Հոգեբանը պատմել է`ինչպես է ժամանակակից հայուհու ֆինանսական անկախությունը փոխել նրա դերն ընտանիքում
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից հայ կանայք մեր օրերում ֆինանսապես շատ ավելի անկախ են, քան նախկինում։ Նրանք կրթված են, ինքնաբավ, լավ վաստակում են։ Այս ամենը զգալիորեն ազդում է կնոջ ինքնագնահատականի և ընտրության ազատության վրա։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ «կնոջ ֆինանսական անկախության» ընկալումը մնում է վիճահարույց հասկացություն, այդ թվում` հայ հասարակությունում։
Կանանց միամսյակի շրջանակում «Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ հայուհիների ֆինանսական անկախության և դրա պատճառով առաջացած հոգեբանական և ընտանեկան խնդիրների թեմայով։
«Նովոստի–Արմենիա». Ինչպե՞ս է փոխվել հայ կնոջ հոգեբանական կերպարն այն բանից հետո, երբ նա դարձել է ֆինանսապես անկախ։
Ի. Ծատուրյան. Կասեի, որ փոխվել է ողջ հայկական ընտանիքի հոգեբանական կերպարը։ Երկրաշարժից և 90–ականների ռազմական գործողություններից հետո հայկական ընտանիքի կերպարը խախտվեց, ինչի հետևանքով փոխվեցին և խախտվեցին բոլոր կարծրատիպերը, որոնցում ապրում էր հայկական ընտանիքը։
Չեմ ցանկանում նշել դա լավ է, թե վատ, քանի որ այդ ամենը խորը վերլուծության առարկա է։ Եթե մինչև 90–ականների սկիզբը ամուսնացած հայուհիներից շատերն իրենց պաշտպանված էին զգում, ապա մեր հանրապետությունում տեղի ունեցած կատակլիզմներից հետո այդ պաշտպանվածությունն անհետացավ։ Պատերազմ գնացած բազմաթիվ տղամարդիկ այդպես էլ չվերադարձան, կտրուկ վատացավ ընտանիքների սոցիալական վիճակը, տղամարդիկ գումար վաստակելու նպատակով սկսեցին մեկնել այլ երկրներ։ Այդ ժամանակ եկավ մի պահ, երբ կանայք ստիպված եղան իրենց վրա վերցնել ընտանիքի ամբողջ բեռը և սկսել ինքնուրույն գումար վաստակել։

Եթե մինչև 90–ականները աշխատող կինն ընտանիքի համար որևէ ֆինանսական հետաքրքրություն չէր ներկայացնում, քանի որ ընդունված էր, որ նա վաստակում է անձնական կարիքները հոգալու համար, ապա 90–ականներից հետո կինը շատ ընտանիքներում դառնում է կերակրող։ Եվ հենց այստեղ էապես փոխվում է կնոջ գենդերային նշանակությունը։
Կինը դառնում է կերակրող, սակայն միաժամանակ շարունակում է կատարել իր դերը` հաշվետու լինել ամուսնուն, բացի այդ` նաև սկեսրոջը։ Այսպես էլ սկսվել է ընտանեկան ֆինանսական բռնության դարաշրջանը։
«Նովոստի–Արմենիա». Իսկ ի՞նչ է ենթադրում «ֆինանսական բռնություն» արտահայտությունը։
Ի. Ծատուրյան. Մասնագետները կարծում են, որ ցանկացած ընտանիքում կարող է լինել բռնության չորս ձև` հոգեբանական, սեքսուալ, ֆինանսական և բարոյական։
Հիմա շատ ընտանիքներում կինը տղամարդուց ավելի շատ է վաստակում, սակայն միաժամանակ տղամարդը շարունակում է մնալ ընտանիքի «գլուխը»։ Նախկինում տղամարդը համարվում էր ընտանիքի «գլուխը», քանի որ նա էր գումար վաստակում, ապահովում կնոջն ու երեխաներին։ Նորմալ էր ընկալվում, երբ կինը չէր աշխատում, զբաղվում էր տնային գործերով և երեխաների դաստիարակությամբ։ Հիմա իրավիճակը փոխվել է. կինը գումար է վաստակում, սակայն տղամարդը շարունակում է մնալ ընտանիքի «գլուխը»։
Ֆինանսահոգեբանական բռնության ևս մի տեսակ է այն իրավիճակը, երբ տղամարդը հնարավորություն չի տալիս կնոջը զարգանալ, կրթություն ստանալ և այլն։ Նա չի ընդունում այն փաստը, որ կինը հանկարծ կարող է սկսել վաստակել և դառնալ ֆինանսապես անկախ։

Հանդիպում է նաև ֆինանսական բռնության մի դեպք, երբ ամուսինը թաքցնում է իր եկամուտները։ Դա վերջերս բավականին տարածված երևույթ է, որը, ցավոք, փաստում է ընտանեկան կեցվածքի թուլացման մասին։ Բազմաթիվ տղամարդկանց մոտ ավելացել են պահանջմունքները, և դրանք բավարարելու համար նրանք պետք է թաքցնեն իրենց իրական եկամուտները, որպեսզի ազատ տնօրինեն սեփական փողերը։
Ֆինանսական բռնության հաջորդ իրավիճակի դեպքում տղամարդը թույլ չի տալիս կնոջն աշխատել։ Նման իրավիճակում ամուսնալուծության դեպքում կինը հայտնվում է շատ ծանր վիճակում, հատկապես, եթե նա ունի երեխաներ։
Ֆինանսական բռնության ևս մեկ տարածված տեսակ է, երբ ամուսիններն իրենց կանանցից պահանջում են ծախսերի մասին հաշվետվություն։ Ես մի կին այցելու ունեի, ով գնում էր խանութ և մթերքի հետ միասին ամուսնուն ներկայացնում նաև կատարված գնումների չեկերը։
Հանդիպում են նաև դեպքեր, երբ ամուսինն ամբողջությամբ վերահսկում է կնոջ եկամուտները։ Իմ կարծիքով, դա բռնության ամենախայտառակ ձևն է։ Մենք շատ հաճախ բախվում ենք նաև ընտանեկան ֆինանսական բռնության դեպքերի հետ, երբ առաջին ջութակի դերը կատարում է սկեսուրը։
Հարսը գումար է վաստակում, աշխատավարձը բերում տուն, սակայն սկեսուրն է որոշում, թե ինչպես պետք է ծախսվի գումարը։
«Նովոստի–Արմենիա». Էլ ի՞նչը կարող է դառնալ ընտանիքում ֆինանսական խնդիրների պատճառ։
Ի. Ծատուրյան. Ֆինանսական շատ մեծ խնդիրներ են առաջանում, երբ ընտանիքում լինում են երեխաներ առաջին ամուսնությունից։ Այս ամենը վերաբերում է ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց։ Կանայք հաճախ արգելում են տղամարդկանց գումար ծախսել առաջին ամուսնությունից ծնված երեխաների վրա։ Ընդհանուր առմամբ ֆինանսական բռնության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ տեղի է ունենում մեկ այլ անձի կողմից մյուսին ստորացնելու գործընթաց։ Այդ ամենը հիմնականում վերաբերում է կանանց։
«Նովոստի–Արմենիա». Որքա՞ն հաճախ են ձեզ դիմում կին այցելուներ, ովքեր ունեն ֆինանսական բնույթի խնդիրներ։
Ի. Ծատուրյան. Մարդիկ հիմնականում դիմում են օգնության ամուսնու հետ վատ հարաբերությունների պատճառով։ Բայց հետո պարզվում է, որ խնդիրների սկզբնաղբյուրը ֆինանսական հարցերն են։–0–
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-

