ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքացիները մտահոգված են կենսաթոշակային հաշիվների հետ կապված իրավիճակով: Պատճառը նախորդ եռամսյակ այդ հաշիվներում միջոցների զգալի նվազումն է:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզում է տեղի ունեցածի պատճառները:
Օբյեկտիվ պատճառներ
Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի (FINARM) գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը նշել է, որ կենսաթոշակային հաշիվներում միջոցների նվազումը կապված է երկու օբյեկտիվ գործոնների հետ:
Առաջինը միջազգային բորսաներում պարտքային արժեթղթերի արժեքի նվազումն է: Այսօր աշխարհում մի կողմից բաժնետոմսերն էժանացել են, իսկ մյուս կողմից՝ տոկոսադրույքները կտրուկ բարձրացել են, ինչի հետևանքով պարտատոմսերի արժեքը նվազել է: Չէ՞ որ հենց պարտատոմսերում են ներդրվում մեր քաղաքացիների կենսաթոշակային միջոցները:
«Աշխարհում գրանցվող բաժնետոմսերի և պարտատոմսերի գների նվազումն անդրադառնում է նաև Հայաստանի վրա:Այսինքն, տոկոսադրույքները ֆինանսական շոկայում աճում են, պարտատոմսերի գները նվազում են, պարտատոմսերում կատարված ներդրումների ընթացիկ արժեքը նվազում է», - ասել է փորձագետը
Զաքարյանի գնահատմամբ, միջոցների նվազման երկրորդ պատճառն ուղղակիորեն կապված է դրամի ամրապնդմամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ: Բայց հենց դոլարն ամրապնդվի կամ տոկոսադրույքները ֆինանսական շուկայում նվազեն, դա միանգամից դրական ազդեցություն կունենա կենսաթոշակային հաշիվների վրա:
Դրական աճ
Ինչպես նշեց FINARM-ի ղեկավարը, քաղաքացիների հաշիվների գումարներն էականորեն աճել են քաղաքացիների և պետության կողմից կենսաթոշակային ֆոնդեր կատարված ամսական վճարումների հաշվին, ինչպես նաև ֆոնդերի կառավարիչների բարեխիղճ կառավարման շնորհիվ:
Այս պահին նկատվող անկումը, Զաքարյանի կարծիքով, չի կարելի համարել ֆինանսական վնաս, քանի որ պարտատոմսերը, որտեղ ներդրված են քաղաքացիների վճարները, վաճառված չեն: Նրանք գտնվում են կառավարիչների (ֆոնդեր) ենթակայության տակ, անուղղակիորեն արտացոլված են հաշիվներում:
«Եվ երբ աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը հարթվի, կա սպասում, որ այս ամենը կվերականգնվի, և մեզ մոտ կլինի աճ, որը կլինի գրանցված նվազմանը հավասար կամ ավելի շատ», - վստահեցրել է նա:
Սուբյեկտիվ կողմեր
Զաքարյանի գնահատմամբ, կենսաթոշակային ֆոնդերի կառավարման համակարգը թույլ է տալիս նվազեցնել սուբյեկտիվ գործոնների ռիսկը:
«Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները հետաքրքրված են, որպեսզի հաշիվների մնացորդն ավելանա, քանի որ նրանց վճարն ուղղակիորեն կախված է իրենց կողմից կառավարվող ակտիվների մեծությունից», - պարզաբանել է նա:
Միաժամանակ փորձագետն ընդգծել է, որ պետությունը սահմանափակում է ներդրման հնարավորությունները: Մասնավորապես, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին արգելված է ներդրում կատարել բարձր եկամտաբերություն ունեցող, բայց ռիսկային ակտիվներում:
Կառավարիչ ընկերություններ
Հայաստանում 2014թ.-ի հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և գործում է 1974թ.-ի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար:
Օրենսդրության համաձայն, այսօր ֆոնդերում ներդրումների առնվազն 60%-ն իրականացվում է հայկական դրամով, իսկ 40%-ը՝ արտարժույթով միջազգային բորսաներում:
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ զբաղվում է երկու ընկերություն՝ «C-QUADRAT Ampega Asset Management Armenia» ՍՊԸ-ն և «AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT» ՓԲԸ-ն:-0-
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-