Աշխարհի 35 լեզուներով թարգմանված Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքն ուղարկվել է տիեզերք (ՖՈՏՈ)
10.01.2025,
14:42
Տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանները նշանավորվում են նաև տիեզերքում։
Ի նշանավորումն թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանի՝ պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի միջնորդությամբ Ղազախստանի Բայկոնուր քաղաքի տիեզերակայանից տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը, հայտնում են Եղիշե Չարենցի տուն–թանգարանից։
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Թանգարանից նշում են, որ 1975 թվականի հունվարի 10-ին առաջին անգամ թանգարանն իր դռները բացեց այցելուների առաջ: