպքում դուք անգամ կարող եք զրկվել սեփական ունեցվածքից և ունենալ վատ վարկային պատմություն։ Այդ պատճառով մի շտապեք համաձայնվել դառնալ երաշխավոր` միայն ելնելով պարտքի զգացումից կամ սիրուց։ Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք դառնալ երաշխավոր, սկզբում ծանոթացեք իրավաբանական բոլոր նրբություններին և ուսումնասիրեք դրական ու բացասական կողմերը։
Ինչու՞ է հարկավոր երաշխավոր

Ձեր ընկերը, ծանոթը կամ բարեկամը որոշել է վարկ վերցնել, սակայն բանկի մոտ առաջացել են կասկածներ վարկի գումարը վերադարձնելու հարցում։ Դա հիմնականում լինում է այն դեպքում, երբ վարկի գումարը շատ մեծ է, իսկ բանկը կասկածում է փոխառուի վճարունակության հարցում կամ նրա վարկային պատմությունն այդքան էլ հարմար չէ։ Ամեն դեպքում որոշում է բանկը։ Ֆինանսական կազմակերպություններն անում են այդ ամենը, որպեսզի վստահ լինեն, որ փոխառուն կարող է վճարել վարկը։ Միաժամանակ երաշխավորը փոխառուին հավասարազոր պարտավորություն է կրում վարկի վերադարձի համար։ Այսինքն, եթե փոխառուն ինչ–որ պատճառներով չի կարողանում վերադարձնել վարկը, ապա դա նրա փոխարեն պետք է անի երաշխավորը։
Ո՞վ կարող է դառնալ երաշխավոր

Երաշխավոր կարող է դառնալ չափահաս անձը, ով ունի կայուն եկամուտ։ Երաշխավորը պետք է համապատասխանի բանկի հիմնական պահանջներին` աշխատունակ տարիք, քաղաքացիություն և գրանցում, մշտական եկամուտ, որը հաստատված է փաստաթղթերով։ Միաժամանակ բանկերը կարող են ունենալ նաև տարիքային սահմանափակումներ` հաշվի առնելով կենսաթոշակային տարիքը, այսինքն թոշակառուն դժվար թե կարողանա երաշխավոր դառնալ։
Ի՞նչ պարտավորություններ ունի երաշխավորը

Երաշխավորի գլխավոր պարտականությունն է մարել անվճարունակ պարտապանի պարտքը` տոկոսների, միջնորդավճարների, տուգանքների, տույժերի և այլ հնարավոր ծախսերի հետ մասին։ Երաշխավորությունը միայն բարոյական աջակցություն չէ։ Վարկային պայմանագրի համաձայն, դուք բանկի առաջ կրում եք նույնքան պատասխանատվություն, որքան վարկառուն։ Բոլոր պայմանները նշված են պայմանագրում, որը նախքան ստորագրելը պետք է ուշադիր ուսումնասիրել։ Միաժամանակ երաշխավորն ունի ոչ միայն պարտականություններ, այլև իրավունքներ, օրինակ` նա կարող է առարկել վարկառուին, եթե դրա համար կան հիմքեր։ Երաշխավորը նաև կարող է չկատարել պահանջները բանկի առաջ, քանի դեռ ֆինանսական կազմակերպությունը չի սպառել հիմնական պարտապանից պարտքը բռնագանձելու բոլոր հնարավորությունները։ Եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը չի ընդունում ձեր բողոքը, ապա դուք կարող եք դիմել ֆինանսական հաշտարարին, որը կփորձի օգնել լուծել ձեր խնդիրը։
Ո՞ր դեպքում դուք ստիպված կլինեք վճարել ուրիշի վարկը

Եթե այն անձը, ում համար դուք երաշխավորել եք, սկսի չվճարել կամ ուշացնել վճարումները, ապա դուք նրա հետ հավասար պատասխան եք տալու բանկի առաջ: Դա ներառում է տոկոսների, տուգանքների վճարումը, ինչպես նաև հնարավոր դատավարական ծախսերի և վարկատուի այլ ծախսերի փոխհատուցումը: Եթե ո′չ վարկառուն, ո′չ երաշխավորը չվճարեն վարկը, ապա վարկատուն իրավունք ունի դիմել դատարան: Հաճախ բանկերը փորձում են համոզել երաշխավորին ինքնակամ փոխհատուցել պարտքը: Հակառակ դեպքում հայց են ներկայացնում դատարան, իսկ դատարանը, հավանաբար, կպարտավորեցնի ձեզ և ձեր ընկերոջը մարել պարտքը հաստատված ժամանակացույցով: Ընդ որում կարևոր չէ, թե ով ինչ չափով կվճարի: Եթե ձեզ` որպես երաշխավորի, պարտավորեցնեն վճարել վարկը, փորձեք ստանալ վճարումների` ձեզ հարմար ժամանակացույցը` ներկայացնելով աշխատավարձի մասին տեղեկանք, երեխաների, ինչպես նաև ձեր խնամակալության տակ գտնվող անձանց ծննդյան վկայականները: Դա շատ կարևոր է, քանի որ եթե դուք խախտեք մարման նախատեսված ժամանակացույցը, ապա ձեր հանդեպ, որպես երաշխավորի, կարող են կիրառել նույն միջոցներն, ինչ վարկառուի նկատմամբ. կալանքի տակ կդնեն ձեր հաշիվները, աշխատավարձից գումար կպահեն, կբռնագանձեն և կվաճառեն գույքը, կսահմանափակեն ձեր ելքը երկրից:
Իսկ գումարը վերադարձնելու հնարարավորություն կա՞

Հնարավորություն կա, քանի որ ձեր ծանոթի վարկը կամ փոխառությունը ամբողջությամբ կամ մասամբ մարելուց հետո, վերջինս պարտք է մնում ձեզ։ Դուք ստանում եք վարկատուի իրավունքներ։ Այդ պատճառով անպայման պահպանեք բոլոր փաստաթղթերը. վարկի կամ փոխառության պայմանագիրը, երաշխավորության պայմանագիրը, պարտքի գումարի բռնագանձման մասին դատական որոշումը, գումարի մասին տեղեկանքը, որը դուք վճարել եք պարտապանի փոխարեն և մնացած բոլոր փաստաթղթերը, չեկերն ու անդորրագրերը։ Դրանք կարող են պետք գալ` հետագայում ձեր ծախսերը վերադարձնելու համար։ Իսկ եթե ձեր պարտապանը արդեն չի համաձայնում ինքնակամ վերադարձնել գումարը, ապա դուք կարող եք դիմել դատարան` ձեր դրամական միջոցների բռնագանձման հայցով։
Ե՞րբ է դադարում երաշխավորությունը
Երաշխավորությունից վաղաժամ հրաժարվելը դժվար է, և անել դա հնարավոր է միայն պայմանագրի բոլոր կողմերի համաձայնությամբ, բայց նման որոշման համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր։ Ընդ որում, ձեր փոխարեն երաշխավոր պետք է դառնա մեկ ուրիշը։ Հնարավոր է նաև հրաժարվել, եթե փոխվել են վարկային պայմանագրի պայմանները, իսկ երաշխավորը չի տեղեկացվել այդ մասին, կամ պարտքի վճարման պարտավորությունները փոխանցվել են մեկ այլ անձի, իսկ երաշխավորը համաձայն չէ վարկային պայմանագրի պարտավորությունները կիսել նրա հետ։
Ինչ վերաբերում է երաշխավորության ամբողջական դադարեցմանը, ապա դա հնարավոր է միայն պարտքի լրիվ մարումից հետո։ Ուշադրությո՛ւն, երաշխավորությունը չի դադարում անգամ այն դեպքում, եթե հիմնական պարտապանը մահացել է։
Ի՞նչ ռիսկի է դիմում երաշխավորը
Երաշխավորությունը հիմնական պարտապանի փոխարեն բանկին պարտքը վճարելու պարտականությունների ընդունման և կատարման ռիսկ է։
Ձեր կողմից մարման պարտավորությունների չկատարման դեպքում բանկն իրավասու է բռնագանձել ձեր շարժական և անշարժ գույքը։ Անհաջող երաշխավորությունը սպառնում է «փչացնել» ձեր վարկային պատմությունը, ինչը հետագայում կդժվարացնի վարկ ստանալու ձեր հնարավորությունը։
Ո՞ր դեպքում կարելի է երաշխավոր դառնալ
Եթե դուք հստակ համոզված եք, որ վարկառուն ցանկացած հանգամանքներում կկատարի վարկի կամ փոխառության վճարումները, ապա, որպես երաշխավոր, կարող եք հանգիստ ստորագրել վարկային պայմանագիրը, եթե ուրիշի վարկի գումարը ձեզ ընդհանրապես չի վախեցնում։ Նույնպես կարող եք ստորագրել, եթե դուք երաշխավոր եք դառնում ձեր ամենամտերիմ բարեկամի համար, ում հետ ունեք ընդհանուր բյուջե (ծնողներ, ամուսիններ կամ հասուն երեխաներ): Այս իրավիճակում ընդհանրապես կարևոր չէ, թե ձեզանից ով կլինի վարկառու, իսկ ով` երաշխավոր։
Ի՞նչ պետք է իմանա պոտենցիալ երաշխավորը
Երաշխավոր դառնալուց առաջ ուսումնասիրեք տեղեկատվությունն այն մարդու մասին, ում համար պատրաստվում եք երաշխավոր դառնալ։ Պարզեք, թե ունի նա արդյոք պարտքեր ավելի վաղ վերցված վարկերով, փոխառություններով և այլ պարտավորություններով։ Եթե պարտք կա կամ եղել է, հապճեպ որոշում մի կայացրեք, մանրամասն քննարկեք այդ իրավիճակը վարկառուի հետ։
Խնդրեք նրան ձեզ ցույց տալ վարկային քաղվածքը. դրանում ոչ մի ամոթալի բան չկա։ Բացի այդ պարզեք, թե ինչու՞ է նրան անհրաժեշտ վարկը, մտածեք` արդյոք այդ գումարի չափով և նույն պայմաններով վարկ կձևակերպե՞իք ձեզ համար։ Գնահատեք նաև ձեր ֆինանսական հնարավորություններն այն դեպքում, եթե հանկարծ ստիպված լինեք կատարել վարկի մուծման պարտավորությունները։ Երաշխավորությանը համաձայնեք միայն այն դեպքում, երբ համոզված կլինեք, որ կկարողանաք կատարել բանկի առջև վարկառուի պարտավորությունները` չվնասելով սեփական ֆինանսական վիճակին։
Հետգրություն
Իսկ հիմա պատասխանեք երեք պարզ հարցի.
Համոզվա՞ծ եք, որ վարկառուն կկատարի բոլոր պարտավորությունները նշված ժամկետներում
Պատրա՞ստ եք «փչացնել» սեփական վարկային պատմությունը
Համաձա՞յն եք կորցնել գույքը` հանուն ուրիշի վարկի մարման
Եթե այս հարցերից գոնե մեկին դուք «ոչ» եք պատասխանել, ապա ավելի լավ է հրաժարվել երաշխավորությունից։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

