Հայ օգտատերերի նկատմամբ ֆիշինգային հարձակումները նվազել են. ի՞նչ է ֆիշինգը, և ինչպե՞ս պայքարել դրա դեմ

05.08.2020, 10:36
Չնայած նրան, որ ֆիշինգը կիբերհարձակման ամենապարզ տարբերակն է, այնուամենայնիվ այն կիբերխարդախության ամենաարդյունավետ տեսակներից մեկն է: Ինչպե՞ս է աշխատում ֆիշինգը, և ինչպե՞ս կարող եք պաշտպանվել դրանից
Հայ օգտատերերի նկատմամբ ֆիշինգային հարձակումները նվազել են. ի՞նչ է ֆիշինգը, և ինչպե՞ս պայքարել դրա դեմ
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ինտերնետ տեխնոլոգիաների զարգացումը հանգեցնում է ոչ միայն առավելությունների, այլև որոշ խնդիրների, մասնավորապես՝ կիբերսպառնալիքների աճին: Նման վտանգների թվում է նաև ֆիշինգը, որը, չնայած իր անվնաս և գեղեցիկ հնչող անվանմանը, բավականին լուրջ սպառնալիք է: Չնայած նրան, որ ֆիշինգը կիբերհարձակման ամենապարզ տարբերակն է, այնուամենայնիվ այն կիբերխարդախության ամենաարդյունավետ տեսակներից մեկն է: Ինչպե՞ս է աշխատում ֆիշինգը, և ինչպե՞ս կարող եք պաշտպանվել դրանից:

Ինչ է ֆիշինգը

Ֆիշինգը (fishing – անգլ. ձկնորսություն) ինտերնետային խարդախությունների տեսակներից է, որն օգտագործվում է օգտատիրոջ անձնական տվյալներն ապօրինի կերպով ստանալու համար, ինչպիսիք են մուտքանունները, գաղտնաբառերը, անձնական հաշիվների և բանկային քարտերի տվյալները: Այն հիմնականում տարածվում է զանգվածային հաղորդագրությունների միջոցով, որոնք ուղարկվում են հայտնի ընկերությունների կամ կազմակերպությունների, օրինակ` PayPal-ի, UPS- ի, կառավարական կազմակերպությունների կամ նույնիսկ ձեր բանկի անունից:

Նման նամակներում գուցե ձեզ քաղաքավարի կերպով խնդրեն թարմացնել կամ հաստատել ձեր անձնական տվյալների ճշգրտությունը` նշելով, որ դրանց մի մասը կորել է: Այդ նամակների մի մասը կարող են պարունակել հատուկ կազմված, վախեցնող տեքստ, ինչը կստիպի խուճապի մատնված օգտատիրոջը հավատալ և շտապ անցնել նշված հղումներով: Իսկ դրանք, իրենց հերթին, ձեզ կտանեն կեղծ կայքեր, որոնք արտաքինից չեն տարբերվում իրական կայքից և որտեղ ձեզանից կպահանջվի մուտքագրել ձեր անձնական տվյալները:

 - рис.1

Եթե մուտքագրեք ձեր տվյալները, չարագործները կստանան անհրաժեշտ տեղեկություններ, որոնք թույլ կտան գողանալ ձեր անձնական տվյալները և, նրանց համար հասանելի կդառնան բանկային հաշիվներում ունեցած ձեր միջոցները: Նրանք կարող են նաև վաճառել ստացած անձնական տվյալները սև շուկայում: Ի տարբերություն ինտերնետում հայտնված այլ սպառնալիքների, ֆիշինգը չի պահանջում խորը տեխնիկական գիտելիքներ կամ լուրջ ներդրումներ: Ըստ տարբեր մասնագետների, մեկ ֆիշինգային հարձակման ինքնարժեքը կազմում է մինչև 2 հազար դոլար, իսկ խաբեբաների կողմից ստացված շահույթը կարող է հասնել տասնյակ հազարների:

Ֆիշինգային հարձակումների տեսակները

Չնայած բազմաթիվ տեսակներին, ֆիշինգային բոլոր հարձակումների ընդհանուր առանձնահատկությունն այն է, որ կեղծիքն օգտագործվում է որոշակի արժեքներ կորզելու համար: Ֆիշինգը լինում է հասցեական, այն ունի նպատակային բնույթ և ուղղված է կոնկրետ անձի կամ կազմակերպության վրա, որի համար ընտրվում է ազդեցության հատուկ մեթոդ:

Նման գրոհները կարող են ուղղված լինել, օրինակ, ընկերության այն աշխատողին, որը պատասխանատու է վճարումները թույլատրելու համար: Դիմելով նրան, իբր, նույն կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյայի անունից, խաբեբաները պահանջում են խոշոր վճարում կատարել մեկ այլ անձի անունով: Սակայն, առաջարկվող հղումը տանում է ոչ թե դեպի վճարային համակարգ, այլ հաքերների կայք:

 - рис.2

Կա նաև կլոնային ֆիշինգ, որը ենթադրում է, որ չարագործները պատճենում են (կլոնավորում են) նախկինում ուղարկված օրինական հաղորդագրությունը, որը պարունակում է հղում կամ հավելված: Այնուհետև փոխում են հղումները կամ կցված ֆայլերը`տեղադրելով վնասակար օբյեկտներ, որոնք ներկայացվում են որպես իրական:

Ամենատարածված ձևերից մեկը «նիգերիական նամակներն» են: Սա նամակ է՝ ուղարկված անհայտ անձի կողմից, որը ներկայանում է որպես ձեր ենթադրյալ հարուստ ազգականի` միլիարդատիրոջ կամ պարզապես հարուստ մարդու փաստաբան, ով իր ժառանգությունը թողել է ձեզ, բայց դրա համար պահանջվում են ձեր բանկային տվյալները:

Կա նաև հեռախոսային ֆիշինգ, երբ ձեզ զանգահարում են՝ ներկայանալով որպես ձեր բանկի աշխատակից և խոսելով հաշիվների կամ հարկերի հետ կապված որոշակի խնդիրների մասին՝ խնդրում են հաստատել ձեր տվյալները, այդ թվում՝ հաշիվների գաղտնաբառերը:

Դրա չարագործ երկվորյակ եղբայրը SMS ֆիշինգն է (կամ «սմիշինգ»), որը նախատեսում է բոլոր նույն գործողությունները, բայց SMS հաղորդագրությունների միջոցով: Վերջերս ֆիշինգային հարձակումների թիրախ են դառնում նաև սոցիալական ցանցերը:

Իրավիճակը Հայաստանում

Հակավիրուսային համակարգերի մշակողների կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն, հայ օգտատերերը վերջին շրջանում ավելի քիչ են ենթարկվել ֆիշինգի: Մասնավորապես, 2019-ին Հայաստանում ֆիշինգի գրոհների է ենթարկվել օգտատերերի 14.52% -ը, մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 15,7% : Ընդ որում, ցուցանիշի անկում է նկատվում նաև հարևան Վրաստանում (2019-ին օգտատերերի 13.83% -ը՝ 2018-ի 16.5% -ի դիմաց): Իսկ Ադրբեջանում, հակառակը, գրոհների թիվն աճել է (2019-ին օգտատերերի 15,59% -ը՝ 2018-ի 13.8%-ի փոխարեն): Միաժամանակ, 2019 թ.-ին ֆիշինգի համաշխարհային միջին ցուցանիշը կազմել է 15,17%՝ մեկ տարի առաջ գրանցված 18,32%-ի համեմատ:

 - рис.3

2018թ.–ի համեմատ, 2019թ.–ին ֆիշինգի ամենամեծ մասնաբաժինն ընկնում է բանկերին, այն ավելացել է 5,46%–ով` կազմելով 27,16%։ 2018թ.–ին առաջատար դիրք զբաղեցնող ինտերնետ պորտալները 2019թ.–ին հայտնվել են երկրորդ տեղում։ 2018թ.–ի համեմատ, նրանց մասնաբաժինը նվազել է 3,6 %–ով (21,12%)։ Միաժամանակ վճարային համակարգերը մնացել են երրորդ տեղում, նրանց մասնաբաժինը 2019թ.–ին կազմել է 16,67% (– 2,65%)։

Ինչպե՞ս բացահայտել ֆիշինգը

Միշտ չէ, որ հնարավոր է հեշտությամբ բացահայտել ֆիշինգային գրոհը, սակայն այդ հարցում կարող են օգնել մի քանի պարզ խորհուրդներ, կարգապահությունն ու առողջ բանականությունը։

Նամակ, հաղորդագրություն կամ զանգեր ստանալիս ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչը տարօրինակ է կամ կասկածելի։ Ամեն դեպքում, թույլ մի տվեք, որ ձեզ վախեցնեն։ Ֆիշինգային գրոհների հաջողության կեսը կախված է ձեր վախից և խուճապից, քանի որ դուք դադարում ենք առողջ դատել։

Ֆիշինգի նշաններից մեկն այն է, որ ձեզ արված առաջարկները, հատկապես նամակի տեսքով, չափազանց շահավետ են, որպեսզի իրական լինեն։ Նամակում կարող են ձեզ տեղեկացնել, որ դուք հաղթել եք վիճակախաղում կամ ինչ–որ արժեքավոր բան եք ժառանգել, ստացել եք թանկարժեք մրցանակ և այլն։ Կասկածելի են նաև նամակներն ու հաղորդագրությունները, որոնք ստացել եք ծանոթ մարդուց, ում հետ, սակայն, շատ հազվադեպ եք շփվում։

 - рис.4

Պետք է զգոն լինել նաև այն դեպքում, եթե նամակի տեքստը ձեզ վախեցնում է կամ տագնապ առաջացնում, հորդորում անհապաղ գործել, օրինակ անցնել հղումով։ Հիշեք, որ պատասխանատու կազմակերպությունները երբեք չեն խնդրում հաճախորդներին փոխանցել անձնական տվյալներն ինտերնետի միջոցով։ Պետք է ուշադիր լինել նաև անսպասելի կամ տարօրինակ կցված ֆայլերին, որոնք կարող են պարունակել վնասակար ծրագրային ապահովումներ։

Եթե դուք անգամ բաց եք թողել վերը նշված բոլոր կետերը, չարժե անցնել առաջարկվող հղումով, ստուգեք այն։ Այդ հղումը կարող է տարբերվել իրական հղումից ընդամենը մեկ սիմվոլով։ Ավելի լավ է URL հասցեն մուտքագրել ձեռքով ու չսեղմել տեքստում ներկայացված հղման վրա։

Ինչպե՞ս չդառնալ ֆիշինգի զոհ

Հետևեք համացանցում անվտանգ վարքի սկզբունքներին և մի անցեք հղումներով, որոնք ուղարկվում են էլեկտրոնային փոստի կամ Facebook–ի կասկածելի կամ անհասկանալի հաղորդագրությունների միջոցով։

Մի ներբեռնեք էլեկտրոնային փոստով ստացված ֆայլերը, որոնք ձեզ համար կասկածելի են։

Ձեր գաղտնաբառերն ու անձնական տվյալները ոչ մեկի մի փոխանցեք։

Ֆիշինգի զոհ չդառնալու համար փորձագետները խորհուրդ են տալիս միշտ ստուգել նամակն ուղարկողի հասցեի իսկությունն ու նամակի մեջ ներկայացված հղումը։ Եթե համոզված չեք, ավելի լավ է չբացել նամակը։

 - рис.5

Իսկ եթե դուք, ամեն դեպքում, հայտնվել եք կասկածելի կայքում, չարժե այնտեղ մուտքագրել որևէ անձնական տվյալ, իսկ եթե պատահաբար չարագործներին եք հայտնել ձեր գաղտնաբառը, ապա շտապ փոխեք այն։

Կարևոր է նաև օգտվել պաշտպանված կապից, հատկապես եթե մուտք եք գործում կարևոր կայքեր, օրինակ օգտվում եք ինտերնետ բանկինգից։

Խորհուրդ է տրվում նաև հնարավորության դեպքում խուսափել հրապարակային Wi-Fi ցանցերից, որոնք այդքան էլ անվտանգ չեն։

Հետևելով այս քայլերին` դուք կնվազեցնեք ֆիշինգային ծուղակում հայտնվելու հավանականությունը։ Շատ կարևոր է օգտվել հակաֆիշինգային տեխնոլոգիաներից։ Ծրագիրը կզգուշացնի ձեզ չարագործների կայք անցնելու վտանգի մասին և կարգելափակի այն։

Ի՞նչ անել ֆիշինգային ծուղակում հայտնվելու դեպքում

Իսկ եթե դուք, ամեն դեպքում, անզգուշ եք եղել և ձեր տվյալներն ուղարկել եք կիբերհանցագործներին, ապա փորձեք միանգամից իրազեկել այդ մասին բանկին և արգելափակեք հաշիվների հասանելիությունը։ Պարտադիր փոխեք գաղտնաբառերը։

Իսկ ի՞նչ անել, եթե դուք ուշ եք գլխի ընկել, և հանցագործներին հաջողվել է որոշակի գումար կանխիկացնել ձեր հաշվից։ Այդ դեպքում, ավելի լավ է դիմել բանկ և գործն ուղարկել ոստիկանություն։ Հաստատ չէ, որ այնտեղ կկարողանան հայտնաբերել և պատժել ֆիշերներին, սակայն գոնե կկարողանան արգելափակել նման սպառնալիքները։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–