Բանկային քարտ․ խելամիտ ընտրություն և արդյունավետ օգտագործում

07.06.2024, 11:22
Կօգնենք «գլուխ հանել» քարտերի բազմազանությունից՝ կյանքը հնարավորինս հարմարավետ և անվտանգ դարձնելու համար։
Բանկային քարտ․ խելամիտ ընտրություն և արդյունավետ օգտագործում

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ժամանակակից աշխարհում մարդը գրեթե չի կարող ապրել առանց բանկային քարտերի։ Կան տարբեր տեսակի քարտեր՝ հաշվի առնելով կարիքներն ու դրամապանակի չափը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը կօգնի «գլուխ հանել» քարտերի բազմազանությունից՝ կյանքը հնարավորինս հարմարավետ և անվտանգ դարձնելու համար։

Վճարային քարտի ի՞նչ տեսակներ կան 

Նախ նշենք, որ 2023թ․–ի վերջի տվյալներով, Հայաստանում շրջանառության մեջ է եղել ավելի քան 3,722 մլն վճարային քարտ, որոնք թողարկվել են հայկական բանկերի կողմից։ Վճարային քարտերը կարելի է դասակարգել՝ ըստ մի քանի չափանիշների.

1․ Ըստ վճարման տեսակի

Цифровая карта кошелек

Դեբետային քարտ. ընթացիկ բանկային հաշվին կցված քարտ է, որը նախատեսված է Ձեր հաշվին առկա միջոցներն օգտագործելու, գումար կանխիկացնելու, գնումներ, փոխանցումներ և այլ գործարքներ կատարելու համար: Ի տարբերություն վարկային (կրեդիտային) քարտի՝ այն թույլ է տալիս օգտագործել միայն այնքան գումար, որքան առկա է Ձեր բանկային հաշվին: Դեբետային քարտերը սովորաբար տրամադրվում են աշխատավարձ կամ այլ փոխանցումներ ստանալու և տնօրինելու համար: 

Վարկային (կրեդիտային) քարտ. նախատեսված է բանկի կողմից Ձեզ տրամադրված վարկի գումարն օգտագործելու համար: Այս քարտերն ունեն գումարի առավելագույն սահմանաչափ, որը Դուք կարող եք ծախսել, իսկ հետո վերադարձնել «պարտքով վերցրած» գումարը բանկին և վճարել տոկոսներ: 

Վարկային քարտերի կարևոր առանձնահատկություններից է այն, որ, ժամանակին վճարելով տոկոսները, Դուք կարող եք լավ վարկային պատմություն ձևավորել և հետագայում հեշտությամբ վարկեր ստանալ: Բացի այդ, արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերի դեպքում նույնիսկ հնարավոր է՝ չկիրառվի տոկոսներ վճարելու պայմանը: 

Հաշվարկային քարտ. միավորում է դեբետային և կրեդիտային քարտերի հատկանիշները: Այսինքն՝ այս քարտերի օգնությամբ Դուք կարող եք օգտագործել Ձեր բանկային հաշվին առկա միջոցները և, դրանից բացի, ծախսել բանկի կողմից տրամադրված վարկը (օվերդրաֆտ): Օվերդրաֆտն առաջանում է այն դեպքում, երբ Ձեր հաշվի մնացորդը բացասական է. ավելի պարզ ասած՝ Դուք ծախսում եք ավելի շատ գումար, քան ունեք: Իհարկե, օվերդրաֆտից օգտվելու դեպքում Դուք ստիպված եք լինում վճարել որոշակի տոկոս: 

2. Ըստ վճարային համակարգի 

Տեղական. Հայաստանում գոյություն ունեցող տեղական քարտային վճարային միասնական համակարգը «ArCa»-ն է: Այս տեսակի քարտերը կիրառելի են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: 2023թ․–ի վերջի տվյալներով, շրջանառության մեջ է գտնվում այս համակարգի ավելի քան 871,8 հազար քարտ։ «ArCa» քարտերի սպասարկման վճարները սովորաբար մատչելի են, դրանք հարմար են աշխատավարձ, թոշակ ստանալու և անկանխիկ վճարումներ կատարելու համար։

Բացի այդ, քարտերը տալիս են այլ առավելություններ. օրինակ՝ «ArCa» համակարգի անդամ բանկերը կարող են համագործակցել միմյանց հետ, և գումար կանխիկացնելիս չեն գանձվի միջնորդավճարներ։ Այս և այլ առանձնահատկությունների մասին կարող եք տեղեկանալ քարտը Ձեզ տրամադրող բանկից։ 

Միջազգային. այս վճարային համակարգերի քարտերը հնարավորություն են տալիս կատարելու գործարքներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Հայաստանում առկա են հետևյալ վճարային համակարգերի քարտերը՝ «Մաստեր քարտ» (MasterCard), «Վիզա» (Visa), «Ամերիքան էքսպրես» (American Express), «Դայներս քլաբ» (Diners Club) և այլն: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նախորդ տարի միջազգային քարտերի շրջանում առավել պահանջված են Visa վճարային համակարգի քարտերը, շրջանառության մեջ է եղել ավելի քան 1,7մլն քարտ, MasterCard–ին բաժին է հասնում 878 հազար քարտ, մյուսներին՝ 249 հազար քարտ։ 

3․ Ըստ կիրառման միջավայրի

Цифровая карта кошелек

Իրական միջավայրում կիրառվող քարտ. այս քարտի միջոցով գործարքներ կատարելու համար հարկավոր է, որ այն ֆիզիկապես գտնվի Ձեզ մոտ: Ընդ որում, դուք կարող եք օգտվել այդ քարտից առցանց գնումներ և վճարումներ կատարելու համար։ 

Վիրտուալ (ինտերնետ) միջավայրում կիրառվող քարտ. եթե քարտն օգտագործելու եք միայն էլեկտրոնային գնումների համար, ապա կարող եք ձեռք բերել դրա վիրտուալ տեսակը: Ի տարբերություն նախորդի՝ այս քարտը գոյություն ունի միայն ինտերնետ միջավայրում կամ, կարելի է ասել՝ «ապրում է» Ձեր սմարթֆոնում կամ համակարգչում: Դուք ստանում եք առցանց հաշիվ և քարտային տվյալներ, գրանցում եք դրանք առցանց հարթակներում և կատարում գնումներ: 

4․ Ըստ տեղեկության պահպանման տեխնոլոգիայի

Չիպային (միկրոպրոցեսորային) քարտ. այս քարտի հիմքում միկրոսխեմա է, որը թույլ է տալիս գրառել ծավալուն տեղեկություն: Տեղեկատվության տեսակները բազմաթիվ են, օրինակ՝ չիպի վրա միաժամանակ կարող է գրառվել տեղեկություն Ձեր սոցիալական կարգավիճակի, ապահովագրական ծառայությունից օգտվելու իրավասության և Ձեզ վերաբերող մի շարք այլ տվյալների մասին։

Դա երաշխավորում է բարձր մակարդակի ապահովություն. տեղեկությունն ապահով պահելու երաշխիք է։

Մագնիսական ժապավենով քարտ. քարտատիրոջ վերաբերյալ տեղեկատվություն է պարունակում (օրինակ՝ անունը, հասցեն, հաշվի համարը և այլն), որը պահպանվում է քարտի մագնիսական ժապավենի մեջ: Օրինակ՝ քարտով վճարում կատարելիս դա անցկացնում են POS տերմինալի հատուկ նախատեսված հատվածով (ընթերցում), որպեսզի տվյալները ստուգվեն։ 

Հիբրիդային (համատեղված) քարտ. նախորդ երկուսի համադրությունն է. քարտի վրա առկա են և՛ միկրոսխեմա, և՛ մագնիսական ժապավեն։ Ներկայումս բանկերն իրենց հաճախորդներին հիմնականում տրամադրում են հենց այսպիսի քարտեր: 

Անհպում կամ NFC վճարումների հնարավորություն ունեցող քարտեր․ այս տեսակի քարտերով գործարքներ կատարելիս հարկավոր է պարզապես քարտը մոտեցնել POS տերմինալին և, առանց PIN կոդը մուտքագրելու, կատարել վճարումներ, որոնք չեն գերազանցում 20 000 ՀՀ դրամը: 

Այլ տեսակներ

0 Цифровая карта кошелек

Վճարային քարտերի շուկայում կարելի է հանդիպել նաև «Կանխավճարային նվեր քարտերի», «Ուսանողական քարտերի» և այլ տարատեսակների, որոնք հիմնականում աշխատում են դեբետային քարտերի սկզբունքով։ 

Ինչպե՞ս արագ ընտրել վճարային քարտ Հայաստանում

Նախ, վճարային քարտը պետք է լինի Ձեր կենսակերպին համապատասխան։

  • Եթե այդ քարտով ստանալու եք աշխատավարձ և օգտագործելու գումարը Հայաստանում, ապա քարտը կարող է լինել Arca։
  •  Եթե օգտագործելու եք նաև արտասահմանում, կարող եք ընտրել Visa, Mastercard կամ այլ քարտեր։ Սակայն հիշե՛ք, որ աշխատավարձի քարտով ցանկալի չէ կատարել առցանց գնումներ, օգտագործել համեմատաբար ռիսկային գործարքներում, քանի որ դա Ձեր եկամուտը պահող քարտն է։
  • Եթե այդ քարտը առցանց գնումների համար է, կարող է լինել վիրտուալ կամ թվային քարտ, որը ֆիզիկապես գոյություն չունի, ուստի դժվարանում է դրա դեմ խարդախություն կազմակերպելը։
  • Եթե շատ եք կատարում գնումներ խանութներից, ապա ընտրե՛ք շատ cash back (գնման գումարի վերադարձ կամ բոնուսներ ու զեղչեր առաջարկող) ծառայություն ունեցող քարտ։

Ո՞ր արժույթով քարտ ընտրել 

Քարտի ընտրությունը կախված է նրանից, թե որտեղ եք պատրաստվում այն օգտագործել․ 

– եթե քարտը կիրառելու եք Հայաստանում, դրամային քարտը հնարավորություն կտա չկորցնել գումար արժութային փոխարկման (կոնվերտացիայի) վրա։ 

– եթե Եվրոպայում օգտագործելու համար եք ձեռք բերում քարտը, կարող եք ընտրել եվրոն որպես արժույթ 

– Ամերիկայի պարագայում հարմար է դոլարով քարտը։ 

Հատուկ թիրախային խմբերի համար գործում են քարտերի հատուկ առաջարկներ, օրինակ՝ ուսանողական քարտեր, կենսաթոշակային քարտեր։ Դրանք տալիս են տվյալ թիրախային խմբին համապատասխան հնարավորություններ։  

Հայաստանում քանի՞ տարեկանից սկսած կարելի է ունենալ բանկային հաշիվ ու վճարային քարտ Կարելի է բացել բանկային հաշիվ և ձեռք բերել վճարային քարտ 14 տարեկանից սկսած։ Արդյունքում կկարողանաք՝

1.  Գումար փոխանցել և ստանալ,

2.  Կատարել անկանխիկ գնումներ,

3.  Ձեռք բերել ապահովագրություն,

4.  Ներբեռնել բանկի բջջային հավելվածը, գրանցել Ձեր անունով օգտահաշիվ, և վերոնշյալ բոլոր գործարքները կատարել առցանց:

ԿԲ–ն հայտնում է, որ այսօր բանկերը դեռ զգուշություն են ցուցաբերում անչափահասներին ծառայություններ մատուցելիս, բայց ժամանակի ընթացքում կընդգրկեն նաև մինչև 14 տարեկաններին։

кошелек

Այսօր բանկերի կողմից առաջարկվող վճարային քարտերն այնքան տարբեր են, որ բոլորին ծանոթանալու համար երկար ժամանակ կպահանջվի։

Կենտրոնական բանկը մշակել է fininfo.am կայքը, որտեղ բոլոր բանկերի վճարային քարտերը ներկայացված են մեկ հարթակում։ 

Կայքը հարմար է, քանի որ կարող եք Ձեր ցանկությամբ ֆիլտրել առաջարկները՝ թողնելով Ձեզ ամենահամապատասխանը։ Օրինակ՝ ընտրել արժույթ, քարտը լինի տեղակա՞ն, թե՞ միջազգային, վարկային գիծ ունենա՞, թե՞ ոչ, իսկ եթե ուսանող եք, ապա քարտեր կան ուսանողների համար։ Ընտրում եք այն չափանիշները, որոնք Ձեզ համար կարևոր են, և կայքը առաջարկում է լավագույն տարբերակները։ Մկնիկի մի քանի սեղմումով և ընդամենը մի քանի րոպեում կարող եք կողմնորոշվել, թե ինչ քարտ է Ձեզ հարկավոր։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։