Հինգ չմտածված գործողություններ, որոնք «հարվածում են» ձեր գրպանին
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շատերը կարծում են, թե նյութական ապահովվածությունը կախված է միայն մեծ աշխատավարձից: Իրականում նույնիսկ ոչ մեծ եկամտով մարդը կարող է ապահովված ապրել, եթե վերահսկի իր քայլերն ու գնումները, որոնք բացասաբար են անդրադառնում ֆինանսների վրա: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է պարզել, թե որ չհիմնավորված քայլերն են բյուջեի ճեղք առաջացնում, և ինչպես դրանից խուսափել: Ձեր գրպանին կարող են հարվածել ինչպես չմտածված քայլերը, այնպես էլ որոշ հարցերում դրսևորած անգործությունը: Դիտարկենք առավել տարածված իրավիճակները:
1. Մասնագիտության սխալ ընտրություն

Հայաստանի բազմաթիվ ընտանիքների ընտանեկան բյուջեի համար մեծ բեռ է երեխաների բարձրագույն կրթության վճարումը: Ապագա մասնագիտություն ընտրելիս երիտասարդները չեն մտածում, թե կգտնեն արդյոք աշխատանք բուհն ավարտելուց հետո: Նրանք ավելի շատ հետևում են ծնողների խորհուրդներին, ընտանեկան ավանդույթներին, այս կամ այն մասնագիտության հեղինակավոր լինելուն և այլն: Արդյունքում, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բուհերի բազմաթիվ շրջանավարտներ չեն կարողանում ըստ մասնագիտության աշխատանք գտնել, ստիպված են վաճառող, մատուցող, վարորդ աշխատել և այլն: Ստացվում է, որ հսկայական միջոցներ զուր են ծախսվել:
Միաժամանակ, ինչպես ցույց են տալիս աշխատաշուկայի բազմաթիվ հետազոտությունները, երկիրն ունի որոշակի մասնագետների պահանջ, որոնց պատրաստում են քոլեջներում և արհեստագործական ուսումնարաններում: Միաժամանակ, այդպիսի ուսումնական հաստատություններից մեծամասնությունում ուսումն անվճար է, այսինքն` կարելի է ստանալ պահանջված մասնագիտությունն առանց ֆինանսական կորուստների:
2. Անպետք կամ շատ թանկ իրերի գնում

Նման գնում կատարելուց առաջ մի մոռացեք մտածել, թե ինչպես եք ապրելու մինչև հաջորդ աշխատավարձը կամ ինչպիսի լրացուցիչ ծախսերի դա կարող է հանգեցնել: Օրինակ, եթե դուք գնել եք հեղինակավոր մոդելի թանկարժեք հեռախոս, հաշվարկեք, թե որքան գումար կծախսեք ամսական ինտերնետի կամ հեռախոսի վերանորոգման համար, արդյոք այդ հեռախոսը հետագայում ձեզ համար գլխացավանք չի դառնա: Կամ եթե գնել եք նորաձև ու թանկարժեք զգեստ, որը հետո կախված կմնա զգեստապահարանում, քանի որ այն կրելու համար հարմար վայրեր չեք այցելում կամ այն արդեն նորաձև չէ, ինչն, ի դեպ, բնորոշ է նորաձև իրերին: Որևէ թանկարժեք իր գնելուց առաջ մի առաջնորդվեք հեղինակության հարցով կամ շրջապատի կարծիքով, այլ նրանով, թե կարող եք, արդյոք, դա թույլ տալ և պետք է իրականում այդ իրը ձեզ, թե ոչ:
3. Չօգտագործվող բաժանորդագրություններ

Ուզու՞մ եք բաժանորդագրվել նախընտրած պարբերականներին կամ երաժշտությանը և այլ հոսքային ծառայություններին, հակավիրուսներին, անգլերեն դասընթացներին։ Մի գաղթակղվեք ամսական գրավիչ արժեքով, հաշվարկեք, թե որքան ստիպված կլինեք վճարել մեկ տարվա համար: Ստոգեք, թե որքան հաճախ եք օգտվում նման ծառայություններից: Եթե չեք հիշում, թե երբ եք վերջին անգամ ամսագիր կարդացել կամ երաժշտություն լսել, ապա դա համոզիչ պատճառ է հրաժարվել բաժանորդագրությունից: Նման պարզ ձևով հնարավոր է գումար խնայել:
4. Բանկոմատներում և վարկային քարտերով գանձվող միջնwրդավճարներ

Օտար բանկի բանկոմատից քարտի միջոցով գումար հանելիս գանձվում է միջնորդավճար: Հիմա գրեթե բոլոր բանկերն ունեն բանկոմատների ցանց, և դրանցից մեկն անպայման կգտնվի ձեզ մոտիկ տարածքում: Ներբեռնեք բանկի պաշտոնական հավելվածը և դրա միջոցով գտեք ձեզ ամենամոտ բանկոմատը, որպեսզի կարողանաք գումար հանել առանց միջնորդավճարի:
Վարկային քարտերի հետ ամեն ինչ շատ ավելի պարզ է. եթե անհրաժեշտ է վճարել գնումների կամ զվարճանքի համար, կարող եք անել դա քարտով: Եթե ընդունում են միայն կանխիկ, ապա գումար պահեք դեբետային քարտի վրա կամ դրամապանակում: Վարկայն քարտի միջնորդավճարները և տոկոսները նվազագույնը կլինեն:
5. Անպետք հեռուստաալիքներ

Կապի և տեխնոլոգիաների ժամանակակից միջոցները թույլ են տալիս հեռուստատեսությամբ անսահմանափակ դիտել ցանկացած ֆիլմ և հաղորդում, սակայն այդ ամենը գումար արժե։ Միաժամանակ որոշ բջջային օպերատորներ հեռուստատեսության ծառայություններ են տրամադրում սմարթֆոնում և համացանցում, որոնք ներառված են սակագնի մեջ և մի քանի անգամ էժան են։ Հաղորդումներ կարելի է դիտել նաև համացանցում։ Տեսահոսթինգն ու հեռուստաալիքների պաշտոնական կայքերն ընձեռում են նման հնարավորություն։ Ինքներդ ձեզ հարցրեք. «120 ալիքից քանի՞սն եմ դիտում ամսվա ընթացքում» և եզրակացություններ արեք։
Եվ վերջում
Հեշտ է հավատալ, որ դուք ֆինանսապես գրագետ մարդ եք և գիտեք` ինչպես ճիշտ տնտեսել` առանց գումարի չմնալու և պարտքերի մեջ չխրվելու համար։
Սակայն միայն գիտելիքները բավարար չեն, հարկավոր են նաև որոշ ջանքեր։ Օրինակ, ուզում եք հիփոթեք վերցնել, ձգտեք ունենալ վարկային լավ պատմություն, ուզում եք հասնել հաջողությունների աշխատանքում, ձեր առջև հստակ խնդիր դրեք։ Ամեն ինչ բարձիթողի մի թողեք, հակառակ դեպքում կարող եք կորցնել ամենաթանկարժեքը` ժամանակը։ Եթե անգամ չեք կազմում երկարաժամկետ ֆինանսական ծրագրեր` վերահսկելով սեփական ծախսերը, դուք ամեն անգամ ներդրում եք կատարում ձեր ապագայում։ Հրաժարվելով վճարովի ծառայությունից, որից չեք օգտվում, ընտրելով ավելի արդյունավետ տոկոսադրույք առաջարկող բանկ կամ բացելով կենսաթոշակային հաշիվ` դուք թեթևացնում ենք ձեր կյանքն ապագայում։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

