ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Աճող գնաճի պայմաններում մեր խնայողություններն անխուսափելիորեն արժեզրկվում են։ Այսպես, Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2022թ.–ի ապրիլին, 2021թ.–ի ապրիլի համեմատ, կազմել է 8,4%։ Ստացվում է, որ հիմա նույն փողով կարելի է գնել ավելի քիչ ապրանք։ Ի՞նչ անել աճող գնաճի պայմաններում։ Վազե՞լ խանութ և ամեն ինչ արագ–արագ գնե՞լ, թե՞ սթափ գնահատել իրավիճակը և խելամիտ մոտենալ հարցին։ Ի՞նչ ապրանքներ արժե գնել ապագայի համար, ի՞նչ ապրանքներ` գնել հիմա, քանի դեռ շատ չեն թանկացել։ Եվ այսպես, գործողությունների ի՞նչ ալգորիթմ է գործում` «կանգնել, մտածել, կազմել ցուցակ, գնել»։ Սկսում ենք գլխավորից։
Մթերք

Դժվար թե արժե գնել մեծ քանակի մթերք, քանի որ դրանք բոլորն ունեն պիտանելիության ժամկետ, և, ամենայն հավանականությամբ, մթերքի մեծ մասը ստիպված կլինեք դեն նետել ժամկետանց լինելու պատճառով։ Անհրաժեշտ մթերքի ցուցակը կազմելուց առաջ ստուգեք բոլոր դարակներն ու պահարանները, որտեղ մթերք եք պահում` դեն նետելով ժամկետանց մթերքը։ Հիշեք, որ ձավարեղենի և նպարեղենի պահպանման ժամկետը հաճախ չի գերազանցում 12–18 ամիսը, այդ պատճառով մի գնեք ավելի շատ, քան կհասցնեք օգտագործել մինչև պիտանելիության ժամկետի ավարտը։ Եվս մի չափանիշ է մատչելիությունը։ Ուշադրություն դարձրեք արտերկրից ներկրվող մթերքին, օրինակ` ձիթայուղ, ձիթապտուղ, սուրճ և այլն։ Տեղական մթերքի գներն այդքան էլ արագ չեն ավելանա, քան ներմուծվողներինը, որոնք պետք է գնել առաջին հերթին, քանի դեռ շատ չեն թանկացել։
Դեղորայք

Առաջին հերթին պետք է դեղորայքի պաշար ունենան այն մարդիկ, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ և պետք է ամբողջ կյանքը դեղորայք ընդունեն։ Ստուգեք դեղորայքի տնային պաշարները, ազատվեք ժամկետանց դեղերից և գնեք անհրաժեշտ դեղորայքը` անտիսեպտիկ, ցավազրկողներ և ջերմիջեցնողներ, հակավիրուսային դեղամիջոցներ, հարբուխի դեմ դեղեր, հակագիստամինային դեղամիջոցներ, սորբենտներ, բինտ, սպեղանի (пластырь), ներարկիչներ։
Ապրանքներ երեխաների համար

Նախօրոք հագուստ գնելը միշտ չէ, որ արդարացված է։ Երեխան ամռան ընթացքում կարող է այնքան մեծանալ, որ գարնանը գնված ձմեռային կոմբինեզոնը նրան փոքր կլինի։ Ուշադրություն դարձրեք այնպիսի իրեր վրա, որոնք միշտ անհրաժեշտ են` տակդիր, հիգիենայի միջոցներ, մանկական սնունդ, որն ունի պիտանելիության երկար ժամկետ։
Կենցաղային քիմիա

Ստուգեք ձեր պաշարներն ու միայն դրանից հետո գնացեք խանութ։ Կենցաղային քիմիան սովորաբար այնքան էլ արագ չի օգտագործվում, ամենաանհրաժեշտն, իհարկե, լվացքի փոշին է և ամանի հեղուկը։ Կարելի է հիշել մեր տատիկների խորհուրդները և մաքրող միջոցներից շատերը փոխարինել ավելի էկոլոգիական նյութերով` կիտրոնաթթու, կերակրի սոդա, քացախ։
Կոսմետիկ և հիգիենայի միջոցներ

Գնումների պլանավորումը լոգասենյակում ամեն ինչ կարգի բերելու լավ առիթ է։ Հենց տեղ ազատվի դուք կհասկանաք, թե որքան ավելորդ իրեր են եղել։ Մի գնեք այնպիսի իրեր, որոնք չեք էլ օգտագործելու։ Այստեղ մի կարևոր սկզբունք կա` ավելի լավ է քիչ, բայց ավելի լավը։ Ինչ է իսկապես անհրաժեշտ` ատամի խոզանակ, ատամի մածուկ, զուգարանի թուղթ, օճառ, շամպուն։
Տեխնիկա

Կենցաղային տեխնիկա և գաջեթներ գնելուց առաջ լավ մտածեք, թե իսկապես կարիք ունեք նոր սմարթֆոնի, եթե այն վերջերս եք գնել, կամ հեռուստացույցի, որից այդքան էլ հաճախ չեք օգտվում կամ ընդհանրապես չեք էլ միացնում։ Փորձագետները խորհուրդ են տալիս գնել միայն այն, ինչ իսկապես պլանավորել եք, բայց սպասել եք հարմար պահի։ Այս դեպքում պահը եկել է, մնացած դեպքերում` խնայեք փողը։
Հագուստ

Նոր հագուստ գնելուց առաջ պետք է սկզբում թեթևացնել զգեստապահարանը, հանել այն, ինչի տեսքն արդեն փչացել է, հնացել, և դուք վերջին երկու տարում այդ հագուստը չեք կրել։ Հետո պետք է նայել, թե որ հագուստը որի հետ եք համադրելու, գնահատեք, թե իսկապես ինչն է պակասում, ցուցակ կազմեք և հետո նոր գնացեք գնումների։
Մտածեք, պլանավորեք, գնեք այն, ինչ իսկապես անհրաժեշտ է, այդպես դուք հաճույք կստանաք գնումներից և չեք ափսոսա անիմաստ ծախսած գումարի և բաց թողած հնարավորությունների համար։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-