Ամենաակտուալ նվերները Շան տարում
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ըստ չինական օրացույցի, 2018 թվականի հովանավորը Դեղին Հողե շունն է: Այս կենդանին շատ հավատարիմ է, ուրախ, բարի և պրակտիկ։ Այդ պատճառով հարազատների և մտերիմների համար նախատեսված նվերները ևս պետք է լինեն բարի, լի դրական լիցքերով։ Այդ նվերները պետք է պաշտպանեն ընտանեկան երջանկությունը, օջախի ջերմությունը, ընդգծեն նվիրվածությունը, սերն ու հավատարմությունը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին բազմիցս ներկայացրել է խորհուրդներ այն մասին, թե ինչպես տնտեսել տոնական սեղանի գնումների ժամանակ, ինչպես ուրախացնել մտերիմներին և ընկերներին ոչ թանկ, սակայն բավականին հաճելի նվերներով։ Իսկ այժմ մենք առաջարկում ենք նվերների տարբերակներ, որոնք նախընտրում է 2018 թվականի խորհրդանիշը` Շունը, և որոնք, անկասկած, կբերեն հաջողություն այս տարի։

Շան տարում նվերի ամենամոդայիկ գույններն են բնական հագեցած գույները, ինչպես նաև դեղինի բոլոր երանգները։
Այդ իսկ պատճառով համարձակ ընտրեք նվերներ ու փաթեթավորման թղթեր ոսկեգույն, նարնջագույն, շագանակագույն, զաֆրանի, սաթե և նմանատիպ գույներով: Շանը դուր կգան նաև մանանեխի ու խակի գույները: Հիշեք, որ տարվա խորհրդանիշը կարող է պատկերված լինել նվերների, փաթեթավորման կամ բացիկի վրա: Գլխավորն այստեղ գույնն է:

Տարվա խորհրդանիշ Շունը նպաստում է օջախի ջերմությանը, և նրան, անշուշտ, դուր կգա, եթե դուք նվիրեք ձեր ընկերներին ու մտերիմներին առօրյա կյանքում օգտակար նվերներ: Տան համար գտեք սպիտակեղեն, սպասք, խոհանոցային սրբիչներ, կտավներ, սպասքեղեն շան պատկերով: Սեփական օգտագործման համար`բրդյա շարֆեր, ձեռնոցներ, գուլպաներ, խալաթ: Շունն օջախի լույսը պահողն է, այդ իսկ պատճառով նվերները կարող են նախատեսված լինել ամբողջ ընտանիքի համար` նկարների շրջանակներ, լավ ֆիլմերով սկավառակներ, խաղեր, ամբողջ տարվա համար կանխատեսումներով թխվածքաբլիթներ: Շները սիրում են նաև ակտիվ հանգիստ, և տարբեր սպորտային պարագաները դուր կգան 2018 խորհրդանիշին` շանը:

Շատ ակտուալ են թեմատիկ «շան» նվերները` շների բոլոր ցեղատեսակների, շան ձագերի ու ամբողջ շան ընտանիքների արձանիկներ: Դա կարող է լինել փափուկ խաղալիք, կախազարդ, ափսե կամ բաժակ շան պատկերով, նկարների ալբոմ, մագնիս, ֆլեշ կրիչ, շոկոլադ, տոնածառի խաղալիքներ և երաժշտական բացիկներ: Նորաձև են նաև մարտկոցով աշխատող շունիկներ, որոնք զվարճալի երգեր են երգում կամ խոսում են մարդու նման: Իսկ իսկական շուն չարժե նվիրել, եթե դուք նախօրոք չեք պայմանավորվել:
Երեխային կարելի է նվիրել շան տեսքով ուսապարկ: Շատերին հետաքրքիր կլինեն փազլներ ու կոնստրուկտորներ: Պլանշետների համար նախատեսված ծածկաշապիկ շան պատկերով կամ հենց պայուսակներ: Կարելի է գնել նաև հողաթափեր ու շապիկներ շան պատկերով: Սրբիչ, քնազգեստ, խալաթ` միայն թե շուն պատկերված լինի: Տարեցներին կարելի է շան բրդից գործված գոտիներ կամ գուլպաներ նվիրել, այդ բուրդը համարվում է ամենատաքը ու ամենաբուժիչը:
Հուզիչ են սեփական ձեռքերով պատրաստված նվերները: Դա կարող է լինել շան տեսքով թխվածքաբլիթ, որը պատրաստված է համեղ բաղադրատոմսով ու գեղեցիկ փաթեթավորված է, սպասք կամ ապակեղեն` ներկված հատուկ ներկերով, ինչպես նաև գործված իրեր:
Շատ են վաճառում զվարճալի նվերներ տարվա խորհրդանիշով, որոնք հաճելի է նվեր ստանալ: Օրինակ` տան հաչացող կողպեքներ կամ թեյնիկի համար նմանատիպ սուլիչ: Ամբողջ տարում ձեր ջերմ վերաբերմունքի մասին կհիշեցնի զարթուցիչը, որը ոչ միայն հաչում է, այլ նաև փախչում է, իսկ անջատել այն կարելի է` միայն հասնելով նրան: Նման նվերը ոչ միայն օրիգինալ է, այլ նաև օգտակար, քանի որ թույլ չի տա մարդուն քնած մնալ կամ ուշանալ կարևոր հանդիպումից:

Չմոռանաք նվեր պատրաստել ձեր շան համար, քանի որ սա նրա տարին է, և անհրաժեշտ է գոհացնել նրան: Շունը նույնպես տան անդամ է, և նա ուրախ կլինի մասնակցել այս տոնակատարությանը և ստանալ իր նվերը: Եթե դուք հյուր եք գնում տուն, որտեղ շուն կա, ապա ուղղակի սիրուն չի լինի նվերներ տանել տան անդամներին, իսկ շանն անտեսել: Տան անդամներին նույնպես հաճելի կլինի, եթե դուք ուշադրություն դարձնեք իրենց ընտանի կենդանու վրա:
Աստղաբանները խորհուրդ չեն տալիս շանը նվիրել ծակող-կտրող առարկաներ, նաև խորհուրդ չի տրվում որպես նվեր ընտրել օծանելիք, բուրամոմեր, որովհետև շունը լավ հոտառություն ունի և դեմ է սուր հոտերին: Շանը վախեցնում են զանազան պայթուցիկներն ու հրավառությունները և, իհարկե, կատուն, որի պատկերները նվերների վրա կտրականապես արգելվում են: -0-

