Ինչպե՞ս դիմավորել Ամանորն ուրախ և չհայտնվել պարտքերի մեջ

23.12.2022, 10:35
Ինչպե՞ս կարելի է Ամանորը դիմավորել հետաքրքիր՝ միաժամանակ «չսնանկանալ» ու չանցնել խիստ տնտեսման ռեժիմի հետամանորյա օրերին
Ինչպե՞ս դիմավորել Ամանորն ուրախ և չհայտնվել պարտքերի մեջ
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շուտով Ամանոր է, և, իհարկե, առաջին հերթին սկսում ես մտածել նվերների ու տոնական սեղանի մասին, որը ենթադրում է մեծ ծախսեր: Բայց ինչպե՞ս կարելի է Ամանորը դիմավորել հետաքրքիր՝ միաժամանակ «չսնանկանալ» ու չանցնել խիստ տնտեսման ռեժիմի հետամանորյա օրերին: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պատրաստել է պատասխաններով հարցաշար, որտեղ դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և կիմանաք, թե որքան պրագմատիկ եք ֆինանսական հարցերում:

1. Սկսենք ամենագլխավորից: Արժե՞ դիմավորել Ամանորը:

ա) իհարկե, չէ՞ որ այն ընտանեկան տոն է՝ լի անակնկալներով և լավ տրամադրությամբ:

բ) ոչ, չարժե: Չէ՞ որ տոներին ուրախանալ չի լինում, եթե բյուջեդ սահմանափակ է:

Պատասխան. երբեք չարժե հուսահատվել: Չէ՞ որ ամանորը դրամապանակի տոն չէ, այն հրաշքների և լավ տրամադրության տոն է: Ամեն ինչ կախված է միայն մեզանից: Նույնիսկ փոքր բյուջեով կարելի է ստեղծել տոն, ամեն ինչ կախված է ներքին տրամադրությունից և մյուսների համար հրաշքներ գործելու ցանկությունից:

 - рис.1

2. Ամանորին պետք է զարդարել տոնածառն ու տունը: Ինչպե՞ս կլուծեք տոնածառի խաղալիքներ, լույսեր և տան համար նախատեսված այլ զարդեր գնելու հարցը:

ա) կգնեմ թանկարժեք խաղալիքներ, եղևնու ճյուղերից պատրաստված զարդեր և այլ զարդարանքներ:

բ) կընտրեմ ավելի մատչելի տոնածառի խաղալիքներ, իսկ մնացած զարդերը կպատրաստեմ ինքս:

Պատասխան. եթե բյուջեն սահմանափակ է, ապա չարժե գնել տոնածառի թանկարժեք ապակյա խաղալիքներ: Նախ, երեխաները կարող են դրանք կոտրել, և դա հաստատ կփչացնի ձեր տրամադրությունը: Հետո էլ, դա շատ թանկ է: Ավելի լավ է ընտրել բյուջետային տարբերակ: Երեխան կարող է ինքը զարդարել տոնածառը, իսկ եթե ինչ-որ բան կոտրի, ձեր տրամադրությունը չի փչանա: Ինչ վերաբերում է մնացած զարդերին, ապա դրանք կարող եք ինքներդ պատրաստել կամ երեխայի հետ, ինչը նրան շատ կուրախացնի: Տարբերակները շատ են, ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից, ավելին, որ հիմա համացանցում կարելի է գտնել զարդարանքի մանրամասն նկարագրություն: Այդպես դուք երեխայի հետ ավելի շատ ժամանակ կանցկացնեք՝ հաճելի գործ անելով:

 - рис.2

3. Ամանորյա մեծ գնումներ են սպասվում: Ի՞նչ կձեռնարկեք:

ա) կգնաք խանութ և կգնեք այն ամենը, ինչ գնում են մյուս հաճախորդները: Ձեր սեղանին ամեն ինչ պետք է լինի, և որքան շատ, այնքան լավ:

բ) տանը նախօրոք կորոշեք մենյուն ու կհասկանաք, թե ինչ է պետք գնել: Կկազմեք գնումների ցուցակ, հետո նոր կգնաք խանութ:

Պատասխան. ամեն ինչ կախված է ձեր բյուջեից: Եթե կկարողանաք դելիկատեսներ գնել, ապա ինչու ոչ, կարելի է տարին մեկ անգամ: Իսկ եթե ձեր միջոցները սահմանափակ են և չեք ուզում խրվել պարտքերի մեջ, ավելի լավ է նախօրոք ամեն ինչ հաշվարկել: Պատրաստեք որևէ նոր ուտեստ և փորձեք շատ չպատրաստել, քանի որ մարդկանց ստամոքսն անսահման չէ, իսկ մթերքները փչանալու սովորություն ունեն:

 - рис.3

4. Երեխան Ամանորին շատ թանկ նվեր է խնդրել, բայց դուք չունեք այն գնելու հնարավորություն։ Ի՞նչ անել:

ա) անպայման կգնեմ, նույնիսկ պարտքով գումար կվերցնեմ: Չէ՞ որ երեխային պետք է անպայման այդ օրն ուրախացնել:

բ) երեխայի հետ նախօրոք կխոսեմ և կբացատրեմ, որ դա շատ թանկ նվեր է: Կփորձեմ գնել նմանատիպ նվեր, որն ավելի մատչելի է՝ չխրվելով պարտքերի մեջ, կամ կգտնեմ ավելի հետաքրքիր և օգտակար այլընտրանք:

Պատասխան. եթե ֆինանսների հետ կապված խնդիրներ չունեք, միշտ կարող եք ուրախացնել երեխային թանկ նվերով: Բայց եթե միջոցները սահմանափակ են, փորձեք չվերցնել վարկ նվեր գնելու համար: Ավելի ճիշտ կլինի նախօրոք խոսել երեխայի հետ իր ցանկությունների մասին: Չէ՞ որ երեխաները նույնպես պետք է մասնակցեն բյուջեի պլանավորմանն ու հասկանան խոշոր գնումների կարևորությունը, հատկապես եթե դա արվում է վարկով:

 - рис.4

5. Շատ հյուրեր եք ունենալու, և բոլորին պետք է նվերներ տաք: Ի՞նչ անել, ի՞նչ նվիրել:

ա) բոլորի համար թանկարժեք ու անհատական նվերներ կգնեմ, որ ոչ ոքի
չնեղանա:

բ) կգտնեմ ոչ թանկարժեք, բայց հաճելի նվերներ:

Պատասխան. անհատական մոտեցումը նվեր ընտրելիս, իհարկե, լավ է։ Բայց եթե դուք ունեք սահմանափակ բյուջե, ապա արժե այլընտրանք փնտրել: Միշտ կարելի բյուջետային լուծում գտնել՝ տաք շարֆեր, հենց այդ մարդու լուսանկարով բաժակ, ամանորյա օրացույց՝ իր լուսանկարներով։ Միգուցե այս ամենը պատրաստելու համար երկար ժամանակ պահանջվի, բայց հաստատ կլինի շատ հաճելի անակնկալ:

 - рис.5

6. Ամանորը նշել տա՞նը, թե՞ ամանորյա տոներին մեկնել արձակուրդ:

ա) Ամանորն ընտանեկան տոն է, և այն ավելի լավ է տոնել ընտանիքի հետ:

բ) իհակե մեկնել արձակուրդ և հեռու մնալ այս իրարանցումից:

Պատասխան. այս հարցում ընտրությունը ձերն է, բայց ամեն ինչ պետք է նախօրոք հաշվարկել, ճշտել, թե որքան գումար կպահանջվի Ամանորը տանը նշելու՝ սեղան գցելու, նվերներ գնելու համար և որքան կարժենա ճամփորդությունն ընտանիքի հետ (ի դեպ նվերներն, ամեն դեպքում, պետք է գնել): Եթե կկարողանաք գտնել ընտանիքի հետ հանգստի բյուջետային տարբերակ, ապա կարող եք մեկնել հանգստի և ուրախ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Բայց եթե նման տարբերակը հարմար չէ, կարելի է ուրախ ժամանակ անցկացնել նաև տանը:

 - рис.6

7. Որտեղի՞ց է ավելի լավ գնել նվերներ՝ խանութի՞ց, թե՞ առցանց:

ա) գնում եմ առցանց և առաքումով, խանութից էժան է ստացվում:

բ) գնում եմ միայն խանութներից, քանի որ ուզում եմ հասկանալ ապրանքի որակը ու չանհանգստանալ առաքման պատճառով:

Պատասխան. այս հարցում կարևոր է գտնել ոսկե միջինը: Որոշ նվերներ, իսկապես, ավելի էժան է պատվիրել առցանց, բայց եթե դուք վստահ եք որակի, առաքման ժամկետների հարցում և ժամանակին եք պատվիրում: Հակառակ դեպքում, ուշացման պատճառով կհայտնվեք վատ դրության մեջ: Ինչ վերաբերում է խանութներին, ապա այստեղ, իհարկե, առաքման և որակի խնդիրներ չկան: Բայց այստեղ ևս պետք է ամեն ինչ ժամանակին անել, քանի որ խանութներում ևս սկսվում է իրարանցում, բացի այդ գներն էլ են բարձրանում:


 - рис.7

8. Արժե՞ նվիրել սեփական ձեռքով պատրաստած նվերներ:

ա) իհարկե, ոչ, հիմա դա ոչ մեկին հետաքրքիր չէ:

բ) իհարկե արժե, չէ՞ որ գլխավորն ուշադրությունն ու հոգատարությունն է, այլ ոչ թե նվերի արժեքը:

Պատասխան. այստեղ ամեն ինչ կախված է բյուջեից: Բայց եթե դուք լավ գործում եք, պատրաստում եք զարդեր կամ ինչ-որ բացառիկ իրեր, ապա դա կլինի հիանալի նվեր մտերիմների և ընկերների համար: Իհարկե, եթե դուք նվիրելու եք ձեր ձեռքով պատրաստված նվերները, ապա պետք է ամեն ինչ նախօրոք պատրաստել: Այս դեպքում կստացվի և′ բյուջետային, և′ էքսկլյուզիվ նվեր:

 - рис.8

9. Պե՞տք է վարկ վերցնել ամանորյա տոների համար:

ա) այո, դա կլուծի միանգամից բոլոր խնդիրները: Կարելի է գցել գեղեցիկ սեղան, գնել հիանալի նվերներ բոլոր մտերիմներին և գեղեցիկ զարդարել տունը:

բ) ոչ, դա հետագայում կհանգեցնի ֆինանսական խնդիրների, չէ՞ որ հետո պետք է վարկը մարել:

Պատասխան. ամեն ինչ կախված է ձեր դրամապանակից: Եթե վարկը դժվարություններ չի առաջացնի, և դուք կկարողանաք այն հանգիստ մարել, ապա կարող եք օգտվել վարկավորումից, իսկ եթե կասկածում եք, ապա ավելի լավ է պարզապես խուսափել չափից մեծ և ավելորդ ծախսերից: Ավելին, դուք դեռ չգիտեք, թե ինչ տեղի կունենա գների հետ Ամանորից հետո:

 - рис.9

10. Դուք կտխրե՞ք, եթե Ամանորին չստանաք թանկարժեք նվեր:

ա) այո, չէ՞ որ նվերի արժեքը վկայում է այն մասին, թե որքան թանկ եմ մտերիմների համար:

բ) ոչ, ամենակարևորն ուշադրությունն է, ոչ թե նվերի արժեքը:

Պատասխան. երբեք մի գնահատեք ձեր մտերիմներին նվերի արժեքով: Հնարավոր է՝ այդ պահին նրանց միջոցները սահմանափակ են, և նրանք չեն կարող գնել շատ թանկ նվեր: Կարևոր է, որ այս ուրախ և լուսավոր տոնին նրանք ձեր կողքին են, հոգատար են, նվիրում են իրենց ջերմությունը: Գնահատեք ձեր մտերիմներին և ճիշտ հաշվարկեք սեփական հնարավորություններն ու ընտանեկան բյուջեն:

 - рис.10

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-