Երկարաժամկետ տնտեսական զարգացում. Հայաստանը նոր հնարավորություն է տալիս ձեռներեցներին COVID-19 –ի պայմաններում
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը համավարակի ընթացքում նախատեսված աջակցության ծրագրերի հետ մեկտեղ մտադիր է անցնել նաև զարգացման ծրագրերին։ Իշխանություններն ընդհանուր առմամբ հաստատել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 22 միջոցառում։ Դրանց մի մասը վերաբերում է աջակցությանը բիզնեսին (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես, ՏՏ և այլ ոլորտներ), մյուսներն ուղղված են սոցիալական աջակցությանը, ևս մեկ միջոցառում բնապահպանական է։ Որոշ ծրագրեր արդեն ավարտվել են, որոշներն էլ դեռ ընթացքի մեջ են, և կառավարությունը քննարկում է աջակցության նոր հնարավորություններ։
Երկարաժամկետ հեռանկարներ

Ճգնաժամի ամենասկզբում կառավարությունը հայտարարեց, որ մտադիր է իրականացնել 150 մլրդ դրամի սոցիալ–տնտեսական ծրագիր։ Այդ գումարից 80 մլրդ դրամը նախատեսում է ուղղել տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի ֆինանսավորմանը, 20 մլրդ դրամը` պահուստային միջոցների վերաբաշխմանը, և ևս 25 լրդ դրամ կուղղվի տնտեսական և սոցիալական նախագծերին։ Հաշվի առնելով, որ հակաճգնաժամային միջոցառումների հարցում իշխանություններն արդեն կողմնորոշվել են, հիմա եկել է ավելի երկարաժամկետ ծրագրերի հերթը։
Առաջին երկարաժամկետ ծրագիրը

Կառավարությունն արդեն հաստատել է 50 մլրդ դրամի առաջին երկարաժամկետ ծրագիրը, որի հիմնական նպատակն է աջակցել այն ընկերությունների զարգացմանը, որոնք մնացել են առանց կառավարության աջակցության և բախվել են խնդիրների հետ գործարկման և առաջխաղացման ժամանակ։ Նոր ծրագիրը հնարավորություն է ստեղծել ստանալ աջակցություն և առաջ շարժվել` ավելի ընդլայնված հնարավորություններով։ Նախաձեռնության շրջանակում նախատեսված աջակցությունը տրամադրվելու է այն պայմանով, որ պետության ֆինանսական աջակցության արդյունքում մի քանի անգամ կավելանան մասնավոր հատվածից ակնկալվող ներդրումները։ Պետական աջակցությունը կտրամադրվի 10 փուլով` 5 միլիարդական դրամ ծավալով։
Ակնկալվում է, որ ամեն հաջորդ 5 մլրդ դրամի բաշխումը կուղեկցվի կառավարության առանձին որոշումներով՝ հաշվի առնելով ստացված արդյունքները: Միջոցները տրամադրվելու են ԿԲ-ում ստեղծված և գրանցված Հիմնադրամի միջոցով: Միաժամանակ այս փուլում փոքր ներդրումային նախագծերը չեն դիտարկվելու մարդկային ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով:
Ինչպե՞ս ստանալ աջակցություն

Անհրաժեշտ է կատարել մի քանի պայման պետական աջակցություն ստանալու համար: Առաջին պայմանը հետևյալն է. ներդրողը նախագծում պետք է ներգրավի սեփական միջոցները նույն ծավալով, որքան պետությունը: Երկրորդ պայմանի համաձայն՝ ներդրողը պարտավորվում է վարկային միջոցներ գրավել սեփական ներդրումների և պետության ներդրումների չափով:
Այսինքն, եթե պետությունը 5 մլրդ դրամ է տրամադրում, ապա նեդրողը պետք է նախագծի մեջ ներդնի իր 5 մլրդ դրամը և գրավի 10 մլրդ դրամի չափով վարկ: Հաջորդ պայմանը հետևյալն է. պետության ներդրումները պետք է հանգեցնեն ընկերության սեփական կապիտալի մեծացմանը, այսինքն միջոցները չեն կարող օգտագործվել այլ պարտավորությունների սպասարկման համար:
COVID-19-ը՝ հնարավորությունների ժամանակաշրջան
Բացի պետական աջակցության միջոցառումներից, բիզնեսին աջակցելու նախաձեռնությամբ են հանդես եկել նաև պատգամավորները, ովքեր առաջարկում են փոփոխություններ կատարել «Զբաղվածության մասին» օրենքում: Փոփոխությունների նախագծի համաձայն, գործատուները կստանան 200-350 հազ. դրամի փոխհատուցում այն անձանց աշխատանքի ընդունելու համար, ովքեր չեն կարող աշխատանք գտնել աշխատաշուկայի միջոցով:
Փոխհատուցում կտրամադրվի նաև այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն այն քաղաքացիներին, որոնք կորցրել են աշխատանքը կորոնավիրուսի համավարակի և բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված սահմանափակումների պատճառով: Նախագիծը համահունչ է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների հետ։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–
