Ինչպե՞ս կավելանա կենսաթոշակը հաջորդ տարի

30.10.2019, 12:14
Այս հարցում «Նովոստի–Արմենիա» գործակալությանն օգնեց «գլուխ հանել» Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովման վարչության պետ Անահիտ Գալստյանը։
Ինչպե՞ս կավելանա կենսաթոշակը հաջորդ տարի

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ցանկացած մարդու համար թոշակի անցնելն ունի երկու հիմնական կողմ։ Առաջինը, նա վերջապես կունենա շատ ազատ ժամանակ, որը կարող է տնօրինել իր հայեցողությամբ` զբաղվել առողջական խնդիրներով, շփվել թոռնիկների և ընկերների հետ։ Երկրորդը, թոշակի անցած մարդու եկամուտները զգալիորեն նվազում են, ինչը ստիպում է գումար տնտեսել։ Ակնհայտ է, որ թոշակառուները հասարակության առավել խոցելի շերտն են եկամուտների մասով, այդ պատճառով թոշակի ցանկացած բարձրացում սպասված ու հուզիչ իրադարձություն է։

2020թ.–ի հունվարից Հայաստանում նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները։ Երկրում բնակվում է ավելի քան կես միլիոն թոշակառու։ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն, Հայաստանում կա կենսաթոշակի երկու տեսակ` աշխատանքային և զինվորական։ Դրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի ենթատեսակ։ Օրենքով, ընդհանուր առմամբ նախատեսված է աշխատանքային կենսաթոշակի 6 ենթատեսակ` տարիքային, արտոնյալ, որոնք նախատեսված են տարբեր մասնագիտությունների համար` առանձնապես վնասակար կամ առանձնապես ծանր, ինչպես նաև վնասակար և ծանր աշխատանքի պայմաններում, երկարամյա ծառայության համար, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում և մասնակի։ 

Զինվորական կենսաթոշակն ունի երեք ենթատեսակ` երկարամյա ծառայության համար, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում։ 

 - рис.1

Առավել մեծ թվով մարդիկ ստանում են տարիքային աշխատանքային կենսաթոշակ։ Եթե նվազագույն կենսաթոշակի բարձրացման մասին շատ է խոսվել, ապա այն, թե որքան է բարձրանալու տարիքային աշխատանքային կենսաթոշակը քչերն են պատկերացնում։

Այս հարցում «Նովոստի–Արմենիա» գործակալությանն օգնեց «գլուխ հանել» Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովման վարչության պետ Անահիտ Գալստյանը։ 

«Նովոստի–Արմենիա». ի՞նչ սկզբունքով է նախատեսվում բարձրացնել կենսաթոշակը։ 

Ա. Գալստյան. կառավարության ծրագրում նշված է, որ նախատեսվում է կենսաթոշակների աճի ապահովում, որը գերազանցում է գնաճի ավելացումը։ Կենսաթոշակների ավելացումը պետք է գոնե համապատասխանի գնաճի ավելացմանը։ (Գնաճի ցուցանիշը 2019թ.–ին նախատեսված է 2,7%–ի չափվ, խմբգր.)։ Արդյունքում, աշխատանքային կենսաթոշակի բարձրացման համար կառավարությունը մտադիր է հատկացնել մոտ 23 մլրդ դրամ, իսկ զինվորական կենսաթոշակի բարձրացման համար` շուրջ 3 մլրդ դրամ։ Կենսաթոշակների այդ կատեգորիաների աճը կազմում է միջինը 8–10%։ 

«Նովոստի–Արմենիա». ինչպե՞ս է բարձրանալու աշխատանքային կենսաթոշակը։ Ի՞նչ մեխանիզմներ է նախատեսվում կիրառել։ 

Ա. Գալստյան. աշխատանքային կենսաթոշակը կազմված է հետևյալ բաղադրիչներից` բազային կենսաթոշակ, որը հավասար է 16 000 դրամի և կենսաթոշակի աշխատանքային մաս, որը կախված է ստաժից, ստաժի 1 տարվա արժեքից (մինչև 10 տարի` 800 դրամ, 10 տարուց հետո` 500 դրամ), փոփոխական գործակցից, որը հավասար է 0,1–ի` ստաժի 1 տարվա համար 10 տարվա ստաժի դեպքում և 0,01 մեկ տարվա համար` մինչև 40 տարվա ստաժի դեպքում։ 

Նշված բաղադրիչներից նախատեսվում է ավելացնել բազային կենսաթոշակի չափը, ինչպես նաև 1 տարվա ստաժի արժեքը (մինչև 10 տարվա դեպքում), այսինքն այս կատեգորիայի բոլոր թոշակառուների թոշակը կավելանան միևնույն գումարով։ Բացի այդ, կավելանա նվազագույն աշխատանքային կենսաթոշակը։ Թե որքանով կավելանան այդ մեծությունները, դեռ հայտնի չէ։ Կառավարության որոշման ընդունումից հետո այդ տեղեկատվությունը կհրապարակվի։ 

 - рис.2

«Նովոստի–Արմենիա». իսկ զինվորական կենսաթոշակը կբարձրանա նույն մեխանիզմո՞վ։ 

Ա. Գալստյան. ինչ վերաբերում է զինվորական կենսաթոշակին, ապա կավելանա միայն բազային կենսաթոշակը։ Սակայն այստեղ կիրառվում է համապատասխան գործակից։ Այդ պատճառով զինվորական կենսաթոշակները կավելանան բազային կենսաթոշակը գերազանցող մեծությամբ։ 

«Նովոստի–Արմենիա». նախատեսվու՞մ է ավելացնել նվազագույն կենսաթոշակը, և եթե` այո, ապա որքա՞ն։ 

Ա. Գալստյան. այս տարվանից նվազագույն կենսաթոշակն արդեն ավելացել է` 16 հազարից մինչև 25,5 հազար դրամ։ 2020թ.–ի հունվարի 1–ից նախատեսվում է ավելացնել նվազագույն կենսաթոշակը ևս 10%–ով։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-