Նարինե Իսահակյան. բիզնեսում չի կարելի կանգ առնել, պետք է միշտ զարգանալ
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Տնտեսապես ակտիվ հայուհիների շրջանում ինքնազբաղվածության խնդիրը բավականին ակտուալ է, հատկապես մարզերում, որտեղ գործազրկության մակարդակն ավելի բարձր է, քան մայրաքաղաքում։ Այսպես, վերջերս հրապարակված «Կանայք, բիզնեսն ու օրենքը 2018» ՀԲ զեկույցի համաձայն, Հայաստանում իգական սեռի ներկայացուցիչների թիվը 1 580 790 է, միաժամանակ 46,6%–ը կամ 102,2 հազար կին գործազուրկ է։ Բազմաթիվ կանայք լուծում են գործազրկության խնդիրը`հիմնելով սեփական բիզնեսը, և ինքնազբաղվածության խնդրի նման հաջող լուծման օրինակներ կան ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հաջող բիզնեսի սեփական գաղտնիքներն է ներկայացրել «ISAHAKYAN CENTRE» ընկերության հիմնադիր ու ղեկավար Նարինե Իսահակյանը, ով բնակվում և աշխատում է Արմավիրում։
«Նովոստի–Արմենիա». Տիկին Իսահակյան, պատմեք` ինչո՞վ է եք այսօր զբաղվում։
Ն. Իսահակյան. Հիմա ես կառավարում եմ իմ կողմից հիմնած երեք բիզնեսները` կահույքի ներկրում, նախադպրոցական ուսումնական հաստատություն–քոլեջ, որտեղ մենք դպրոցին ենք պատրաստում 3–6 տարեկան երեխաներին և գեղեցկության սրահ։ Ինչպես տեսնում եք, աշխատում եմ շատ տարբեր ոլորտներում, սակայն, որպես նախկին մանկավարժ, ինձ առավել մոտ է կրթության ոլորտը։ Այդ պատճառով հենց սկսեցի գումար վաստակել, շատ ցանկացա ինչ–որ հետաքրքիր նախագիծ իրականացնել կրթության ոլորտում։
«Նովոստի–Արմենիա». Նախադպրոցական ուսումնական հաստատություններն այդքան էլ շատ չեն։ Ինչպե՞ս մտածեցիք բացել հենց նման քոլեջ։
Ն. Իսահակյան. Տարիներ առաջ իմ երեխաներն այցելում էին նախադպրոցական ուսումնական հաստատություն Երևանում։ Մի օր ես մտածեցի. «Իսկ ինչու՞ նմանատիպ ուսումնական հաստատություն չբացել մեզ մոտ` Արմավիրում»։ Եվ ես բացեցի։ Երբ Արմավիրում նման քոլեջ բացեցի, Երևանում դրանց թիվն այդքան էլ մեծ չէր։ Սկզբում իմ քոլեջը երևանյան նմանատիպ հաստատություններից մեկի մասնաճյուղն էր, իսկ հետո ես ստացա լիցենզիա և առանձնացա։ Ընդ որում, ինձ համար շատ կարևոր էր, որպեսզի իմ քոլեջում երեխաները ստանան ոչ միայն գիտելիք, այլև դաստիարակություն։ Մեր քոլեջը գործում է արդեն 15 տարի, և Արմավիրի մարզի բազմաթիվ երեխաներ հենց այստեղ են ստացել իրենց ուսման առաջին փորձը։
Սակայն դպրոցներում նախադպրոցական խմբերի բացումը բացասաբար ազդեց մեր բիզնեսի վրա, չնայած որ մեր և′ պայմաններն են ավելի լավը, և′ երեխաների նկատմամբ մոտեցումն ինդիվիդուալ է։ Լավագույն տարիներին մեզ մոտ ուսում էր ստանում մինչև 150 երեխա, իսկ հիմա` մոտ 50։
«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս էր սկսվում ձեր առաջին բիզնեսը։
Ն.Իսահակյան. 1988 թվականին մենք ամուսնուս հետ զբոսաշրջային խմբով հանգստանում էինք Լեհաստանում: Ուղևորության ավարտին հայտնվեցինք ոչ մեծ Զակոպանե քաղաքում: Հանգիստն ավարտվում էր, և մենք պետք է նվերներ գնեինք հարազատներին: Մտանք մի փոքր, բայց շատ հաճելի խանութ, նվերներ ընտրեցինք, և պարզվեց, որ մեր գումարը չի բավարարում: Վաճառողուհին ասաց. «Բան չկա, մյուս անգամ կվճարեք»: Ես զարմացա և հարցրի, թե չի զայրանա արդյոք խանութի տերը: Նա պատասխանեց, որ հենց ինքն էլ տերն է:
Այդ պատմությունը մխրճվեց հիշողությանս մեջ, և շատ ցանկացա, որ նման մի խանութ ունենամ… Արդեն մի քանի տարի անց, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, մենք ամուսնուս հետ, ինչպես շատերն այն ժամանակ, ստիպված եղանք առևտրով զբաղվել. հայկական ապրանքներ էինք տանում Լեհաստան, իսկ այնտեղից լեհականն էինք բերում, իսկ հետո բացեցինք մեր խանութը: Դա մեր առաջին բիզնեսն էր, որն աստիճանաբար աճում էր և հասավ այսօրվա սուպերմարկետի ծավալների: Մեր երրորդ բիզնեսը` գեղեցկության սրահը, ես բացեցի մոտ 12 տարի առաջ: Այն կայուն եկամուտ է բերում, քանի որ նմանատիպ ծառայությունները միշտ պահանջարկ ունեն:
«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ խնդիրների հետ եք ստիպված եղել բախվել բիզնեսում։
Ն.Իսահակյան. Տարածաշրջանի գլխավոր խնդիրը որակյալ կադրերի պակասն է: Արմավիրի մարզը մայրաքաղաքից հեռու է, բացի այդ, բազմաթիվ լավ մասնագետներ ձգտում են այստեղից գնալ Երևան, որտեղ և′ հաջողվելու, և′ եկամտի հնարավորություններն ավելի մեծ են:
«Նովոստի-Արմենիա». Իսկ կոնկրետ ի՞նչ մասնագետների կարիք ունեք։
Ն.Իսահակյան. Նախևառաջ, մեզ պետք են լավ մենեջերներ: Մենք մեր սուպերմարկետը բացել ենք նախորդ տարվա դեկտեմբերին և արդեն հինգ մարդ ենք փոխել:
«Նովոստի-Արմենիա». Սուպերմարկետ կառավարելը դյուրին գործ չէ: Ի՞նչ բարդությունների հետ եք բախվում հիմնականում:
Ն.Իսահակյան. Նախևառաջ, հարկային օրենսդրության հաճախակի փոփոխություններն են: Հազիվ հասցնում ենք հարմարվել փոփոխություններին, դրանց հաջորդում են նորերը: Խանգարում են նաև անհիմն ստուգումները: Կան փաստաթղթային խնդիրներ: Ապրանք ձեռք բերելիս միշտ չէ, որ կարողանում ես համապատասխան փաստաթղթեր ստանալ վաճառողից և ներկայացնել հարկային տեսչությանը: Դրանք և′ ինվոյսներն են, և′ համապատասխան տեղեկանքները և այլն: Օրենսդրությունում կան հակասություններ, որոնք խանգարում են հանգիստ աշխատելուն: Բարձր տոկոսադրույքները վարկերը քիչ հասանելի են դարձնում և, ունենալով լավ բիզնես գաղափար, միշտ չէ, որ կարողանում ես այն կյանքի կոչել:
«Նովոստի Արմենիա». Ինչպիսի՞ դժվարությունների հետ եք բախվում որպես կին գործարար:
Ն. Իսահակյան. Կնոջ համար ավելի դժվար է ստանալ իր բիզնեսի համար անհրաժեշտ տեղեկություն: Տղամարդկանց մոտ դա ավելի հեշտ է ստացվում։ Օրինակ, ժամանակին ես ցանկանում էի հիմնել կահույքի արտադրության սեփական արտադրամաս, սակայն այնքան դժվարությունների հանդիպեցի, որ ստիպված եղա հրաժարվել այդ գաղափարից ու զբաղվել միայն կահույքի ներմուծմամբ:
«Նովոստի Արմենիա». Ըստ ձեզ, ո՞ր ոլորտում է կանանց ավելի հեշտ հաջողության հասնել:
Ն. Իսահակյան. Կարծում եմ, որ դա կարող է լինել կրթության ոլորտում: Կարելի է փորձել հիմնել կարի արտադրություն կամ բացել գեղեցկության սրահ: Ամեն դեպքում, բիզնեսը հեշտ գործ չէ կանանց համար:
«Նովոստի Արմենի». Այդ դեպքում արժե՞ ռիսկի գնալ։
Ն. Իսահակյան. Պետք չէ վախենալ: Հարկավոր է դրսևորել վճռականություն ու կարողանալ ռիսկի դիմել, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:
«Նովոստի Արմենիա». Գործնական ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին, ովքեր ցանկանում են հիմնել սեփական բիզնեսը:
Ն. Իսահակյան. Խորհրուրդ կտամ չվախենալ սխալվել, քանի որ անհնար է ինչ-որ նոր բան ստեղծել ու սխալներ չանել, սակայն պետք է դասեր քաղել այդ սխալներից ու առաջ շարժվել: Հիմա կա համացանց, շատ ինֆորմացիա, բազմաթիվ հաջողված օրինակներ, հնարավոր է ստանալ խորհրդատվություն, կան վերապատրաստման դասընթացներ, գործում են բազմաթիվ ծրագրեր:
Այսօր երիտասարդները փոքր միջոցներով կարող են սկսել իրենց բիզնեսը ու հաջողությունների հասնել: Մեր ժամանակ ամեն ինչ ավելի բարդ էր, չկար համացանց, չկար փորձ, չէինք կարող հարցնել որևէ մեկից: Առաջնորդվում էինք միայն մեր ինտուիցիայով ու սովորում էինք սեփական սխալների վրա:
«Նովոստի Արմենիա». Ձեր կարծիքով, ո՞րն է հաջողության բանաձևը:
Ն. Իսահակյան. Բիզնեսում պետք է ազնիվ լինել և′ ինքդ քո հանդեպ, և′ գործընկերների ու հաճախորդների նկատմամբ։ Պետք է լինել համբերատար ու աշխատասեր: Բիզնեսում չի կարելի կանգ առնել, պետք է միշտ զարգանալ, ստեղծել նորը։
Եթե բավարարվես ձեռք բերածով ու կանգ առնես, ապա քո բիզնեսը կմահանա: Պետք է սիրել այն, ինչով զբաղվում ես ու ստեղծագործական մոտեցում դրսևորել:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-

