«Ապագայի բանկն իմ պատկերացմամբ». Հայաստանում շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) հայտարարում է «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ:
Ինչպես նշվում է ՀԲՄ–ի Facebook–յան էջում, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր ավագ դպրոցների և վերջիններիս հավասարեցված կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատությունների սաները:
Շարադրությունների մրցույթի համար առաջարկվում են հետևյալ թեմաները՝ «Ինչպիսի՞ն կցանկանայի տեսնել ապագայի բանկը», «Թվային բանկն իմ պատկերացմամբ», «Ամենահուսալի բանկն՝ իմ պատկերացմամբ», «Խնայել հիմա՝ հանուն ապագայի» կամ նշված հիմնական խորագրի տրամաբանությունից բխող որևէ ազատ թեմա:
Տեսահոլովակների մրցույթի համար խրախուսվելու են առաջարկված հիմնական խորագրից բխողամ ազատ թեմաները, յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ տեսահոլովակ, տեսահոլովակը կարող է նկարահանված լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական տեսախցիկով՝ապահովելով հստակ պատկեր և ձայն, ժանրային, ոճային սահմանափակումներ չկան, տեսահոլովակի տևողությունը պետք է լինի 1 րոպեի սահմաններում, կարելի է օգտագործել համակարգչային ձևավորում, ինչպես նաև ամբողջ տեսահոլովակը պատրաստել համակարգչային անիմացիայի միջոցով։
Աշխատանքները գնահատվելու են նախապես ձևավորված մասնագիտական հանձնախմբերի կողմից: Լավագույն աշխատանքները կխրախուսվեն հատուկ մրցանակներով, նվերներով և հավաստագրերով:
Մրցույթների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Խնայողությունների համաշխարհային օրվա (31.հոկտեմբերի.2019թ.) շրջանակներում նախատեսվող միջոցառումների ընթացքում:
Մրցույթներին մասնակցել ցանկացողները կարող են մինչև հոկտեմբերի 18–ը ներառյալ իրենց աշխատանքներն ուղարկել [email protected] էլ. փոստի միջոցով՝ վերջինիս թեմա (subject) պատուհանում համապատասխանաբար նշելով «ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ» կամ «ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ» բառերը:
Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-