Ինչպես բարելավել ժողովրդագրությունը. նպաստներ, վճարումներ և արտոնություններ
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2019 թվականի առաջին կիսամյակում, պաշտոնական տվյալներով, ծնվել է 16 111 երեխա, ինչը 0,9%–ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Միաժամանակ, այս տարվա 6 ամիսների ընթացքում ամենամեծ թվով երեխա է ծնվել Երևանում` 6 378, ամենից պակաս` Վայոց Ձորում` 238։
2020 թվականից Հայաստանի կառավարությունը սկսում է երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր քայլերի իրագործման գործընթաց։ Մասնավորապես, վերանայվել են առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստների և երեխաների խնամքի ամսական նպաստների չափերը, ներդրվում են նպաստների նոր տեսակներ գյուղերում, ինչպես նաև մեկնարկում է երիտասարդ ընտանիքների և երեխաներով ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական օժանդակության մի քանի ծրագիր։
Ծնելիության խթանման և երիտասարդ ընտանիքների ու երեխաներով ընտանիքների օժանդակության հարցերում նախատեսվող փոփոխությունների մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովման վարչության պետ Անահիտ Գալստյանը։
Նովոստի Արմենիա. պաշտոնական տեղեկության համաձայն, 2020 թվականի հունվարի 1–ից վեց անգամ ավելանում է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը (50 հազարից մինչև 300 հազ դրամ) և կրկնպատակվում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը (150 հազարից 300 հազ դրամ)։ Ինչպե՞ս է դա կատարվելու։ Արդյո՞ք ծնողները պետք է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնեն։
Ա.Գալստյան. քանի որ վճարումների իրականացման կարգում որևէ փոփոխություն չի նախատեսվում, վճարումները կկատարվեն առաջվա պես։ Փոխվել է միայն միանվագ նպաստների չափը։ Նպաստ ձևակերպելու համար պետք է դիմել Սոցիալական ապահովման պետական ծառայության մոտակա տարածքային բաժին կամ օգտվել էլեկտրոնային տարբերակից։ Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ընդգրկում է դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր), ամուսնության վկայականը, երեխայի ծննդականը, սոցիալական քարտը։
Նովոստի–Արմենիա. առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերն էապես ավելացել են։ Արդյո՞ք որևէ սահմանափակում կլինի, և ի՞նչ նպատակներով ծնողները կարող են ծախսել այդ փողը։
Ա. Գալստայն. որևէ սահմանափակում նախատեսված չէ, և ծնողները կարող են ծախսել այդ գումարն իրենց հայեցողությամբ: Որոշակի սահմանափակումներ կան հաջորդ երեխաների ծննդյան ժամանակ ընտանեկան կապիտալի վճարման դեպքում` սկսած երրորդ երեխայից:
Նովոստի-Արմենիա. աշխատող մայրերի համար ամսական նպաստի դեպքում ձևակերպման և վճարումների ընթացակարգը նույնպե՞ս անփոփոխ է:
Ա. Գալստյան. ամսական նպաստը կավելանա` 18 հազար դրամից դառնալով 25,5 հազար դրամ, ընդ որում ձևակերպման և վճարման ընթացակարգը կմնա անփոփոխ: 25,5 հազար դրամը պատահական թիվ չէ, այն սոցիալական վճարումների սահմանված նվազագույն չափն է: Պետք է նշել նաև, որ ընդլայնվել է շահառուների շրջանակը, որոնք կստանան այդ նպաստը: Բացի երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատող մայրերից, այդ նպաստը կստանան նաև գյուղական համայնքներում բնակվող ծնողները: Հիմա գյուղական համայնքներում այդ նպաստը ստանում են միայն երեխայի խնամքի արձակուրդոմ գտնվող այն մայրեր, ովքեր վարձու աշխատողներ են: 2020 թ.-ից նրանք կկարողանան կրկնակի նպաստ ստանալ` և′ որպես վարձու աշխատողներ, և′ որպես գյուղական համայնքներում բնակվողներ: Հիմա այս ամենը նախագծային մակարդակում է: Ավելի հստակ հնարավոր կլինի խոսել համապատասխան օրենքների ընդունումից հետո:
Նովոստի-Արմենիա. 2020 թ.-ից նախատեսվում է պետական աջակցության մի քանի ծրագրերի մեկնարկ, որոնք վերաբերում են երեխայի ծնվելու կապակցությամբ ընտանիքի կողմից հիփոթեքով տուն ձեռք բերելուն: Ի՞նչ ծրագիր է դա:
Ա. Գալստյան. նման ծրագրեր կան: Բյուջեում արդեն նախատեսված գումար կա` մոտ 500 մլն դրամ: Նախատեսված է բնակարանի ձեռքբերման երեք ծրագրերի իրականացում:
Երեխայի ծնվելու կապակցությամբ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար պետությունը կտրամադրի միանվագ դրամական աջակցություն, ինչպես նաև կաջակցի կանխավճարի հարցում այն ընտանիքներին, որոնք բնակվում են մարզերում և ունեն առնվազն երկու անչափահաս երեխա:
Նախատեսվում է պետական աջակցություն ընտանիքներին, որոնք արդեն վերցրել են հիփոթեք երեխայի ծնվելու ժամանակ: Պետությունն այդ ընտանիքներին միանվագ կտրամադրի որոշակի միջոցներ` հիփոթեքի մնացած մասը մարելու համար;
Երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու դեպքում, պետությունը տարեկան ապահովագրավճարի մի մասը վերցնում է իր վրա։
Պետք է նշել, որ պետության մասնակցությունն առաջին երկու ծրագրերում կլինի այնքան բարձր, որքան շատ են երեխաներն այդ ընտանիքներում: Կարևոր է նաև այն, որ նույն ընտանիքը կարող է մասնակցել մի քանի ծրագրերում, եթե համապատասխանում է ներկայացված պահանջներին:
Նովոստի-Արմենիա. ընդհանուր որքա՞ն բյուջե է նախատեսված ձեր կողմից ներկայացված բոլոր փոփոխությունների և նորամուծությունների իրականացման համար:
Ա. Գալստյան. ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի պետբյուջեի նախագծում մանկական նպաստների և ծնելիության խթանմանն ուղղված այլ միջոցառումների համար նախատեսված է մոտ 18 մլրդ դրամ, որից փոփոխությունների համար նախատեսված է մոտ 5,2 մլրդ դրամ: Բնական է, որ վերջնական թվերը պարզ կդառնան բյուջեն ընդունելուց հետո:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

