Ինչպե՞ս խուսափել բանկային քարտերի հետ կապված խարդախություններից
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի է, որ այսօր վճարային քարտերն ունեն պաշտպանության բավարար աստիճան և վերահսկվում են բանկերի կողմից։ Քարտերի և հաշվի տվյալների որս կազմակերպող ֆինանսական խաբեբաներն իրենց հերթին չեն կանգնում տեղում՝ ակտիվորեն օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները։ Ընդ որում, նրանց մոտեցումների էությունը մնում է նույնը՝ ազդեցություն ոչ թե համակարգիչների ու գաջեթների, այլ մարդու հոգեկանի վրա։ Չէ որ հենց զգացմունքներն են ստիպում զոհին ոչ ռացիոնալ վարվել: Մեր պաշտպանությունը հանցագործներին ճանաչելու կարողությունն է: Այս հոդվածում կանդրադառնանք պաշտպանվելու հայտնի մեխանիզմներին և ուղիներին:
Խարդախության տեսակները

Ֆիշինգ․ էլեկտրոնային փոստով և մեսենջերներով ուղարկված կոդերով կամ կեղծ կայքերի հղումներով հաղորդագրություններ: Անձը, կեղծ վճարում կատարելով, մուտքագրում է սեփական մուտքանունն ու գաղտնաբառը։
Վիշինգ․ հեռախոսային խարդախություն (voice + phishing)։ Հանցագործները զանգահարում են զոհին ուրիշի անունից՝ քարտի համարներն ու ծածկագրերը պարզելու կամ հաշվին դրամական միջոցներ մուտքագրելու համար։
Սմիշինգ․ SMS +ֆիշինգ. մարդիկ ստանում են վախեցնող հաղորդագրություններ արգելափակված քարտերի և խարդախ գործարքների կամ, ընդհակառակը, ուրախ իրադարձությունների մասին (շահումներ, հարցազրույցի հրավեր): Հետո նշված համարով զանգահարում են «կազմակերպության աշխատակիցներին», տալիս իրենց տվյալները և գաղտնաբառերը։
Pretexting. սոցիալական ինժեներիայի մեթոդների վրա հիմնված խարդախ սխեմա, երբ խաբեբաները նախապես տեքստ են պատրաստում և վերացական թեմայի շուրջ երկխոսության մեջ են մտնում զոհի հետ։ Կամ խնդրում են հարցում անցնել կամ լրացնել ձևաթուղթ, իսկ հետո պարգևավճարի պատրվակով ստանում են քարտի տվյալները։
Կեղծ Wi-Fi–ի օգտագործում․ երբ կիբերհանցագործներն օգտագործում են չպաշտպանված ցանցեր՝ սարքեր մուտք գործելու և բանկային տվյալներ գողանալու համար: Նրանք ստեղծում են կեղծ Wi-Fi, և երբ փորձում եք միանալ դրան, դուք ըստ էության նրանց հնարավորություն եք տալիս տեսնել ձեր հեռախոսի կամ համակարգչի ամբողջ տեղեկատվությունը: Այս ամենից խուսափելու համար օգտագործեք հասարակական վայրերի Wi-Fi–ը միայն բացառիկ դեպքերում և միշտ պահանջեք Wi-Fi–ի մուտքանունն ու գաղտնաբառը։
Ընթերցող սարքերի տեղադրում բանկոմատներում և տերմինալներում. խարդախության մի տեսակ, որի ժամանակ սկաներներ են տեղադրվում բանկոմատների և տերմինալների վրա, որոնք կարդում և պատճենում են տեղեկատվությունը ձեր քարտից: Խաբեությունից խուսափելու համար միշտ օգտվեք բանկի տարածքում գտնվող կամ հուսալի բանկոմատներից։
Խաբեության մեթոդներ
Սոցիալական ինժեներիա՝ սուտ, մանիպուլյացիա և ահաբեկում։ Օրինակ, խաբեբաները «նախազգուշացումներ» են ուղարկում պետական կառույցներից, օպերատորներից և բանկերից:
Հղումներ և կայքեր դեպի կեղծ էջեր, որտեղ խոշոր ընկերություններն իբր գովազդում են ներդրումներ կատարելու կամ սոցիալական վճարներ ստանալու հնարավորություններ: Միակ բանը, որ պահանջվում է հաճախորդից, քարտի տվյալները մուտքագրելն է:
Ինչպես բացահայտել խարդախ սխեման

Խարդախներն օգտագործում են կրկնվող օրինաչափություններ․
- Անձնական ողջույններ՝ «Թանկագին ընկեր», «Հարգելի օգտատեր/հաճախորդ»
- Անիրատեսականորեն շահավետ վարկային առաջարկներ, հաճախ խոստանում են արագ գումար վաստակել բորսաներում:
- Դոմեններ, որոնք կապված չեն ընկերության անվան հետ կամ պարունակում են լրացուցիչ նիշեր:
- Շտապ գործելու պահանջ. պետական մարմինների կամ սոցիալական ցանցերի ադմինիստրատորների անունից խաբեբաները նախազգուշացումներ են ուղարկում հաշիվների արգելափակման, պարտքերի և տուգանքների մասին: Զոհերն արագ և հուզված մուտքագրում և փոխանցում են տվյալները: Առանձնահատուկ ազդեցություն ունի խաբեբաների հետ հեռախոսազրույցը։
- Փաստաթղթերի լուսանկարներն ուղարկելու հարցում. այս պայմանը երբեմն առաջ են քաշում ազնիվ ծառայությունները՝ գրանցման և վճարումներ կատարելու համար, բայց պետք է միշտ ուշադիր լինել։
- Քարտի հետևի համարները կամ SMS-ով ստացված կոդերը փոխանցելու պահանջ:
- Տառասխալներ նամակում՝ ուղղագրական սխալներ, տառերի փոխարինում, ռեգիստրների և լեզուների փոխարկում, այս ամենն օգնում է խաբեբաներին խուսափել սպամի դեմ պաշտպանությունից:
- Ձեր մասին հիմնական տեղեկությունների չիմացություն
Խաբեությունը կարող է «քողարկվել» հետևյալ միջոցներով․
Ներդրումներ ֆինանսական գործիքներում, որոնք բերում են հսկայական շահույթ (բաժնետոմսեր, արտարժույթ, կրիպտոարժույթ):
Բարեգործություն. նվիրատվության խնդրանքներին արձագանքելիս՝ համոզվեք, որ փոխգործակցում եք վստահելի կազմակերպությունների և ազնիվ մարդկանց հետ: Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, ձեզ կառաջարկեն գումար ուղարկելու մի քանի եղանակ՝ ոչ միայն բանկային քարտին, այլև ընթացիկ հաշվին և հեռախոսահամարով: Այս կերպ հնարավոր է ստուգել ստացողի տվյալները:
Ծանոթության կայքեր․ պետք է լրջորեն զգուշանալ, եթե զրուցակիցը խոսում է շահավետ ներդրման մասին, խնդրում է նախապես վճարել ինչ–որ տոմսերի համար, առաջարկում է հանդիպման միակ հնարավոր վայրը։
Բլոգերներ․ խաբեբաներն ունեն էջեր սոցցանցերում ու ստեղծում են գրագետ ներդրողի կերպար, որը հասել է բարձր արդյունքների: Նրանք մանրամասն պատմում են իրենց հաջողության պատմությունները, խորհուրդներ տալիս շուկայում և կյանքում վարքագծի վերաբերյալ։ Բաժանորդները տեսնում են խարիզմատիկ, խելացի մարդու կերպարը, հետևում են մասնագետի խորհուրդներին և արդյունքում փող են տալիս խաբեբաներին:
Վիճակախաղեր, նվերներ, մրցույթներ. հաղորդագրություն, որ դուք շահել եք ինչ-որ խաղարկությունում և կարող եք պարգև ստանալ: Դա անելու համար անհրաժեշտ է միայն ավարտել գրանցումը, օրինակ՝ վճարել առաքման միջնորդավճարը։
Ինչպես պաշտպանվել խաբեբաներից

- Մի շտապեք գործել: Եթե ցանկանում եք ստուգել տեղեկատվությունը, ինքներդ դիմեք կազմակերպությանը (բանկ, անվտանգության ծառայություն): Համարն ու հասցեները իմացեք պաշտոնական կայքում։
- Օգտագործեք լրացուցիչ պաշտպանության ծառայություններ՝ գաղտնաբառերի մենեջեր, հակավիրուսային ծրագիր, սպամի արգելափակում, զանգահարողի նույնականացում, երկգործոն նույնականացում:
- Ուշադրություն դարձրեք հասցեի տողին՝ ընկերության անվան և դոմենի միջև չպետք է լինեն լրացուցիչ նիշեր։
- Ուշադիր կարդացեք նամակները, նույնիսկ ընկերներից, ստուգեք տեղեկատվությունը: Ուղարկողի անունը երաշխիք չէ, քանի որ խաբեբաները կոտրում են հաշիվներ: Հատկապես պետք է զգույշ լինել գումար փոխանցելու խնդրանքների հարցում:
- Մի անցեք կասկածելի հղումներով
Ինչ անել խաբեբաների հետ բախվելու դեպքում
Կապվեք բանկի հետ և արգելափակեք քարտը։ Նկարագրեք իրավիճակն ու հարցրեք, թե ինչ վիճակում է ձեր հաշիվը։
Ցավոք, շատ դեպքերում, երբ մարդիկ ինքնուրույն տվյալներ են տրամադրում խաբեբաներին, բանկերը չեն փոխհատուցում կորուստները: Այնուամենայնիվ, ոստիկանությունը պետք է հետաքննի գործը, ուստի հնարավորինս արագ հաղորդում ներկայացրեք: Հայաստանի Քրեական օրենսգրքում գործում է «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» կետը և Կիբերմիջավայրում իրավախախտների դեմ պայքարի հատուկ վարչություն։
Եզրահանգում
Խարդախները փոխգործակցում են պոտենցիալ զոհերի հետ բազմաթիվ հարթակներում և հարմարվում փոփոխվող պայմաններին, ուստի կարևոր է զգոն մնալ և տեղյակ լինել տարբեր սխեմաների մասին: Ոչ թե սարքերի, այլ մարդու հոգեկանի խոցելիությունն է օգնում է հանցագործներին ստանալ այլ մարդկանց փողերը: Հիմնական վտանգը ձեր սեփական արձագանքներն են՝ շտապողականությունն ու հուզականությունը:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

