«Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմն արժանացել է Վատիկանի հեղինակավոր մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Վատիկանի Առաքելական գրադարանի «Սիքստինյան» սրահում կայացել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառման շրջանակում ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Սիգմա» կարճամետրաժ ֆիլմի բեմադրող ռեժիսորն Արամ Մանուկյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Կարեն Ծատուրյանը, բեմադրող օպերատորը՝ Ռոմեն Ծատուրյանը, կոմպոզիտորը՝ Հայկ Ներսեսյանը, պրոդյուսերը՝ Դավիթ Ջինանյան, սցենարի հեղինակն Աշոտ Դանիելյանն է: «Սիգման» առաջին հայկական ֆիլմն է, որը ցուցադրվել է Վատիկանում։
«Ֆիլմը լցված է հոգևոր և երկրային սիմվոլներով: Գիշերը հեռու, բայց մոտ պատերազմի թրթռացող լույսի ներքո է, որոտի և դողացող վրանների ֆոնին: Օպերատորը պատկերում է տեսարաններ Կարավաջոյի ոճով, իսկ գլխավոր հերոսի դեմքը խիզախ հույս է արտահայտում: Տերունական աղոթքն առկա է հացի մեջ, որը նա թխում է և կիսում իր ընկերների հետ: Մնում է միայն աղոթքը՝ բարձրագույն, առեղծվածային, բարձրացող ցանկացած խրամատից վեր»,- ասվում է Վատիկանի կայքում։
Վատիկանում ֆիլմի ցուցադրությանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։