Հայկական դպրոցներում ֆինանսական կրթության ծրագիրն աննախադեպ հաջողություն է գրանցել. այն կշարունակվի

27.06.2018, 10:15
Երևանում ամփոփվեցին «Ֆինանսական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագրի արդյունքները։
Հայկական դպրոցներում ֆինանսական կրթության ծրագիրն աննախադեպ հաջողություն է գրանցել. այն կշարունակվի

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում երեքշաբթի ամփոփվեցին «Ֆինանսական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագրի արդյունքները։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԲ–ի, Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ծրագրում մասնակցած մանկավարժներ։ Նրանց հանձնվեցին նվերներ և անվանական սերտիֆիկատներ, որոնք հավաստագրում են նրանց մասնակցությունը ծրագրում։ 

Ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը մեկնարկել է 2017 թ.–ի սեպտեմբերին։ Ծրագրում ընդգրկված էր 14 դպրոց, որոնց 46 մանկավարժներ անցել են որակավորման բարձրացման հատուկ դասընթացներ, որպեսզի դպրոցականներին ուսուցանեն ֆինանսական գրագիտություն։ 

 - рис.1

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։ Նրա խոսքով, ծրագիրն ունեցել է աննախադեպ հաջողություն։ Մկրչտյանը հայտարարեց, որ ԿԲ–ն իր գործընկերների հետ համատեղ մտադիր է շարունակել ծրագիրը նոր ուսումնական տարում և ներգրավել նոր դպրոցներ, մանկավարժներ և աշակերտներ։ 

Մկրտչյանը նաև հայտարարեց, որ 2018 թ.–ին նախատեսվում է վերապատրաստել 3150 մանկավարժ, 350 դպրոցներում ներդնել ֆինանսական գրագիտության ուսուցման ծրագիր։

«Միայն մեկ շրջանում կենտրոնացումը չի ապահովի ծրագրի տարածման անհրաժեշտ արդյունք։ Ընդհանուր առմամբ, նախագծի իրականացման երեք տարում նախատեսվում է վերապատրաստել 10892 մանկավարժ և երկրի բոլոր 1438 դպրոցներում ամբողջությամբ ներդնել ֆինանսական կրթության ծրագիրը», – հայտարարեց Մկրտչյանը։ 

Նա նաև նշեց, որ ծրագիրն ունի ավելի մեծ հաջողություն, քան կարելի էր ենթադրել։

«Դիտարկումը ցույց է տալիս, որ դպրոցականները բավականին հեշտությամբ են ընկալում այդ տեղեկատվությունը, քանի որ կյանքում հաղորդակից են լինում հիմնական հայեցակարգերի հետ, որոնք մենք ներկայացնում ենք ծրագրի շրջանակում», – հայտարարեց Մկրտչյանը։

Նա նաև նշեց, որ ստանալով կոորդինացված գիտելիքներ` երեխաները սպունգի պես ներծծում են դրանք` դրսևորելով բավականին բարձր ակտիվություն։ 

ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանն իր հերթին հայտարարեց, որ ծրագրի առանձնահատկությունն այն է, որ երեխաները փոքր տարիքից սովորում են ճիշտ կառավարել սեփական ֆինանսական միջոցները։

«Ցավոք, մեր ժամանակներում անգամ շատ մեծահասակներ չունեն սեփական ռեսուրսները ճիշտ կառավարելու նվազագույն հմտություններ։ Այս ծրագիրն արդեն 2–րդ դասարանից սովորեցնում է երեխաներին ռացիոնալ կառավարել սեփական միջոցները», – հայտարարեց Առաքելյանը։

Նրա խոսքով, ֆինանսական կրթության ծրագրի իրականացումը թույլ է տալիս դնել կապիտալի և անձնական միջոցների կառավարման հիմքեր, ինչն իր հերթին թույլ կտա երեխաներին հետագայում լինել ավելի պատրաստ ժամանակակից աշխարհի իրողություններին։

Նշենք նաև, որ ծրագրի բոլոր թեմաները բաժանված են տարիքային խմբերի։ Այսպես, տարրական դասարաններ ավարտած աշակերտը կիմանա, թե ինչ է բյուջեն, ինչ մասերից է այն բաղկացած։ Միջին դասարաններ ավարտած աշակերտը պատկերացում կունենա, թե ինչպես կարելի է ճիշտ օգտվել ֆինանսական ծառայություններից` անձնական բյուջեի կառավարման նպատակով։ Ավագ դասարանների աշակերտներին այս բոլոր թեմաները կներկայացվեն ավելի խորացված։ 

Արդյունքում, շրջանավարտները կտիրապետեն անհրաժեշտ ողջ տեղեկատվությանը անձնական բյուջեի արդյունավետ կառավարման մասին, որպեսզի կարողանան խնայողություններ կատարել և չբախվել խնդիրների հետ ֆինանսական հաստատությունների հետ առնչվելիս ու ֆինանսական ծառայություններ սպառելիս։ 

 - рис.2

Մաթեմատիկայի դասագրքերում արդեն կան պարզ և բարդ տոկոսների խնդիրներ, որոնք լայն կիրառում ունեն ֆինանսական համակարգում, և հետևաբար, նախատեսվում է, որ դասագրքերում կներկայացվեն վարկերի և ավանդների մասին խնդիրներ։ Երեխաները, լուծելով նման խնդիրներ, անուղղակի կերպով կծանոթանան իրական աշխարհի հետ։

2014 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Հայաստանում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը, որը մշակվել է պետական, մասնավոր և հասարակական ոլորտի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի ջանքերով: Այս ռազմավարության ամենակարևոր բաղադրիչներից է դպրոցներում ֆինանսական կրթության ներդրումը, որի նպատակն է սովորողներին զինել գիտելիքով, հմտություններով և վստահությամբ՝ գիտակցված և պատասխանատու ֆինանսական որոշումներ կայացնելու համար։ Ծրագրի ձևաչափը որոշված է, և այս փուլում մշակվում են մանկավարժների պրոֆեսիոնալ նախապատրասման մոդուլներ։ 

Ծրագրի շրջանակում առանձնացվել է մի քանի թեմատիկ ոլորտ, որոնց իմացությունն անհրաժեշտ է դպրոցականների համար։ Ընդհանուր առմամբ նախատեսված է 7 թեմատիկ ոլորտ. ընդհանուր տնտեսական հասկացություններ, անձնական բյուջեի կառավարում, խնայողություններ և երկարաժամկետ պլանավորում, պարտքերի կառավարում, ֆինանսական ծառայությունների արդյունավետ ընտրություն, սեփական շահերի և իրավունքների պաշտպանություն ֆինանսական ոլորտում, ֆինանսական խարդախությունների և զեղծարարությունների կանխարգելում և պաշտպանություն։ Այս թեմաներից յուրաքանչյուը մշակված է մատչելի ձևով` աշակերտների տարբեր կատեգորիաների համար։–0– 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։