550.94
6.32
480.88
-1
Եղանակը Երևանում
Հայ

ԿԲ-ն գործարկել է առավել շահավետ ֆինանսական ծառայություններ որոնելու հարթակ, պարզաբանում ենք՝ ինչպե՞ս է այն գործում

10:15
15 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/․ Ֆինանսական ծառայությունների շուկայում ամենաշահավետ առաջարկն ընտրելը, թերևս, ամենաբարդ խնդիրներից է։ Շատ ժամանակ ու ջանք է պահանջվում տարբեր ֆինանսական կազմակերպությունների բազմաթիվ առաջարկները մոնիտորինգ անելու համար։ Եվ նույնիսկ դրանից հետո սկսում ես կասկածել՝ արդյոք ճի՞շտ ընտրություն ես կատարել։ Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների բազմաթիվ առաջարկների հոսքում ավելի հեշտ կողմնորոշվելու համար ՀՀ Կենտրոնական բանկը գործարկել է fininfo.am ֆինանսական ծառայությունների կայքը։ Այստեղ օգտատերերը կարող են գտնել իրենց համար անհրաժեշտ տվյալները տարատեսակ ծառայությունների պահանջների մասին և ընտրել առավել հարմարը։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը զրուցել է ԿԲ ֆինանսական կրթման մասնագետ, կայքի փրոդաքտ մենեջեր Դավիթ Խառատյանի հետ այն մասին, թե քաղաքացիների առաջ ինչ հնարավորություն է բացում նոր համակարգը և ինչու է անհրաժեշտ օգտվել դրանից ֆինանսական ծառայություն ընտրելիս։

«Նովոստի-Արմենիա». պարոն Խառատյան, ի՞նչ է իրենից ներկայացնում fininfo.am կայքը։ Ո՞րն է նոր հարթակի գլխավոր առավելությունը։

Դ. Խառատյան. fininfo.am կայքը «Ձեր ֆինանսական խորհրդատուն է», այն ինքնատիպ գործիք է, որը թույլ է տալիս համեմատել ֆինանսավարկային կազմակերպությունների առաջարկները, որոնք հիմա կան շուկայում։ ԿԲ-ի կողմից լիզենզավորված կազմակերպությունները պարտավոր են իրենց կողմից ներկայացված բոլոր ծառայությունները լրացնել կայքում։ Շատ կարևոր է այն, որ կայքում ներկայացված տեղեկատվության ճշգրտությունը հասցված է 99%-ի։ Օգտատերը կարող է վստահ լինել, որ կայքում ներկայացված տեղեկատվությունը ճիշտ է, և երբ նա դրանից հետո գնա բանկ, այնտեղ իրեն տվյալ պայմաններով կմատուցեն իր ուզած ծառայությունը։

Փորձել ենք կայքը դարձնել առավելագույնս user-friendly, որպեսզի այն հարմար լինի բոլոր տարիքի օգտատերերի համար։ Կայքը նաև ունի հարմար բջջային տարբերակ, որը թույլ կտա մարդկանց սմարթֆոններից օգտվել համակարգից։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում կայք է այցելել մոտ 18 հազար օգտատեր։

«Նովոստի-Արմենիա». ի՞նչ հնարավորություններ է բացում նոր հարթակը քաղաքացիների համար։ Ֆինանսական ի՞նչ ծառայություններ կարելի է գտնել կայքում։

Դ. Խառատյան. այստեղ ներկայացված են պայմաններ տարբեր տեսակի վարկերի (սպառողական, գյուղատնտեսական վարկեր, ավտովարկավորում, ուսանողական վարկեր, հիփոթեք և այլն, ինչպես նաև վարկերի վերաֆինանսավորում), դրամական փոխանցումների, ճամփորդության ապահովագրության, ավանդների, վճարային քարտերի մասին և այլն։ Օգտատերը, այցելելով կայք, կարող է ոչ միայն ծանոթանալ ծառայությունների պայմաններին, այլև համեմատության միջոցով գտնել իր համար առավել շահավետը, ընդ որում՝ դա կարելի է անել մի քանի քլիքի միջոցով, առանց բանկեր այցելելու։ Կայքում ընդհանուր առմամբ ներկայացված է տարբեր ֆինանսական կազմակերպությունների ավելի քան 1000 առաջարկ։

«Նովոստի-Արմենիա». քանի՞ ֆինանսական կազմակերպություն է ընդգրկված համակարգում։

Դ. Խառատյան. համակարգում ներառված են ԿԲ-ի կողմից լիցենզավորված բոլոր կազմակերպությունները՝ բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություններ։ Նրանք պարտավոր են մուտքագրել իրենց առաջարկները համակարգ՝ ըստ մշակված կանոնակարգի։ 

«Նովոստի-Արմենիա». ինչպե՞ս է վերահսկվում ֆինանսական ծառայությունների մասին կայքում հրապարակված տեղեկատվության իսկությունն ու ակտուալությունը։

Դ. Խառատյան. ԿԲ-ի վերահսկողները ձեռնարկում են վերահսկողական գործողություններ, ստուգում են բոլոր ծառայությունների համապատասխանելիությունը կայքում նշված ինֆորմացիայի հետ և հարկ եղած դեպքում կատարում են շտկումներ։

«Նովոստի-Արմենիա». աշխարհում կա՞ն նման հարթակներ։

Դ. Խառատյան. աշխարհում դեռ նոր են սկսում հայտնվել նման հարթակներ։ Կենտրոնական բանկն առաջիններից մեկն է։ Կայքի ստեղծմանն ուղղված աշխատանքը սկսվել է դեռևս 2014թ.-ին։

«Նովոստի-Արմենիա». որքա՞ն ակտիվ են մեր քաղաքացիներն օգտվում ֆինանսական ծառայություններից, և նրանց ո՞ր տոկոսն է նախընտրում էլեկտրոնային ֆինծառայությունները։

Դ. Խառատյան. քաղաքացիները էլեկտրոնային տարբերակով հիմնականում ուսումնասիրություն են կատարում, ինչից հետո գնում են բանկ կամ այլ կազմակերպություն, որտեղ տեղում ընտրում են իրենց տարբերակը։ Բայց այսօր ֆինանսական համակարգը գնում է դեպի թվայնացում, ընդհանուր առմամբ կա հակում դեպի առցանց ծառայություններ։

«Նովոստի-Արմենիա». ֆինանսական կազմակերպությունները որքա՞ն ակտիվ են ներդնում էլեկտրոնային ծառայություններ։ 

Դ. Խառայան. ֆինանսական կազմակերպություններն այսօր նախընտրում են առցանց հարթակներ։ Նրանք բոլորը հնարավորինս արագ ուժերով գնում են դեպի թվայնացում, քանի որ այդ հակումը կա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

«Նովոստի-Արմենիա». Երևանում թվայնացումն արագ է ընթանում, իսկ ի՞նչ իրավիճակ է մարզերում։

Դ. Խառայան. մարզերում ավելի շատ այցելում են ֆինանսական կազմակերպություններ։ Եվ այս համատեքստում fininfo.am կայքի գլխավոր մեսիջը ժամանակի խնայումն է։ Եթե մարդ ուզում է գտնել իրեն հարմար ֆինանսական ծառայության տարբերակը, նրան պետք չէ այցելել բազմաթիվ բանկեր և կազմակերպություններ։ Նա կարող է ամեն ինչ գտնել մեկ առցանց հարթակում, որտեղ ներկայացված են բանկերի, վարկային և մնացած ֆինանսական կազմակերպությունների բոլոր առաջարկներն ու ընտրել իր համար հարմար չափանիշներով։

«Նովոստի-Արմենիա». ո՞ր առցանց ֆինծառայություններն են ավելի տարածված օգտատերերի շրջանում։

Դ. Խառատյան. առավել պահանջված են ընդհանուր վարկերը, ավանդներն ու վճարային քարտերը։

«Նովոստի-Արմենիա». Ձեր կարծիքով, նման հարթակների գործարկումը կնպաստի՞ մեր երկրի բնակչության ֆինանսական մշակույթի մակարդակի բարձրացմանն ու առաջարկվող և նոր ֆինանսական պրոդուկտների նկատմամբ վստահության աճին։

Դ. Խառատյան. ըստ հետազոտությունների, Հայաստանում ֆինանսական գրագիտության մակարդակը միջին է։ Այդ կապակցությամբ Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրներից է ֆինանսական գրագիտության բարձրացումը, քանի որ դրա արդյունքում քաղաքացիները գիտակցված կմոտենան ֆինանսական գործառնությունների կատարմանը, և դա իր հերթին կհանգեցնի ֆինանսական կազմակերպությունների հետ քաղաքացիների հարաբերությունների լավացմանը։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:36
12 Հունվարի 2022
Ինչպե՞ս կարգի բերել բյուջեն կամ ստեղծել ֆինանսական օրագիր
Պատմում ենք, թե ինչ է ֆինանսական օրագիրը, ինչպես այն ստեղծել, վարել, հարմարեցնել կոնկրետ ընտանիքի կարիքներին
10:49
22 Դեկտեմբերի 2021
Ֆինանսական հորոսկոպ. կենդանակերպի որ նշաններին է 2022թ.-ին սպասվում հաջողություն և եկամուտ
Ծանոթացեք 2022թ.-ի ֆինանսական հորոսկոպին՝ եկամուտներն ու ծախսերը պլանավորելու համար
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
10:26
03 Դեկտեմբերի 2021
«Վարկամոլություն», «շոփինգամոլություն», կամ ինչպե՞ս չդառնալ գայթակղության զոհ
Ինչու՞ են մարդիկ սկսել չափազանց հաճախ դիմել վարկային կազմակերպություններ փոխառու միջոցներ ստանալու համար, փորձել ենք պարզել վարկային կախվածության պատճառները, ինչպես նաև դրան դիմակայելու միջոցները
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
10:45
17 Նոյեմբերի 2021
Ինչպես ճիշտ պարտքով գումար տալ. 8 պարզ խորհուրդ
8 խորհուրդ այն մասին, թե ինչպես է ճիշտ գումար պարտքով տալ, որպեսզի այն ձեզ հաստատ վերադարձնեն և դուք ստիպված չլինեք ծախսել ձեր թանկարժեք ժամանակն անբարեխիղճ պարտապաններին փնտրելու համար
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
11:51
26 Հոկտեմբերի 2021
Ինչպե՞ս չհայտնվել ֆինանսական ստրկության մեջ. 8 խորհուրդ
Այսօր որոշել ենք խոսել այն մասին, թե ինչպես կարելի է փողերի նկատմամբ սպառողական վերաբերմունքից անցնել կառավարման վերաբերմունքի, քանի որ հենց առաջինն ուղիղ տանում է ֆինանսական ստրկություն
10:17
12 Հոկտեմբերի 2021
Մանկական վճարային քարտ. ի՞նչ է դա և ինչի՞ համար է անհրաժեշտ
Ուզու՞մ եք ձեր երեխային սովորեցնել գրագետ օգտվել ֆինանսներից, ինչպես նաև տեղյակ լինել, թե ինչպես է նա տնօրինում գրպանի փողերը։ Հայաստանում արդեն կա նման հնարավորություն, դրանք երեխաների և պատանիների համար նախատեսված հատուկ վճարային քարտերն են։ Պարզաբանում ենք` ինչու է երեխաներին անհրաժեշտ սեփական վճարային գործիքը, ինչպես կարելի է այն օգտագործել և որտեղ ձեռք բերել
14:49
30 Սեպտեմբերի 2021
Կտակե՞լ, թե՞ նվիրատվություն անել. պարզում ենք տարբերությունը
Որոշել ենք անդրադառնալ Հայաստանում նվիրատվության ընթացակարգին և հնարավոր թաքնված կողմերին
12:11
09 Սեպտեմբերի 2021
Ի՞նչ է պետք իմանալ ժառանգությունն ընդունելուց առաջ
Ի՞նչ է պետք իմանալ ժառանգությունն ընդունելուց առաջ
12:07
25 Օգոստոսի 2021
5 օգտակար digital գործիքներ` սկսնակների համար
Ներկայացնում ենք սոցցանցերում կոնտենտ, հրապարակումներ ստեղծելու և դիզայներական լուծումների անփոխարինելի գործիքներ