Բիզնեսն Instagram–ում.2021թ.–ի գլխավոր թրենդերը
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Սոցցանցերի ալգորիթմները սրընթաց փոխվում են, և բիզնեսին ավելի դժվար է դառնում հարմարվել դրանց աշխատանքին։ Սկսնակները ստիպված են լինում մշտապես կատարելագործել հմտությունները, հետևել աշխատանքի արդյունավետությանն ու կազմել առաջխաղացման նոր ռազմավարություններ։
Instagram–ում գործող ցանկացած բիզնես էջ երազում է ունենալ ակտիվ բաժանորդներ, որոնք ժամերով կմնան էջում` բարձրացնելով ներգրավվածությունը և ստիպելով Instagram–ի ալգորիթմին աշխատել` գրանցելով վաճառքներ։ Չէ՞ որ Instagram–ն ամենահայտնի սոցցանցերից է ոչ միայն շփման, այլև գումար աշխատելու համար։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է խոսել Instagram–ի աշխատանքի մասին` ներկայացնելով աշխատանքի 2021թ.–ի նորույթները, որպեսզի ձեր հրապարակումները չվերածվեն տեղեկատվական աղմուկի, այլ գրանցեն ցնցող արդյունքներ։
Եվ այսպես, ներկայացնում ենք այս տարվա գլխավոր թրենդերը, որոնք կօգնեն պահպանել բիզնես էջի ներգրավվածությունն ու ավելացնել վաճառքները։
Լոնգրիդեր
Լոնգրիդերն Instagram–ի նոր ձևաչափերից են։ Դրանք երկար տեքստեր են` նկարներով, վերնագրերով և հղումներով։ Այս թարմացումը նախատեսված է հաջորդական հրահանգներ ստեղծելու համար և դեռևս հասանելի չէ բոլոր երկրներում։ Instagram Guides–ը հիանալի հնարավորություն է ցանկացած թեմայի շուրջ քարտերով գեղեցիկ ընտրանի ստեղծելու համար։ Սակայն թարմացումն ունի տեխնիկական սահմանաչափ` 30 քարտից ոչ ավել։ Նման ուղեցույցում կարելի է ներառել 3 տեսակի կոնտենտ` սովորական հրապարակում, shopping tag–ի հետ հրապարակումներ (Հայաստանի և Ռուսաստանի համար նման ֆունկցիա դեռևս հասանելի չէ) և գեոլոկացիայով հրապարակումներ։

Instagram Reels
Հայտնի TikTok–ի հետ արժանի մրցելու համար Instagram–ը գործարկել է վիրուսային վիդեոկոնտենտի իր տարբերակը։ Instagram Reels–ը հետաքրքիր վիդեոներ ստեղծելու և էջի ներգրավվածությունն ընդլայնելու լավ միջոց է։ Օգտատերերը հնարավորություն ունեն ձայնագրել և խմբագրել 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր և հրապարակել դրանք stories–ներում, էջում և պրոֆիլում գտնվող «Reels» նոր բաժնում։ Այս ձևաչափը հարմար է սոցցանցի ներսում կրեատիվ տեսակոնտենտ ստեղծելու համար։ Այս թարմացումը լավ գործիք է մարկետինգի համար, որն արդեն հասանելի է նաև Հայաստանում։

Shopping Tag
S-commerce–ի ևս մեկ օգտակար գործիք է Shopping Tag–ը։ Սա նոր ֆունկցիա է, որը թույլ է տալիս կատարել գնումներ` տանից դուրս չգալով։ Այն հարմար է ապրանքներ և ծառայություններ վաճառելու համար։ Թարմացման գլխավոր առավելություններից է մեկ էջից մյուս էջ անցում կատարելու կրճատումը։ Օգտատերը որոշում է գնել որևէ բան և չանցնելով հղումով դեպի խանութի կայք` կարող է կատարել գնումը հենց Instagram–ի ներսում։ Գործիքի օգնությամբ կարելի է ունենալ քարտ յուրաքանչյուր ապրանքի համար ինչպես ինտերնետ խանութում է։

Live Rooms
Live Rooms-ը կամ կենդանի սենյակները նոր ձևաչափ է, որը դեռ ոչ բոլոր երկրներում է հասանելի։ Միայն պատկերացրեք, Instagram–ը շուտով թույլ կտա կազմակերպել ուղիղ եթերներ թոք–շոուի, պանելային բանավեճի կամ համատեղ սթենդափի ձևաչափում։ Մշակողները կարծում են, որ այս նորույթը թույլ կտա բացահայտել Instagram–ի բիզնես էջերի ստեղծագործական ներուժը, որոնք հնարավորություն կունենան վարել սեփական հաղորդումները, ինչպես նաև շփվել բաժանորդների/հաճախորդների հետ։ Ֆունկցիան դեռևս ոչ բոլորին է հասանելի, բայց մշակողները խոստանում են արագացնել դրա ներդրումը։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

