Ստուգեք ձեր ֆինանսական գիտելիքները «12 քայլ» բջջային խաղի միջոցով
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը մշակել է «12 քայլ» բջջային խաղը, որը թույլ է տալիս մասնակիցներին ստուգել ֆինանսական գիտելիքները։
«Այսօր խաղն արդեն հասանելի է Play market–ում և App Store–ում։ Սա մեզ համար նոր ուղղություն է, որի օգնությամբ ցույց ենք տալիս երիտասարդ սերնդի համար հասկանալի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նրանց հետ հաղորդակցվելու կարևորությունը», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը։

Նրա խոսքով, խաղը թույլ կտա բարձրացնել ֆինանսական գրագիտությունը, ցույց տալ ֆինանսական կրթման և այդ ոլորտում գիտելիքների առկայության կարևորությունը, ինչպես նաև ապահովել ինտելեկտուալ ժամանց օգտատերերի համար։
Հարությունյանը պարզաբանեց, որ խաղի ընթացքում առաջարկվում է պատասխանել ֆինանսական ոլորտի ընդհանուր գիտելիքներին վերաբերող հարցերի, այդ թվում` անձնական ֆինանսների, փողերի, արտարժույթի, հիմնադրամի գործունեության, խնայողությունների ձևավորման, վարկերի թեմայով։ Կան հարցեր նաև այլ երկրների արժույթների մասին։
«Խաղի հաղթողներին սպասվում են անակնկալներ և հետաքրքիր հանդիպումներ։ Մենք նախատեսում ենք խաղի մասնակիցների միջև կազմակերպել մրցույթներ, որոնց հաղթողներին սպասվում են տարբեր մրցանակներ», – ասաց Հարությունյանը։
Խաղը հայերեն է և ունի մի քանի փուլ։ Պատասխանելով առաջին փուլի բոլոր 12 հարցերին`խաղացողն անցնում է հաջորդ փուլ, որը ևս պարունակում է ֆինանսական թեմայով 12 հարց։
Խաղի ընթացքում խաղացողը հնարավորություն ունի օգտվել օգնության երկու հնարավորությունից՝ յուրաքանչյուրից մեկ անգամ:
Խաղը հաղթահարելու դեպքում նաև հնարավորություն է տրվում նկարել էկրանն (screenshot) ու պահպանել գրանցած արդյունքը սեփական բջջայինում:–0–
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

