Պլանավորում ենք ընտանեկան բյուջեն

27.04.2017, 11:53
Մինչև աշխատավարձը դեռ մեկ շաբաթ կա, իսկ դրամապանակը դատարկ է։ Եվ թվում է, թե ինչ–որ յուրահատուկ իրեր չեք էլ գնել։ Ծանոթ իրավիճակ է, այնպես չէ՞։ Փողն այդպիսի մի տհաճ առանձնահատկություն ունի. այն կա և հանկարծ աչքդ թարթում ես ու այն արդեն անհետանում է։ Եվ պատճառը ոչ միայն այն է, որ մենք բավարար չենք վաստակում, այլ նաև այն, որ չենք կարողանում կազմել սեփական ընտանիքի գլխավոր ֆինանսական պլանը։
Պլանավորում ենք ընտանեկան բյուջեն
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մինչև աշխատավարձը դեռ մեկ շաբաթ կա, իսկ դրամապանակը դատարկ է։ Եվ թվում է, թե ինչ–որ յուրահատուկ իրեր չեք էլ գնել։ Ծանոթ իրավիճակ է, այնպես չէ՞։ Փողն այդպիսի մի տհաճ առանձնահատկություն ունի. այն կա և հանկարծ աչքդ թարթում ես ու այն արդեն անհետանում է։ Եվ պատճառը ոչ միայն այն է, որ մենք բավարար չենք վաստակում, այլ նաև այն, որ չենք կարողանում կազմել սեփական ընտանիքի գլխավոր ֆինանսական պլանը։

Ինչի՞ց սկսել

Դուք ցանկանում եք սովորել պլանավորել ընտանեկան բյուջեն, սակայն չգիտեք, թե որտեղի՞ց սկսել։ Խորհուրդները շատ են, սակայն ինչպե՞ս իմանալ, թե ինչ է հարկավոր հենց ձեզ։ Գլխավորը կողմնորոշվելն է ընտանեկան բյուջեի պլանավորման բազմաթիվ ու տարատեսակն միջոցների շարքում։ Սկզբում պետք է կազմել ամսական եկամուտների և ծախսերի նախահաշիվը։ Եթե դուք սիրում եք էլեկտրոնային գրառումներ կատարել, ապա տարբերակները բազմաթիվ են` Excel–ի պարզ աղյուսակներից մինչև անձնական ֆինանսները հաշվառելու համար նախատեսված բազմաթիվ ու հարմար ծրագրերը, որոնք թույլ են տալիս միանգամից կատեգորիաների բաժանել բոլոր եկամուտներն ու ծախսերը։

Եկամուտ են համարվում բոլոր մուտքերը` աշխատավարձը, թոշակը, կրթաթոշակը, բնակարանի վարձակալությունից ստացված շահույթը։ Ոչ կանոնավոր եկամուտները` դրամական պարգևները, նվեր ստացած գումարը, ևս գրանցում ենք, սակայն առանձին, քանի որ դրանք գրեթե անհնար է նախօրոք պլանավորել։

Ծախսերի բաժնում կարևոր է գրանցել այն ամենը, ինչի վրա դուք գումար եք ծախսում` խանութների գնումները, տրանսպորտային ծախսերը, կոմունալ ծառայությունների վճարները, վարկի մարման ծախսերը, ընկերուհու կամ ընկերոջ հետ խմած մի բաժակ սուրճը կամ մեկ գավաթ գարեջուրը, անգամ 100 դրամով գնած պաղպաղակը, ամեն ինչ պետք է գրանցվի։

Ծախսերն, ի դեպ, իրենց հերթին բաժանվում են մի քանի կատեգորիաների։ Կան պարտադիր և անխուսափելի ծախսեր` սնունդը, տրանսպորտը, կոմունալ ծառայությունների վճարները, անհրաժեշտ հագուստը։ Կան ոչ պարտադիր ծախսեր, որոնցից անհրաժեշտության դեպքում կարելի է հրաժարվել` արձակուրդ, ռեստորան, կենցաղային տեխնիկա։

Ի դեպ, ընտանիքի բյուջեի պլանավորման մասնագետները ֆինանսական հաջողությանը հասնելու համար առաջարկում են հավասարակշիռ վիճակում պահել ֆինանսների երեք ոլորտները` ընդհանուր եկամուտը բաժանելով երեք մասի` 50%–ը հատկացնելով անհրաժեշտ իրերին և ծառայություններին (սննդամթերք, կոմունալ, տրանսպորտ, ապահովագրություն, հագուստ), 30%–ը` սիրված և ցանկալի միջոցառումներին (ժամանց, նորաձև հագուստ, զարդեր, հոբբի և այլն), 20%–ը «հետ գցել» խնայողությունների տեսքով։ Ինչպես տեսնում ենք, այստեղ ամեն ինչ շատ պարզ է. կարելի է և' ծախսել, և' վայելել կյանքը։ Իհարկե հնարավոր չէ հաստատ նշել, որ ձեր եկամուտների մակարդակի դեպքում այս սխեման հարմար կլինի ձեր ընտանիքին, սակայն կարելի է փորձել։

Արդյունքում ի՞նչ ենք ստանում

Սա ամենագլխավոր հարցն է։ Նախևառաջ գիտակցեք, թե դուք ընդհանրապես ինչի համար եք որոշել զբաղվել ընտանեկան հաշվապահությամբ։ Ձեր նպատակն է սկսել ավելի քիչ ծախսել, քան վաստակում եք կամ կուտակել խոշոր գնում կատարելու, արտերկրում արձակուրդն անցկացնելու, չկանխատեսված ծախսերի համար գումար խնայելու, մինչև աշխատավարձ պարտքով գումար չվերցնելու համար։ Ծախսերի և եկամուտների հաշվարկը կհուշի, թե ինչի վրա կարելի է տնտեսել, խուսափել ավելորդ ծախսերից և, վերջապես, մոտենալ սեփական նպատակին։

Ի՞նչ կապ ունի Բենջամին Ֆրանկլինը

«Զգուշացեք մանր ծախսերից, փոքրիկ ճեղքը կարող է տապալել ամբողջ նավը»,– զգուշացնում էր Բենջամին Ֆրանկլինը։ Այո, այն նույն Ֆրանկլինը` ԱՄՆ–ի հիմնադիր այրերից մեկը, ում պատկերով թղթադրամն այդքան սիրում են ողջ աշխարհում։
Եթե երբևթ ծախսերի հաշվառում եք կատարել, ապա, վերլուծելով դրանք, կապշեք, երբ իմանաք, թե ձեր փողերի որքան մասն է գնում զանազան, հաճախ անպետք մանրուքների վրա։ Անսպասելիորեն կպարզվի, որ, օրինակ, օրական ամեն տուփ ծխախոտը կամ սրճարանում մեկ բաժակ սուրճը տարեկան կտրվածքով հավասարվում է Փարիզի ավիատոմսի արժեքի։ Ի դեպ, եթե վաղուց ցանկանում էիք թողնել ծխելը, ապա դա վատ մոտիվացում չէր լինի։

Այժմ ամեն ինչում պետք է տնտեսե՞լ

Միանգամից ասենք` բյուջե վարելը չի նշանակում ամբողջ ընտանիքով անցնել խիստ տնետսաման ռեժիմի և զրկվել կյանքի ուրախություններից։ Ավելի շուտ, հակառակը, ֆինանսական հաշվառումը թույլ կտա նույն եկամուտներով բարելավել կյանքի որակը։ Պարզ օրինակ` սովորական լամպերը փոխարինեք էներգախնայողներով, դադարեք միացված թողնել հեռուստացույցն ու համակարգիչը, և էլեկտրաէներգիայի տնտեսման հաշվին մնացած գումարն այլ նպատակի համար մի կողմ կդնեք։ Սովորաբար համարվում է, որ այնպիսի ծախսերի հաշվին, ինչպիսիք են սննդամթերքը, հնարավոր չէ տնտեսել։ Դա սխալ կարծիք է, եթե դուք արդեն կարգավորել եք ձեր ծախսերը, խանութ եք գնում միայն անհրաժեշտ մթերքների ցուցակում և չեք շեղվում դրանից։ Իսկ եթե գնումները ծրագրված չեն, ապա տնտեսման տեղ ունեք, այն էլ` ինչպիսի։ Տեսեք, թե որքան սնունդ եք դեն նետում ամեն շաբաթ և որքան է դա կազմում տարեկան կտրվածքով։ Եվս մի տոմս դեպի Փարիզ։

Արդյո՞ք, ունեք ծրագիր

Վերլուծելով ծախսերի/եկամուտների ցուցակը կարելի է անցնել նաև բյուջեի ծրագրմանը։ Ամենից պարզ եղանակը մեկամսյա ծրագրումն է, բայց ավելի ճիշտ է` մեկ եռամսյակի կամ մեկ տարվա ծրագրումը։ Եվ ահա ինչու։ Տարվա ընթացքում աշխատավարձերը և կենսաթոշակները ստանում եք հավասար գումարներով, իսկ ծախսերը տարվա ընթացքում անհավասարաչափ են բաշխվում, բացի այդ, կայուն ծախսերից բացի, կան նաև միանվագ և չնախատեսված ծախսեր։ Ձմռանն ավելի մեծ գումարներ են գնում կոմունալ ծախսերի վրա, օգոստոսին` դպրոցի պարագաների, կան նաև ձեր և ընկերների ծննդյան օրերը և այլն։ Կուտակումների համար նույնպես պետք է որոշակի ամսաթվեր սահմանել, նայած, թե ինչի համար եք կուտակում։ Այս ամենը պետք է հաշվի առնել բյուջեն ծրագրելիս։

Ի՞նչ է ասում վիճակագրությունը

Համարվում է, որ պարտադիր ծախսերը պետք է կազմեն ընտանեկան բյուջեի 50 տոոկսը, ժամանցային ծախսերը` 10-20 տոկոս և 30-40 տոկոս պետք է կազմեն կուտակումները։
Այս թվերը, անշուշտ, պայմանական են և պետք է պարզապես ուղղորդիչ համարվեն։ Հասկանալի է, որ փոքր եկամտով ընտանիքներում բյուջեի առյուծի բաժինն անհրաժեշտ ծախսերն են, մասնավորապես` սնունդը։ Վիճակագրության համաձայն, Հայաստանի քաղաքաղցիների սպառողական ծախսերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում սննդին։ Զարգացած երկրներում այդ ցուցանիշը շատ ավելի փոքր է։ Բայց դա առիթ չէ ընտանեկան բյուջե չպլանավորելու համար։ Հակառակը, ֆինանսական բարդ իրավիճակում բյուջեի ծրագրումը կարող է օգնել ճիշտ վերադասավորել եկամուտները և խուսափել պարտքերից։ Միաժամանակ, եկամուտների աճը չի նշանակում, որ դուք անպայման պետք է ավելացնեք ընթացիկ ծախսերը մինչև բյուջեի 50 տոկոսը։

Օրինակ 100 հազար դրամ եկամտի դեպքում 50 հազարը (բյուջեի 50%-ը) պարտադիր ծախսերի համար քիչ է, իսկ ժամանցի ծախսերի մասին խոսք անգամ չի կարող լինել: Միակ բանը, ինչ պնդում են անձնական ֆինանսների կառավարման բոլոր մասնագետները, ցանկացած, նույնիսկ նվազագույն եկամտի գումարի 10%-ը պահել անկանխատեսելի ծախսերի համար:

Եթե ձեր ընտանեկան բյուջեն կազմում էր 500 հազար դրամ և դուք ամսվա ընթացիկ ծախսերի վրա ծախսում էիք 250-300 հազար դրամ, ապա մինչև 1 մլն դրամ եկամտի ավելացման պարագայում բոլորովին պարտադիր չէ, որ ամսական ծախսերն ավելանան մինչև 500 հազար դրամ: Բոլորովին վատ չի լինի, եթե սննդի, կոմունալ վճարումների և այլ ծախսերը կազմեն ձեր բյուջեի 30%-ը: Այդ պարագայում մնացած գումարը կարելի է ուղղել խնայողություններին և ավելի արագ հասնել նպատակներին: Ամեն դեպքում, ցանկացած խորհուրդների պարագայում պետք չէ մոռանալ աչալրջության մասին:

Ինչպե՞ս չշեղվել ուղղուց

Ենթադրենք դուք պլանավորել եք ձեր բյուջեն և արդեն որոշել եք, թե որքան եք ծախսելու հաջորդ ամիս և որքան եք հատկացնելու խնայողություններին: Իսկ ի՞նչ անել հետո: Գումարը ստանալուն պես առաջինը, ինչ հարկավոր է անել, զբաղվում եք այն գումարով, որը մտադիր եք խնայել: Ոչ թե ուղղակի պահում եք ողջ գումարը, այլ բաշխում` ըստ կատեգորիաների: Օրինակ, 10%-ը արձակուրդի համար, 10%-ը` ապագա մեկանգամյա ծախսերի, ասենք ԱՊՊԱ-ի, Ամանորյա տոնակատարության և այլ նպատակների համար, 10%-ը` չկանխատեսված ծախսերի համար։ Ավելի լավ է այդ գումարը անմիջաապես փոխանցել առանձին բանկային հաշվեհամարի կամ բանկային ավանդի, որպեսզի ծախսելու գայթակղություն չառաջանա:
Բյուջեի այն մասը, որը հատկացվելու է անհրաժեշտ ամսական ծախսերին, ավելի լավ է բաժանել և բաշխել չորս ծրարների միջև` մեկական ծրար յուրաքանչյուր շաբաթվա համար: Այդպես ավելի հեշտ կլինի ինքդ քեզ կառավարել:

Մեկ բան էլ: Ծրագրածին հետևելն այդքան էլ հեշտ չէ: Սկզբում դուք անպայման կշեղվեք և նորից կծախսեք նախատեսածից ավել: Սարսափելի չէ, սկսեք հաջորդ ամսվանից, և դուք աստիճանաբար կգնահատեք հաշվարկված կյանքի առավելությունները: -0-