ՀԲ–ի հետազոտություն. ի՞նչն է խանգարում գործարար հայուհու կարիերային

05.04.2018, 11:04
Ժամանակակից հայուհուն հասանելի են ինստիտուտներն ու ունեցվածքը տնօրինելու հնարավորությունը։ Նա մեծ դժվարություններ չի ունենում նաև աշխատանքի տեղավորման հետ կապված: Սակայն դատական համակարգի հասանելիությունը սահմանափակ է մեր կանանց համար, նրանց համար նաև դժվար է վարկ ստանալ:
ՀԲ–ի հետազոտություն. ի՞նչն է խանգարում գործարար հայուհու կարիերային

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Ժամանակակից հայուհուն հասանելի են ինստիտուտներն ու ունեցվածքը տնօրինելու հնարավորությունը։

Նա մեծ դժվարություններ չի ունենում նաև աշխատանքի տեղավորման հետ կապված: Սակայն դատական համակարգի հասանելիությունը սահմանափակ է մեր կանանց համար, նրանց համար նաև դժվար է վարկ ստանալ: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի խմբի «Կանայք, բիզնեսն ու օրենքը 2018» զեկույցում, որում դիտարկվում են այն օրենքները, որոնք դժվարացնում են կանանց աշխատանքային և ձեռնարկատիրական գործունեությունն աշխարհի 189 երկրներում, այդ թվում` Հայաստանում:

Այս ուսումնասիրությունն Համաշխարհային բանկը հրապարակում է երկու տարին մեկ անգամ: Ներկա` հինգերորդ զեկույցում առաջին անգամ կիրառվում է 100 բալանոց սանդղակ, որը թույլ է տալիս ավելի հստակ հետևել առաջընթացին բարեփոխումների իրականացման գործում:  

Մասնավորապես, մոնիտորինգ անցկացված ամեն երկրի համար սահմանվում են վարկանիշային միավորներ զեկույցով նախատեսված յոթ ցուցանիշներից յուրաքանչյուրով` գույքի տնօրինում, աշխատանքի տեղավորում, աշխատանքային գործունեության խթանում, ինչպես նաև ինստիտուտների, դատական համակարգի, վարկերի նկատմամբ հասանելիություն և կանանց պաշտպանությունը բռնություններից:

Զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ ոչ մի երկրի չի հաջողվել հավաքել առավելագույն միավոր (100) յոթ ցուցանիշներից յուրաքանչուրով:Լավ ցուցանիշներ ունեցող երկրների թվում են Միացյալ Թագավորությունը, Նոր Զելանդիան ու Իսպանիան: Որպես կանոն, ամենաբարձր միջին միավորներ ցուցաիշների մեծամասնությամբ հավաքում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն անդամ երկրները` եկամտի բարձր մակարդակով:

Իրավիճակը Հայաստանում

Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, առավելագույն 100 միավորը Հայաստանը ստացել է «հասանելիություն ինստիտուտների նկատմամբ » և «ունեցվածքի տնօրինում» ցուցանիշներով: Հայաստանը բարձր միավորներ հավաքել է նաև «աշխատանքի տեղավորում» (86 միավոր) ու «աշխատանքային գործունեության խթանում» (80 միավոր) ցուցանիշներով:

 - рис.1

Սակայն «հասանելիություն դատական համակարգի նկատմամբ» ցուցանիշով Հայաստանը հավաքել է 50 միավոր, ավելի ցածր միավորներ ՀՀ-ն ստացել է «վարկերի հասանելիություն» (25 միավոր) ու  «կանանց պաշտպանությունը բռնությունից» (20 միավոր) ցուցանիշներով:

Զեկույցում նշվում է, որ կանանց թիվը Հայաստանում կազմում է 1 580 790: Ըստ վիճագրական ծառայության, 2017 թ.-ին Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 021.4 հազար մարդ, որից 54,7% կամ 1 106.9 հազարը կանայք են:

Միաժամանակ, Հայաստանի տնտեսական ակտիվ բնակչության թիվը կազմում է 1230.8 հազար մարդ, որից 47,4%-ը կամ 584.6 հազարը կանայք են: Գործազուրկների թիվը Հայաստանում կազմել է 218.9 հազար մարդ, որից 102.2 հազարը կանայք են (մոտ 46,6%): Այսպիսով, գործազրկության մակարդակը կանանց շրջանում կազմում է 17,4%, իսկ ընդհանուր մակարդակը` 17,7%։

Ինչպես նշվում է զեկույցում, Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը, առաջընթաց են արձանագրել գենդերային հավասարության ապահովման հարցում. վերջին երկու տարում նրանք իրականացրել են 15 իրավական բարեփոխումներ, որոնք ուղղված են կանանց մասնակցության ընդլայմանը տնտեսական կյանքում:

Սակայն տարածաշրջանի երկրները հետ են մնում բռնությունից կանանց համապատասխան պաշտպանության ապահովման հարցում, հատկապես աշխատավայրում: Տարածաշրջանում շատ են տարածված կանանց կողմից որոշակի գործերի կատարման սահմանափակումները։

Գենդերային խոչընդոտներն աշխատաշուկայում

 - рис.2

ՀԲ զեկույցում նշվում է, որ վերջին երկու տարում 65 երկրների կառավարությունները միջոցներ են ձեռնարկել տնտեսական կյանքում կանանց մասնակցությունը ընդլայնելու ուղղությամբ` իրականացնելով 87 իրավական բարեփոխումներ: Միաժամանակ կանայք հաճախ բախվում են օրենսդրորեն ամրագրված խոչընդոտների հետ, որոնք թույլ չեն տալիս նրանց աշխատանք ստանալ կամ բացել սեփական գոծը` սահմանափակելով վարկային հասանելիությունը կամ ամուսնական ունեցվածքը վերահսկելու հնարավորությունը:

Այսպիսով, 104 երկրներում կանանց արգելվում է աշխատել գիշերային ժամերին  կամ որոշ ոլորտներում, այդ թվում` վերամշակող արդյունաբերության, շինարարության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրամատակարարման ու տրանսպորտի ոլորտներում: Դա նեղացնում է հնարավորությունների շրջանակն ավելի քան 2,7 մլրդ կանանց համար:

Զեկույցում նշվում է, որ այն երկրներում, որտեղ աշխատանքային օրենսգրքում ամրագրված է գենդերային հավասարության սկզբունքը, ավելի բարձր է նաև աշխատող կանանց մասնաբաժինը և եկամուտների մակարդակը` տղամարդկանց աշխատավարձի համեմատ:

Հետազոտողների գնահատմամբ, որոշ երկրներում արտադրանքի արտադրության ցուցանիշներում առկա տարբերությունները բնակչության մեկ շնչի հաշվով մեծամասամբ կարող են պայմանավորված լինել գենդերային անհավասարությամբ։ Շատ երկրներ կարող էին ավելացնել  արտադրությունը մեկ շնչի հաշվով ` հակազդելով գենդերային խոչընդոտների ստեղծմանն աշխատաշուկայում:-0-

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-