Երևանում տեղի կունենա Գարիկ Մաշկարյանի «Մարտական եղբայրություն» ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Գարիկ Մաշկարյանի «Մարտական եղբայրություն» ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 8-ին, ժամը 19:00-ին, Երևանի Կինոյի տանը։
Ֆիլմը նվիրված է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին և պատմում է Խորհրդային Միության հերոս, կործանիչի օդաչու Վազգեն Օգանեսովի հերոսական սխրանքի մասին։ 1945 թվականի ապրիլին նա մասնակցել է մի գործողության, որը խափանել է Հիտլերի՝ Բեռլինից գաղտնի տարհանման փորձը։ Կարելի է ասել, որ այդ գործողությունն ինչ-որ չափով մոտեցրել է կապիտուլյացիայի ակտի ստորագրման օրը։ Այդ սխրանքի համար լեյտենանտ Օգանեսովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Երևանյան ցուցադրությանը կմասնակցեն ֆիլմի ռեժիսոր Գարիկ Մաշկարյանը և պրոդյուսեր, հաղորդավար Ռուբեն Փաշինյանը։
«Մարտական եղբայրություն» ֆիլմը մեկնարկում է փաստագրական ֆիլմերի շարք, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հայազգի անհայտ հերոսներին։ Այս նախագիծը նպատակ ունի վերականգնել պատմական հիշողությունը և պատմել այն մարդկանց մասին, ում սխրանքներն անարդարացիորեն մոռացված են։ Հաջորդ ֆիլմը նախատեսվում է նվիրել Ստեփան Մարտիրոսյանին՝ մի մարդու, ով գերմանացիների նահանջից հետո փրկել է Կիևը՝ ականազերծելով կատակոմբները, որոնցով հետագայում անցել է մետրոյի գիծը։ Նրա պատմությունը ինքնազոհության և լուռ հերոսության վառ օրինակ է։ Շարքը կոչված է հիշեցնել, որ Հաղթանակը բազմաթիվ անուններ ունի, որոնց թվում շատ են հայկականները։