ԿԲ–ն երաշխավորների իրավունքների պաշտպանության նոր պահանջներ է ներդրել. ի՞նչ է դա նշանակում

27.09.2017, 10:58
2017 թ.–ի հոկտեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն գործել երաշխավորների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ ԿԲ–ի նոր պահանջները:
ԿԲ–ն երաշխավորների իրավունքների պաշտպանության նոր պահանջներ է ներդրել. ի՞նչ է դա նշանակում

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/.  2017 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն գործել երաշխավորների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի նոր պահանջները: Նորամուծությունն իրականացվում է ոչ միայն այն պատճառով, որ երաշխավորները պաշտպանության կարիք ունեն։ Դա նաև հանրության ահազանգերի նկատմամբ յուրօրինակ արձագանք է առ այն, որ վարկային հաստատությունները երաշխավորներին պատշաճ կերպով չեն բացատրում բոլոր հնարավոր ռիսկերը, իրավունքները և պարտականությունները մինչև պայմանագրի կնքումը:

Բարի գո՞րծ,  թե՞ ավելորդ գլխացավանք

 - рис.1

Դուք որոշե՞լ եք բանկում կամ վարկային հաստատությունում դառնալ վարկառուի երաշխավոր: Վստահում եք ձեր հարազատներին և ցանկանում եք աջակցե՞լ նրանց: Բավականին գովելի որոշում է, սակայն որոշ դեպքերում նման որոշումը կարող է ունենալ ոչ այդքան հաճելի, երբեմն` նույնիսկ տհաճ հետևանքներ:

Ի վերջո, երաշխավորումը պարզապես ստորագրություն չէ, որպեսզի ձեր ծանոթ ու բարեկամները կարողանան վարկ ստանալ, դա լուրջ իրավական գործարք է, որը կարող է ֆինանսական խնդիրներ առաջացնել երաշխավորի համար ու տհաճ դատավարությունների պատճառ դառնալ, չհաշված փչացած հարաբերությունները բարեկամների հետ:

Ինչու՞ են հարկավոր նոր պահանջներ

Հաճախ բացի երաշխավորի համաձայնությունից և ստորագրությունից, բանկերի և վարկային կազմակերպությունների աշխատակիցները նրա հետ որևէ կերպ չեն փոխգործակցում, իսկ մինչև պայմանագիր կնքելը շատ դեպքում անգամ չեն պարզաբանում հնարավոր բոլոր ռիսկերը, իրավունքներն ու պարտավորությունները։ Այդ պատճառով Կենտրոնական բանկը ներդրել է ոչ միայն պահանջներ` երաշխավորի շահերը պաշտպանելու համար, այլև երաշխավորների հետ վարկային կազմակերպությունների շփման և փոխգործակցության կանոնների ժողովածու, չնայած Քաղաքացիական օրենսգրքում ընդհանուր առմամբ ներկայացված են նրանց կանոններն ու պարտավորությունները։ Տանդեմի` վարկային կազմակերպություն–երաշխավոր գործարար վարվելակերպի կանոններին այսուհետ կարելի է ծանոթանալ ԿԲ–ի առանձին կանոնակարգում (8/06): 

Եվ ի՞նչն է այստեղ նոր

ԿԲ–ի նոր կանոնակարգում առանձին շեշտադրված է վարկատուի և երաշխավորի միջև հաղորդակցության ու փոխգործակցության ավելացման, իրազեկման անհրաժեշտությունը։ Միաժամանակ, փոխառուի համար որպես երաշխավոր հանդես եկող մարդկանց ևս հնարավորություն է տրվում վերահսկել վարկի հետ կապված իրավիճակը։
  
Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 - рис.2

Հիմա երաշխավորներն իրենց կզգան շատ ավելի պաշտպանված, եթե հստակ հետևեն կարգավորչի նոր կանոններին, քանի որ նրանք.

– մինչ պայմանագրի ստորագրումն իրազեկված կլինեն այն մասին, որ փոխառուի կողմից վարկի հետ կապված պարտավորությունները չկատարելու դեպքում երաշխավորները ոչ միայն ստիպված կլինեն վճարել տուգանքներ, այլև կարող են զրկվել իրենց ունեցվածքից,

- կկարողանան ինքնուրույն ընտրել վարկատուների հետ հաղորդակցման միջոցը: Օրինակ, փոստային հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ,

- այսուհետ նրանց կտրամադրվի պայմանագրի կրկնօրինակը և վարկի մարման ժամանակացույցը: Իսկ վարկային պայմանագրի պայմանների ենթադրվող փոփոխությունների դեպքում նրանք կիրազեկվեն այդ մասին 7 օրվա ընթացքում,

- ցանկացած ժամանակ կարող են վարկառուից պահանջել վարկային մնացորդի չափի մասին տեղեկություն:

Միաժամանակ`

 - рис.3

- վարկային կազմակերպությունը պարտավոր է իրազեկել նրանց վարկառուի կողմից պարտավորությունների կատարման սահմանված ժամկետից գոնե մեկ օր առաջ մարման ենթակա պարտավորությունների առկայության մասին,

- վարկային կազմակերպությունը պարտավորվում է իրազեկել երաշխավորին երաշխավորման և երաշխավորվող պարտավորությունների պայմանագրում տեղ գտած էական փոփոխությունների մասին տվյալ փոփոխությունների` ուժի մեջ մտնելուց 7 օր առաջ: Միաժամանակ, երաշխավորները կունենան յոթ օր` վարկատուի պահանջով իրենց պարտավորությունները կատարելու համար: -0-