ՀՀ ԿԲ–ն ֆինանսական կրթման թրեյներներ կպատրաստի

01.02.2018, 17:08
ՀՀ ԿԲ–ն նախաձեռնում է ֆինանսական կրթման թրեյներների պատրաստման դասընթացներ:

ՀՀ ԿԲ–ն ֆինանսական կրթման թրեյներներ կպատրաստի

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կենտրոնական բանկը «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» և«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրերի շրջանակում նախաձեռնում է ֆինանսական կրթման թրեյներների պատրաստման դասընթացներ:

Նախատեսվում է, որ դասընթացներին կմասնակցեն Հայաստանի բոլոր մարզերի, Երևանի և Արցախի ներկայացուցիչները։ Ֆինանսական կրթման թրեյներների վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո նրանք պետք է իրականացնեն անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ դասընթացներ՝ ուսուցիչների և գյուղական համայնքների բնակիչների համար:

Ով կարող է մասնակցել

 - рис.1

Ֆինանսական կրթման թրեյներների ծրագրին կարող են մասնակցել ֆինանսական/տնտեսագիտական կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) ունեցող անձինք, ովքեր ունեն նմանատիպ աշխատանքային փորձ, ինչպես նաև նրանք, ովքեր պատրաստ են ձեռք բերելու նոր գիտելիք և փոխանցել այն, ունեն հաղորդակցման զարգացած հմտություններ։ Լեզուների իմացությունը ցանկալի է։ Յուրաքանչյուր մարզից ընտրվելու են սահմանափակ քանակությամբ թրեյներներ` հայտադիմումի և հարցազրույզի արդյունքների հիման վրա:

Ուսուցում

Հարցազրույցի փուլը հաջողությամբ անցած դիմորդները պարտադիր պետք է մասնակցեն թրեյներների վերապատրաստման 5-7-օրյա դասընթացի, որը հնարավորություն կտա նրանց զինվել անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով՝ հետագայում արդյունավետ և որակյալ դասընթաց իրականացնելու նպատակով: Վերապատրաստման դասընթացին մասնակցությունն անվճար է. տեղափոխման, գիշերակացի և սնունդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Ժամկետներ

 - рис.2

Թրեյնինգներին մասնակցելու հայտադիմումներն ընդունվում են մինչև փետրվարի 12–ը abcfinance.am@gmail.com  էլեկտրոնային հասցեով։ Թրեյներների վերապատրաստման դասընթացները կմեկնարկեն մարտին, ինչից հետո թրեյներները 2018 թ.–ի ապրիլից մինչև նոյեմբեր պետք է կրթեն մարզի տարբեր թիրախային խմբերի` ըստ սահմանված ժամանակացույցի։ Միաժամանակ, հնարավոր կլինի համատեղել հիմնական աշխատանքի հետ։

Սա անվճա՞ր աշխատանք է

Թրեյներների աշխատանքը վարձատրվելու է։ Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած թրեյների հետ կնքվելու է պայմանագիր, որի համաձայն նա վարձատրվելու է գործարքային սկզբունքով յուրաքանչյուր իրականացված դասընթացի համար:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում։–0–